Արմավիրի մարզի Նորավան գյուղի անտառի հիմնադիր Հովհաննես պապն այնքան է ծերացել, որ անգամ դժվարանում է խոսել: Հովհաննես պապիկին Նորավանում բոլորն այդպես են ներկայացնում` անտառի հիմնադիր:
Ի՞նչ իմանար պապը, որ անտառն այսօր դառնալու է մեծահարուստների սեփականությունը, ու իրենք էլ գյուղացիներով անտառին նայելու են միայն հեռվից: Կամ` ինչպե՞ս կարող էր այդ տարիներին անտառի հիմնադիրը երեւակայել, որ, ասենք, Երեւանի Օրբելի փողոցի բնակիչ Ռոզա Խաչատրյանը, ավելի ճիշտ` ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանի զոքանչը, Նորավանի անտառում ունենալու է 39 հա սեփական հողատարածք, կամ հոկտեմբերյանցի «Մեբելի» Միսակը սեփականացնելու է անտառի 10,33 հա-ը, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանի հորեղբոր տղա Արթուր Միքայելյանն իր 5 հա-ն է ունենալու, եւս 3 հա ունենալու է Տիգրան Հերոյանը` Արմավիրի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ գործերի կառավարչի տեղակալ Ալբերտ Հերոյանի եղբոր տղան, որն էլ Ա. Հերոյանի վարորդն է եղել: Հովհաննես պապը նաեւ չէր կարող երեւակայել, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի աներոջ որդին` Հովհաննես Լազարյանը, 2,7 հա մասնաբաժնի տերն է լինելու, իսկ 3 հա հողատարածքի սեփականատերն էլ Անտառտնտեսության նախկին պետ Վոլոդյա Շահվերդյանն է լինելու: Այսքանով չի եզրափակվում անտառի սեփականատերերի անունները. մեզ հաջողվեց մի շարք անուններ բացահայտել: Օրինակ` Ավետիք Դարբինյան անունով մեկը անտառի 5,8 հա-ն է սեփականաշնորհել, Գեորգի Եփրեմյանը` 2,25 հա, Գուրգեն Հակոբյանը` 5 հա, Հրանտ Մկրտչյանը` 2,25 հա, Պրաքսի Ենգիբարյանը` 5 հա, Գեւորգ Պողոսյանը` 8 հա, Ռազմիկ Ավետիսյանը` 3 հա, Մեխակ Մխիթարյանը (նախկին պատգամավոր)` 5,8 հա, Բաբկեն Արշակյանը (Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներից մեկի ամուսինը)`
3 հա, ԱԺ պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը` 24 հա: Ընդհանուր առմամբ, Նորավանի 157 հա անտառային հողերի 126,88 հա-ը սեփականաշնորհվել է, ու եւս 7 հա վարձակալության է տրվել Սերյոժա Սաֆարյանին: Ստացվում է 133,88 հա: Ի դեպ, վաճառողները չեն «մոռացել» եւ գյուղի բնակիչներին անվճար մոտ
4 հա հողատարածք են տրամադրել` գերեզմանոցի համար: Անտառային հողերի այս վաճառքը կատարվել է 2004թ. աշնանը, որից մի տարի հետո` 2005թ. ապրիլի 4-ին, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման տեղեկանքի մեջ այս սեփականատերերի իրավունքները համարվել են պետական գրանցում չունեցող: Սակայն կարճ ժամանակ հետո կազմակերպվել է կրկնաճուրդ, եւ դրանից հետո գյուղացիներն այլեւս չեն իմանում, թե ովքեր են նոր սեփականատերերը: Նրանց ավելի շատ հուզում է այն, թե ինչպես պետությունը 70 տարեկան Նորավանի անտառն օտարեց` պատճառաբանելով, որ այն այլեւս չի պատկանում գյուղին:
Արմավիրի մարզպետարանի Իրավաբանական վարչության պետ Յուրի Մանվելյանը մեզ հետ առանձնազրույցում` պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ է անտառային հողերի ներկայիս սեփականատերերի անունները գաղտնի պահում, ասաց. «Բացարձակ գաղտնի չեն պահվում: Գիտեք, քանի տեղ եմ ասել: Հիմա չունեմ մոտս: Էդ Սմբատ Աբգարյանի մոտ էլ կա»: Ս. Աբգարյանն, ի դեպ, գյուղի անտառային հողերի վարձակալներից է, ով էլ մեզ տրամադրել էր անտառի սեփականատերերի վերոնշյալ անունները: Այսինքն` ստացվում է, որ կրկնաճուրդում սեփականատերերը մնացել են անփոփոխ:
Ջրվորներն ու ջրվորների ջրվորները
1927թ. հիմնադրված գյուղն ու փոքր-ինչ ուշ նաեւ նոր անտառը` գյուղի ամենատարեց պապ Հովհաննեսը, այդպես էլ չհիշեց, նայեց ինձ ու կոկորդում բառերը մի տեսակ գոլացան: Այդպես էլ չհասկացա, թե ինչ էր ուզում ասել անտառի հիմնադիրն անտառի ներկա վիճակի մասին: Նրա փոխարեն գյուղի բնակիչները հիշեցին անտառի անցյալն ու ներկա խնդիրների թնջուկը:
«Այս անտառը ստրատեգիական մեծ նշանակություն ունի: Էն ժամանակ, որ անտառ չկար, հենց քամին մի փոքր շշնջում էր` Արմավիրի աղբանոցի ամբողջ հոտը լցվում էր գյուղ: Իսկ էսօր չկա էդ խնդիրը: Էսօր ամեն ինչից պաշտպանված ենք` քամուց, փոշուց ու ամեն ինչից»,- նշում է գյուղի բնակիչ Սմբատ Աբգարյանը: Նա միակն է, ով մինչ այսօր, այսպես ասած, զենքերը վայր չի դնում եւ չի հանձնում իր վարձակալած հողերը: Նշենք, որ շուրջ 30 գյուղացի ստիպված է եղել հանձնել անտառային հողերը: Դեռ 1999թ. Սմբատ Աբգարյանին փորձագիտական նպատակով հատկացվել է ԱՄՆ-ից բերված ամերիկյան ու կանադական 1500 արագաճ բարդիներ, որոնք նա պետք է աճեցներ «Հայանտառից» վարձակալած տարածքում: Պայմանագրի վերջնաժամկետը 2010թ. նոյեմբերի վերջն էր: Ընդ որում` այստեղ կարեւոր է այն հանգամանքը, որ այդ ծառերը ենթակա չեն հատման: Մինչդեռ, ըստ ծառերի խնամակալի` անտառային հողատարածքի սեփականատեր Միսակ Տեր-Պողոսյանը, նույն «Մեբելի» Միսակը, որոշ կետերում «ծառահունձ» է արել: «Միսակը մի 0,5 հա-ի չափով ծառեր է արմատախիլ արել: Կադրեր կան, նկարահանված է»,- ասում է գյուղի բնակիչ Ս. Աբգարյանը, ում Մ. Տեր-Պողոսյանը 2005թ. դատի է տվել` նրան մեղադրելով աճրուրդով իր գնած հողը զավթելու մեջ: Դատավորն էլ, բնականաբար, վճիռը կայացրել է հօգուտ Մ. Տեր-Պողոսյանի: Այսպիսով, Տեր-Պողոսյանը ամբողջովին տիրացավ այդ տարածքին, որից 2 հա-ն Սմբատ Աբգարյանի հողատարածքն էր: Վերջինս դարձյալ բողոքարկել է որոշումը եւ հայցը ներկայացրել Վերաքննիչ դատարան: «Իբր քիչ ունի Միսակը, հա՛մ հողն ա Միսակինը, հա՛մ էլ վրի բերքը»,- ավելացնում է Ս. Աբգարյանը` մեկնելով մի կապոց փաստաթղթեր, որտեղ ՀՀ կառավարության ընդունած անտառի օտարման մասին որոշումներն են, դատարանի վճիռներ եւ անգամ 16 տարիների ընթացքում ջրի վարձավճարի կտրոններ: Ի դեպ, դեռեւս 1993թ. Սմբատ Աբգարյանը համարվել էր «Հայանտառի» վարձակալ: «Վերջին պայմանագիրս սենց եղավ. քանի որ կառավարության որոշումով նոր տնկարկների համար հարկ չէինք մուծում, մենք էս 4 հա-ի համար հարկ չէինք մուծում: Մշակում էինք` մինչեւ պայմանագիրը լրանա: Բայց էն 2 հա-ի համար իմ պայմանագիրը լրացած չի եղել, որը տվել են Միսակ Տեր-Պողոսյանին: Այն լրանալու էր 2005թ. աշնանը: Նրանք պատճառաբանում են, որ իմ պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել»,- նշում է Ս. Աբգարյանը: Ըստ նրա` այս տարիների ընթացքում շուրջ 600-700 հազար դրամ է վճարել հողի վարձակալության համար, բացի այդ նա` որպես վարձակալ, վճարել է նաեւ ոռոգման ջրի համար, որը 1993թ. կազմում էր 25.000 ռուբլի, 1994թ.` 11.800 դրամ, 1995թ.` 81.600դրամ, 1999թ.` 75.000 դրամ, իսկ ամենամեծ գումարը Ս. Աբգարյանը վճարել էր 2007թ.` 200.400դրամ: «Երբ որ իմ փողն էր պետք, ես էի պետությանը պարտք, այդ ժամանակ իմ բոլոր պայմանագրերը օրինական էին, իսկ եթե հողս ա պետք, գրում են` ի սկզբանե առոչինչ ա: Եթե ի սկզբանե առոչինչ ա, մարզպետարանը թող էն ժամանակ ասեր»,- նկատում է Սմբատ Աբգարյանը: Այնուհետեւ նա հիշեց իր հարեւաններին, որոնց պայմանագրերի ժամկետները դեռեւս չլրացած` նրանցից խլել էին հողերը: «Մխիթարյան Մեխակը` Ազգային ժողովի պատգամավորը, կոնկրետ ինքն է առել իմ հողը: Ես գնացի, խնդրեցի Արմավիրի մարզպետարանի հողաշինարար Արմեն Դարբինյանին, որ 1 հա-ն ինձ տան, չտվեցին: Ասացին՝ գնա 5 հա-ի փողը բեր»,- ասում է Նորավանի բնակիչ ժենյա Համբարչյանը: Նրա հավաստմամբ` մարզպետարանը գյուղացուց 1 հա-ի համար 2000 դոլար էր ուզում, այնինչ աճուրդի ժամանակ 1 հա-ն վաճառել են ընդամենը 120.000 դրամով: Ի դեպ, այս մասին թերթերից մեկում հայտարարություն էր տպագրվել, որտեղ ասվում էր, որ Արմավիր քաղաքում վաճառվում է 12 հա հող` 3 հա բարդիներով, իսկ 1 հա-ի գինը 450 դրամ էր: «Իրանք աճուրդի են հանել ու էսօր էդ տերերը դարձել են տուզավիկները, որովհետեւ իրանց ձեռք չէր տալիս՝ մեր գյուղացիքին ծախեին փոքր հեկտարներով, իրանց ձեռք էր տալիս՝ 20-40 հա-երով ծախել»,- նշում է երեք երեխաների մայրը: Գյուղի բնակչ Մելիք Մելոյանն էլ, ով 1994-ից աշխատել է Անտառտնտեսությունում` որպես պահեստապետ, այսօր նույնպես մնացել է առանց հողի ու աշխատանքի: «2004թ. ղեկավարությունը մեզնից վերցրեց ու ծախեց ուրիշներին: Եռակի ծախել ա: Անտառային հողերը մնացել են մի 56 հա, որտեղ ամերիկահայ Արեգը ծառեր ա տնկել: Իսկ առաջ էստեղ ջուր չկար` այ, էն կողմը արտեզյան ջուր կար, էնտեղից էինք բերում: Էստեղ 3 տարի ա, նորմալ ջուր ա գալիս: Մենք