«Մրցանակիս գումարը կբաժանեմ աղքատներին, կարիքավորներին»,- ասում է ութ երեխաներից Վարազդատը

11/06/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

10 տարեկան Վարազդատի հայացքում կռիվ կա, բարկություն կա: Բայց այդ զայրույթը երբեք չարության չի վերածվում, որովհետեւ ամեն անգամ հողագործությամբ զբաղվելիս՝ բահով փորելիս, ըմբոստությունն ամբողջ ուժով թաղում է հողի մեջ: Փոքրիկ տղան շնորհալի ըմբշամարտիկ է, եւ իրենց տան ունեցած ամենաարժեքավոր իրերը, պարզվում է` Վարազդատի մրցանակները, պատվոգրերն ու շնորհակալագրերն են: Ծնողների համար Վարազդատի հաջողություններն ամենաթանկ բանն են, այնպես, ինչպես ամենանվիրականն ու արժեքավորը Նելլիի եւ Ալբերտի կյանքում իրենց ութ երեխաներն են: Ցույց են տալիս «Հունահռոմեական ըմբշամարտի դեռահասների առաջնության» առաջին տեղը զբաղեցրած տղայի պատվոգրերն ու հուշանվերները: Վարազդատը երազում է չեմպիոն դառնալու մասին, ասում է` «Ես երազում եմ ըմբշամարտի չեմպիոն դառնալ ու մեծ մրցանակ ստանալ: Երբ պարգեւատրվեմ` իմ մրցանակի գումարն ամբողջությամբ կբաժանեմ աղքատներին, չքավորներին, որ սոված չմնան»: Վարազդատն իրեն բաժին հասած դրամական տեսքով մրցանակն առատորեն կբաժանի աղքատներին, որովհետեւ իր մանկությունն անցնում է թշվառության, մենակության ու անհուսության մեջ: 10-ամյա այս տղան ապագայում հաստատ կպաշտպանի աղքատներին, որովհետեւ իր հինգ եղբայրներն ու երկու քույրերը ներկայումս ինչ-որ մեկից պաշտպանություն են ակնկալում. Վարազդատը, քույրերն ու եղբայրները հույս ունեն, թե իրենց կյանքում կհայտնվի մի «Վարազդատ» ու ձեռք մեկնելով` իրենց դուրս կբերի անդունդից: 11 հոգանոց այս բազմանդամ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի ամայի մի տարածքում տեղադրված երկաթե վագոն-տնակում: Նրանց երկաթե տնակի դռները բաց են հատկապես օձերի, կարիճների ու առնետների համար, դրա համար էլ վերջերս առնետը կծել, արյունլվա է արել մանկահասակ երեխայի գլուխը: «Ստիպված` կատու բերեցինք դոմիկ, բայց էդ կռիսներն էնքան մեծ են, որ կատուների հախից էլ են գալիս: Կատուն էլ երկու ձագ է հանել, բայց խղճում ենք վագոնից դուրս հանել: Թողում ենք, որ ապրեն»,- ասում է ութ երեխաների մայր Նելլին, ով կենցաղային սոսկալի պայմաններից նյարդային ու դյուրագրգիռ է դարձել ու խոսելիս անընդհատ հեւում է: Առնետներից երեխաներին պաշտպանող կատվի ձագերին այս ընտանիքի անդամները խնայելով չեն վռնդում, անտունների հանդեպ յուրահատուկ գութ են տածում: Փոխարենը Թաիրովի գյուղապետ Սամվել Վարդանյանը ցանկանում է Նելլիենց ընտանիքին զբաղեցրած տարածքից վռնդել: Կատվի ձագերն ու այս ութ երեխաները հիմա միեւնույն կարգավիճակում են, հետեւաբար՝ նրանց ճակատագիրը կախված է մարդկանց բարեհաճությունից: 1991 թվականից 700 մետր հողատարածք զբաղեցրած այս ընտանիքի գոյատեւման միջոցը տնամերձ հողամասն է, որը մշակելով՝ կարողանում են կենսական անհրաժեշտությունները հոգալ: Բնակարան չունենալու պատճառով 4-5 տարի առաջ տեղադրել են երկաթե վագոնն ու 11 հոգով այդտեղ են ապրում: Հողատարածքի հանդեպ սեփականության իրավունք չունենալու պատճառով գյուղապետը պահանջում է ազատել զբաղեցրած տարածքը կամ, պարզապես, գնել աճուրդով: «Ասում ա` 5000 դոլար փող տվեք, որ 700 մետր հող տամ: Երեխաներն օրերով սոված են մնում, հացի գումարը նույնիսկ չենք կարողանում հայթայթել, ինչպե՞ս գնենք, ինչպե՞ս մասնակցենք աճուրդին: Հիմա մեզ, ի՞նչ է, առանց խղճի խայթի դո՞ւրս են շպրտելու: Ութ երեխաներիս առնեմ` ընկնեմ փողոցնե՞րը»,- հուզված ասում է Նելլին, ով դույլերով ջուր կրելու համար ահագին ճանապարհ է կտրում, բայց չի դժգոհում իր կրած դժվարություններից, պարզապես երազում է ունենալ սեփական փոքրիկ հողակտոր, որտեղից պարբերաբար չեն սպառնա վռնդել: Հետո հիշում ենք Սովետը, երբ չորս եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին պետությունը հերոս էր կնքում, ավտոմեքենա, բնակարան, կով էր նվիրում: Ալբերտը հեգնանքով ասում է` «Հիմա պետությունն ահազանգում ա, թե բնակչության թիվը շատ ա կրճատվում: Հայտարարում են` շատ երեխաներ ունեցեք, բայց, փաստորեն, ունենալուց հետո պետությունը ձեռքերը լվանում ա: Օգնելու փոխարեն՝ դեռ մի բան էլ ութ երեխեքիս հանում էս քրջոտ վագոնից էլ ա դուրս շպրտում»: Պետությունը Թաիրովի հողատարածքները վաճառելով՝ թույլ է տալիս փողատերերին առանձնատներ կառուցել եւ հարմարավետության մեջ ապրել, բայց ութ երեխա մեծացնող այս ընտանիքի համար երկաթե վագոնում ապրելը շատ է համարում: Պետությունը շատ է համարում նաեւ նրանց հատկացրած 70.000 դրամ ընտանեկան նպաստը, դրա համար էլ, արդեն քանի ամիս է, այս երեխաները գոյատեւում են հարակից խանութից պարտքով վերցրած չոր ու ցամաք հացով: Նելլին վրդովված պատմում է` «Ես ու ամուսինս գրանցված ենք Մասիսում: Փարոսի համար դիմեցի, ասեցին` պրոբլեմ չունեք, չափահաս դարձած երկու տղա երեխեքի անձնագրերը հանեք` կկարգավորենք: Շտապ կարգով կազմակերպեցի, տղաներիս անձնագրերը հանեցինք, բայց պարզվեց, որ դա ոչ թե փարոսի համար են անում, այլ` զինվորական ծառայության զորակոչելու համար: Արգավանդի գյուղապետարանն ասում ա` դիմեք Թաիրովի գյուղապետարան, իսկ էնտեղից գյուղապետն ասում ա, եթե «Փարոսի» համար թուղթ տամ, ուրեմն` տան` հողի հարց էլ կբարձրացնեք»: Չնայած այս քաշքշուկին՝ Նելլին վերջերս դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին` խնդրելով ընտանեկան նպաստը վերականգնելու հարցում միջամտել: Նախարարը հանձնարարել է անհապաղ վերանայել եւ հարցին լուծում տալ, բայց, այնուամենայնիվ, Թաիրովի գյուղապետը հապաղում է: «Եթե հարցին լուծում չտա, ուրեմն` գործ կունենա Սոցապ նախարարության հետ»,- ասում է Ալբերտն, ով հարակից հողատարածքներում կառուցվող առանձնատների շինարարությանը մասնակցելով կարողանում է գումար վաստակել, բայց… «Բայց ստաբիլ աշխատանք չի: Պատահում ա` շաբաթը մեկ, կամ շաբաթը երկու օր բանվորության, քար կրելու գործ ա լինում, կանչում են: Մենք նպաստից զրկվելուց հետո պարտքով ենք ապրում: Երեք ամսվա ընթացքում շատ ենք կուտակել, տարբերակ չկար: Ութ երեխաների խնամքը առանց նպաստի շատ ծանր է»:

18-ամյա Արսենը շուտով կմեկնի զինվորական ծառայության: Ասում է` «Չեմ էլ ուզում գնամ: Պետությունը մեզնից երես ա թեքել, մի թիզ հող չի տալիս, բայց պահանջում ա գնալ ու հողերը պաշտպանել: Եթե ես գնամ, ու պետությունն իմ քույրերին, եղբայրներին փողոց շպրտի` ի՞նչ սրտով հող պաշտպանեմ»: Արսենը վիրավորված շպրտում է այս խոսքերն ու անձայն հեռանում է վագոն-տնակից:

6-րդ դասարանցի Քրիստինեն ուսումնական տարին ավարտել է երեք գրքով սովորելով: «Ընդամենը երեք գիրք տվեցին: Ամբողջ տարին երեխեն սրանից-նրանից խնդրելով էր դասերը սովորում կամ ամաչում էր ուզել ու առանց սովորելու դասի էր գնում: Չկարողացանք առնել գրքերը»:

Չնայած սոցիալական ծանր պայմաններին, այդուհանդերձ, երկաթե վագոնում ապրող Ալբերտն ու Նելլին ջանք չեն խնայում երեխաներին լավ դաստիարակելու եւ ուսման տալու համար: «Ի՞նչ անենք… գոնե իրանք իրանց կարողանան հետագայում պաշտպանել: Երեք տղաներս սպորտսմեններ են, սպորտդպրոց են հաճախում: Չգիտեմ էլ՝ ճի՞շտ ենք անում: Սոված-ծարավ ուղարկում ենք պարապելու»,- ասում է ութ երեխաների մայրը:

Հ.Գ. Ինձ ուղեկցող տաքսու վարորդն Ալբերտի ընտանիքին լավ է ճանաչում: Ասում է` «Երբ ապարատով Ձեզ տեսա` էնքան ուրախացա, որ լրագրող ա եկել: Մի հատ իրանց մասին պատմեք, էլի, թող իշխանություններն իմանան, թե ինչ պայմաններում ապրող մարդիկ կան: Իրանք շատ աշխատասեր ու լավ մարդիկ են: Ասում ես, է՞, ութ երեխա, այն էլ` էս պայմաններում… Բայց արի ու տես, որ տիրություն անող չկա: Մի թիզ հողն էլ են ափսոսում բազմազավակ ընտանիքին տրամադրել: Ամոթ ա, ամոթ…»: