Ոչ, սիրելի ընթերցող, սա պատմական ակնարկ չէ ստալինյան բռնապետության շրջանի մասին, եւ վերնագիրը ոչ թե այդ բռնությունների ամենադժնի թվականն է, այլ Երեւանի կենտրոնից վտարված ու մինչ օրս որեւէ տեղ մշտական ապաստան չգտած քաղաքացիների քանակը։
Բուզանդի եւ Արամի փողոցների երեսունյոթ բնակիչներ մայիսի 31-ին էլ չմասնակցեցին Երեւանի ավագանու ընտրություններին, թեեւ վտարված այս մարդկանց համար չափազանց կարեւոր էր քվեարկության միջոցով վերաբերմունք արտահայտելը։ Համատարած ընտրակեղծիքի պայմաններում այդ ձայներն, իհարկե, ոչինչ չէին փոխի։ Նրանց համար կարեւորը ոչ թե ընտրությունների արդյունքի վրա ազդելն էր, այլ ոտնահարված մի շարք իրավունքներից գոնե մեկը վերականգնելը, ինչը վերջին երեք տարվա ընթացքում ոչ մի կերպ չի հաջողվում։
Պետական կարիքների համար դատական վճիռներով իրենց բնակարաններից վտարված այս մարդիկ, թեեւ չեն գիշերում բաց երկնքի տակ, բայց մշտական բնակության գրանցում չունենալու պատճառով զրկված են ընտրելու եւ ընտրվելու, սովորելու եւ աշխատանքի ընդունվելու, նպաստ ստանալու եւ սահմանադրությամբ նախատեսված այլ իրավունքներից։ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ երեսունյոթը չփորձեցին անգամ վերականգնել ընտրելու իրենց իրավունքը, որովհետեւ նախադեպ փորձը ձախողվել էր։ 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը՝ փետրվարի 19-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «հիմնավորապես» մերժել էր նրանց հայցը՝ ընտրացուցակներում ընդգրկվելու պահանջը համարելով անհիմն։
Քաղաքացիների դիմումին եւ դատավոր Դանիելյանի վճռին ծանոթանալիս պարզ է դառնում, որ դատարանն առաջնորդվել է, այսպես ասած, «ցրելու» սկզբունքով։ Դիմողները պահանջել էին վերականգնել ընտրելու իրենց իրավունքը՝ հղում անելով Սահմանադրության 4-րդ հոդվածին, որը երաշխավորում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունք։ Դատարանը՝ Սահմանադրությունը մի կողմ դրած, ասել էր, թե ընտրողները չեն ներկայացրել ապացույցներ հաշվառված լինելու եւ տեղեկանքներ մշտական բնակության վայրի մասին։ Սրանք, ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի, պարտադիր պայման են քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու համար։
Քաղաքացիները դիմումում նշել էին, որ իրենց պատկանող բնակելի տները պետությունը վերցրել է իրավական այն ակտերի հիման վրա, որոնք Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ ճանաչվել են հակասահմանադրական։ Դատելով վճռից, դիմումի այս հատվածը քննարկման առարկա չէր էլ դարձել։ Այն տեղ էր գտել վճռի նկարագրական մասում։
Մարդիկ դատարանին ասել էին, որ իրենց՝ սահմանադրությանը հակասող իրավական ակտերի հիման վրա, վտարել են, հանել հաշվառումից՝ չառաջարկելով նոր հասցե, դատարանը՝ մարդու իրավունքը պաշտպանելու փոխարեն, Սահմանադրությանը ստորադաս օրենսգրքին հղում անելով, պահանջել էր ապացույցներ ու տեղեկանքներ։ Այսինքն՝ մարդիկ փորձել էին պաշտպանել ընտրելու իրենց անօտարելի իրավունքը, իսկ դատարանը նրանց ուղարկել էր ծանոթների, բարեկամների կամ ընկերների հասցեների վրա գրանցվելու։ Գրանցվեք, եկեք, խնդրեմ, հարց չկա, կարող եք նաեւ ընտրել։
Եթե այս բանն ասեր համատիրության կամ թաղապետարանի որեւէ աշխատակից, լավագույն դեպքում կհամարվեր անփութություն, վատթար դեպքում՝ արհամարհական վերաբերմունք։ Բայց երբ ասում է դատարանը՝ պետական իշխանության թեւերից մեկը, հասկանում ես, որ սահմանադրության առաջաբանում արձանագրված «իրավականը» ընդամենը բլեֆ է կամ եվրոպական հանձնաժողովների աչքին փչած թոզ։
Դատարանը մտածե՞լ է արդյոք, որ մարդու իրավունքը կախված չէ ծանոթներ, բարեկամներ, ընկերներ ունենալ-չունենալուց, կախված չէ ծանոթների, բարեկամների, ընկերների բարեհաճությունից։ Դատարանը մտածե՞լ է արդյոք, որ սեփականության դիմաց աննշան գումար տալով, մարդկանց դուրս շպրտելով եւ մշտական բնակության վայրի գրանցումից հանելով՝ պետությունն իր, այսպես կոչված, կարիքների համար, քաղաքացիներին շնորհել է բոմժի կարգավիճակ։
Այս կարգավիճակից դուրս գալու հետաքրքիր լուծում է առաջարկել «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։ 2007 թվականի օգոստոսի ութին նա դիմել է ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ տիկին Ալվինա Զաքարյանին՝ խնդրելով իր ընտանիքի անդամներին փաստացի գրանցել քաղաքապետ Երվանդ Զախարյանի հասցեում։ Սեդրակ Բաղդասարյանի կարծիքով՝ դա հնարավորություն կտար լուծել իր եւ իր ընտանիքի անդամների իրավունքների վերականգնման հարցերը՝ 1991 թվականին ծնված նրա որդին կկանգներ զինվորական հաշվառման, կստանար անձնագիր եւ կրթությունը շարունակելու հնարավորություն, ինքն ու կինը կկարողանային ընտրել եւ ընտրվել, աշխատանքի ընդունվել, պետությունից նպաստ ստանալ եւ այլն։
Ի պատասխան այս նամակի՝ Ալվինա Զաքարյանը խորհուրդ է տվել ներկայացնել տվյալ բնակելի տարածության սեփականատիրոջ (այսինքն՝ Երվանդ Զախարյանի) եւ նրա հետ համատեղ բնակելի մակերեսի իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնությունը, բնակելի տարածությունը զբաղեցնելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթ։ «Ձեր խնդրանքը կարող է բավարարվել միայն վերը նշված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում»,- ասել է տիկին Զաքարյանն ու ստորագրել պատասխան նամակը։
Սա պետական կարիքների զոհերի եւ արդեն պաշտոնաթող Ալվինա Զաքարյանի միակ շփումը չէ։ 2007 թվականի ԱԺ ընտրություններից առաջ հասցե ու գրանցում չունեցող բնակիչներին Զաքարյանը տեղեկանք է տվել, որով նրանք մասնակցել են ընտրություններին։ Երեսունյոթ անհասցե բնակիչները քվեարկել են Երեւանի 10/26 ընտրատեղամասում։ Այս տեղեկանքը տրվել է, իհարկե, ոչ թե Ալվինա Զաքարյանի եւ ՀՀ «Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության մեծահոգության կամ քաղաքացու իրավունքի նկատմամբ ունեցած հարգանքի արդյունքում, այլ պարզապես եղել է ընտրություններից մեկ ամիս առաջ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի PR ակցիայի տրամաբանական շարունակությունը։ Վարչապետն ապրիլի տասնութին իր կաբինետում ընդունել էր պետական կարիքների զոհերի ներկայացուցիչներին ու տեսախցիկների առաջ խոստացել լուծել նրանց խնդիրները։ Ալվինա Զաքարյանն էլ՝ դա տեսնելով, որոշել էր կորստյան չմատնել «հուսավառ» զոհերի ձայները՝ գնալով հակաօրինական քայլի։
Զաքարյանի կարգադրության հակաօրինականությունը պարզվել էր այն բանից հետո, երբ «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը՝ հետապնդելով ընտրվելու իրավունքի վերականգնման հարցը, 2009-ի մայիսին դիմել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։ ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին խորհուրդ էր տվել ընդունել պետական կարիքների զոհերին եւ լուծում տալ նրանց հարցին։ Այ, այդ հանդիպման ընթացքում էլ Ազարյանը հայտարարել էր, որ Ալվինա Զաքարյանը 2007 թվականին ապօրինի տեղեկանք է տրամադրել եւ, մարդասիրությունից դրդված՝ Բաղդասարյանին առաջարկել փաստացի հաշվառվել իր (Ազարյանի) հասցեում։ Սեդրակ Բաղդասարյանը նախ խորհուրդ էր տվել ապօրինի կարգադրության համար դատի տալ Ալվինա Զաքարյանին, իսկ մարդասիրական առաջարկին ի պատասխան, զգուշացրել, որ ինքն այս հարցը հետապնդում է ոչ թե անձամբ իր համար, այլեւ՝ հաշվառում չունեցող երեսունյոթ քաղաքացու։ «Եթե բոլորին փաստացի հաշվառման վերցնեք ձեր հասցեում, խնդիր չկա, մենք պատրաստ ենք»,- ասել էր Բաղդասարյանը՝ հանկարծակիի եկած Ազարյանին։
Երբ առիթից առիթ պատահող եվրոպացի չինովնիկներին բացատրում ես, որ Հայաստանում օրենքները չեն գործում, ասում են՝ ոչինչ, կարեւոր է, որ դրանք կան։ Այս դեպքում իրավազուրկ քաղաքացիներին մնում է մխիթարվել միայն նրանով, որ նամակները պատասխաններ են ունենում, պաշտոնյաները նստում են հասարակ մահկանացուների հետ ու հարցեր քննարկում, դատարանները հայցեր են ընդունում ու վճիռներ կայացնում, Սահմանադրական դատարանը որոշումներ է ընդունում, եւ այս ամենը կնքվում է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանով, որի վրա պատկերված իրարամերժ արծիվն ու առյուծը ճ\գրտորեն խորհրդանշում են իշխանությանն ու հասարակությանը։