մեր ձեռքով էս տարածքում տարիներ առաջ մի 10.000 հատ ծառ ենք տնկել: Մեզ խաբեցին: Մարզպետը կանչեց ու ասաց՝ եկեք ձեզ 1 հա հող կտանք, բայց խաբեց»,- ասում է 4 երեխաների հայրը, ով այսօր 7000 մետր հողատարածքի հույսին է մնացել` ամսական վճարելով 5500 դրամ: Մինչդեռ տարիներ առաջ Մելիք Մելոյանն ուներ մոտ 4 հա հող, որտեղ էլ ցորեն էր մշակում: «Իմ հողի կեսը Վարդանի զոքանչը առավ (խոսքը ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի մասին է.- Մ.Մ): Քանի անգամ եկել ենք Երեւան բողոքել, Քոչարյանի նստավայր եկանք, մեքենա բերեցին, մեզ լցրեցին մեջը: Միլիցեքն էլ էս յան, էն յան գռշտեցին»,- հիշում է նա:
Նորավանցիներն այսօր մեծ բարկությամբ են հիշում նաեւ Նորավանի նախկին գյուղապետ Անդրանիկ Արշակյանին, ում «հաջող» գործարքների համար գյուղի մուտքի մոտ 10 հա հողատարածք են տվել իշխանությունները: «Պարզվում ա, որ ինքը ջրվոր էր, բա գյուղացի՞ք իրա ինչն են` ջրվորի ջրվորնե՞րը: Ինքն իրա տրակտորն առել ու հողն ա մշակում»,- զայրանում են գյուղի բնակիչները` պատմելով Անդրանիկ Արշակյանի գյուղապետության ժամանակների մասին, երբ գյուղապետը «բիբարի գործ էր անում» ու «տակ էր տալիս»: «Ամեն 5 տարին մեկ էլ ընտրությունների ժամանակ ինքն իրան անց էր կացնում` գյուղացին ընտրեր-չընտրեր: Համ էլ մարզպետին ինքը հող էր խոստացել»,- նշում են գյուղացիները, որոնց զայրույթն ու հիասթափությունը տեղական ինքնակառավարման մարմնից գնալով ահագնանում էր:
Լրագրողներին տեսնելով՝ պակաս զայրույթ չունեցավ նաեւ Արմավիրի մարզպետարանի իրավաբանության բաժնի պետ Յուրի Մանվելյանը, ով հողի աճուրդի վերաբերյալ մանրամասներ այդպես էլ չասաց: Նա ընդամենն ընդգծեց, թե մարզպետարանն աշխատել է «օրինականության շրջանակներում»: Հարցին, թե` արդյո՞ք արմավիրցի իրավաբանի համար տարօրինակ չէ, որ Երեւանից ինչ-որ մեկի զոքանչը գալիս է ու Նորավանում հող է գնում` այն խլելով գյուղացուց, Յու. Մանվելյանը պատասխանեց. «Ուզում ա Բուշի քենին լինի, կարեւորը ՀՀ քաղաքացի լինի»: Ի դեպ, հենց Յու. Մանվելյանն է եղել Նորավանի անտառային հողերի աճուրդավարը, ով մինչ օրս գաղտնի է պահում սեփականատերերի անունները, բայց չի թաքցնում վաճառված 1 հա-ի գումարի չափը` շուրջ 120.000 դրամ: Ըստ իրավաբանի` իրենք հայտարարություն էին տվել հողերի վարձակալության մասին` ամսական 2000 դրամ:
Ինչեւէ, վերջում նշենք, որ անկախ ամեն ինչից, անփոփոխ են մնացել գյուղի միակ ընդդիմադիր Սմբատ Աբգարյանի մոտեցումները: «Ինչ ուզում են անեն, մինչեւ վերջ գնալու եմ, հողերս էլ չեմ տալու, թող սպանեն»,- ասում է նա` ավելացնելով, թե ցավ է ապրում, երբ գյուղի 216 հա անտառային հողից գյուղին հատկացրել են միայն 4 հա-ն, այն էլ` գերեզմանոցի համար` կարծելով, թե գյուղում միայն ծերեր են ապրում: