«Ճգնաժամը տնտեսության կառուցվածքը վերափոխելու հնարավորություն է»

11/06/2009

Արթուր Բերդը ներդրումների կառավարման ոլորտում առաջատար Capital Fund Management (CFM) ընկերության մակրոօպցիոն ռազմավարությունների գծով ղեկավարն է: CFM-ը համակարգային ներդրումային ռազմավարությունների բնագավառում աշխարհի առաջատար հեդջային հիմնադրամներից մեկն է, որը գրասենյակներ ունի Փարիզում եւ Նյու Յորքում: Վերջին տարիներին Արթուր Բերդը առանցքային պաշտոններ է զբաղեցրել BlueMountain Capital Management, Lehman Brothers, Goldman Sachs Asset Management ընկերություններում: Արթուր Բերդը ծնվել եւ մեծացել է Երեւանում, եղել է հանրապետական ու համամիութենական ֆիզիկայի օլիմպիադաների հաղթող, սովորել է Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում, ապա` Սթենֆորդի համալսարանում: Նա հայտնի է իր աշխատանքներով տեսական ֆիզիկայի, ինչպես նաեւ ներդրումների եւ ֆինանսական ռիսկերի կառավարման մոդելների բնագավառում: Արթուր Բերդը «Journal of Credit Risk» եւ «Journal of Financial Forecasting» ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ է: Արթուր Բերդը «Այբ» ակումբի եւ կրթական հիմնադրամի հիմնադիրներից մեկն է: Նա զրուցել է «Մեդիամաքսի» հետ ընթացիկ ֆինանսական ճգնաժամի եւ այդ պայմաններում Հայաստանի ֆինանսական հատվածի հեռանկարների մասին:

– Ճգնաժամի հետեւանքները գնահատելով` ընդունված է ասել, որ այն պարունակում է ոչ միայն ռիսկեր, այլեւ` հնարավորություններ: Եթե ճգնաժամին նայենք Հայաստանի տեսանկյունից, այստեղ ի՞նչն է շատ` ռիսկե՞րը, թե՞ հնարավորությունները:

– Հնարավորություններ, անկասկած, կան, սակայն դրանք բաց չթողնելու ձգտումը չպետք է բերի ռիսկերի անտեսմանը: Ճգնաժամը բազմաթիվ անգամ գերազանցում է այն ամենը, ինչին Հայաստանը կամ Ռուսաստանը երբեւէ բախվել են տնտեսական առումով: Չնայած աշխարհում տնտեսական իրավիճակի կայունացման որոշակի զգացողության առկայությանը` մեծ սխալ կլինի մտածել, թե գործընթացներն արագ կվերադառնան մինչճգնաժամային ցուցանիշներին: Այս պայմաններում իմ խորհուրդն է շարքային քաղաքացիներին, գործարարներին եւ պետական պաշտոնյաներին` բաց չթողնել նոր հնարավորությունները, սակայն նաեւ խոցելի չդառնալ առկա ռիսկերի համար: Պետք է հասկանալ, որ ինչ-որ մեկի համար հնարավորությունը կարող է դառնալ շանս, իսկ մյուսի համար` իրական ռիսկ: Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը հայտնի է նրանով, որ միշտ գնում է այն ժամանակ, երբ բոլորը վաճառում են, եւ հակառակը: Վերջին տարիների ընթացքում նա գրեթե ոչինչ չէր գնում եւ միջոցներ էր կուտակում ակտիվների գնման համար: Վերջերս նա ակտիվացավ, երբ շատ բաժնետոմսերի գինն ընկավ 50%-70%-ով: Ահա նրա համար այս ճգնաժամը ներկայումս լայն հնարավորություններ է բացում: Միեւնույն իրավիճակը կարող է ունենալ նաեւ այլ ելք: Օրինակ, գործարարը կարող է հնարավորություններ տեսնել այս կամ այն ակտիվների ձեռքբերման համար` զգալիորեն ավելի ցածր գնով, քան մինչեւ ճգնաժամը: Դա լավ հնարավորություն է թվում: Սական, եթե այդ գործարարը, չունենալով բավարար քանակով սեփական գումար, ակտիվները գնի փոխառնված միջոցներով, մեծ վտանգ կա, որ երբ գա պարտքը վերադարձնելու ժամանակը, գործարարը միջոցների հետ կապված խնդիրներ կունենա: Եվ եթե պարտքը մարելու համար նա ստիպված լինի վաճառել այն, ինչը ձեռք էր բերել, թվում է, էժան գնով, ապա, կարող եմ գրեթե երաշխավորել, որ գնորդներն այդ պահին ավելի քիչ կլինեն, եւ գինն էլ զգալիորեն ավելի ցածր կլինի: Ճգնաժամի պայմաններում ֆինանսավորման մեխանիզմը դադարում է աշխատել: Այդ պայմաններում ռիսկի պատճառը պարտքային պարտավորություններն են, եւ մասնավորապես ես խորհուրդ կտայի մեծ ուշադրություն դարձնել դրանց նկատմամբ հսկողությանը: Դա նախեւառաջ նշանակում է, որ պետք է փոխել գործարքների գնահատման չափանիշները. գնման գինը վաճառքից ստացված ինչ-որ էֆեմերային ապագա եկամուտի հետ համեմատելու փոխարեն՝ հարկավոր է այն համեմատել ֆինանսավորման կոնկրետ գնի հետ եւ խիստ վերահսկել եռամսյակային շրջանառությունը դրական cash flow-ի տեսանկյունից` հաշվի առնելով ինչպես գործառնական ծախսերը, այնպես էլ պարտքային պարտավորությունների մարման ծախսերը: Կարծում եմ, որ այսօրվա պայմաններում անհրաժեշտ է ունենալ կապիտալի «անձեռնմխելի պահուստ», որը կարող է ապահովել աշխատանքն առանց արտաքին աղբյուրների նվազագույնը 6-12 ամսվա ընթացքում, քանի որ վարկերի ստացման կամ ապրանքի մատակարարման դիմաց վճարման հետ կապված խափանումները գրեթե անխուսափելի են: Թեեւ Հայաստանում միշտ էլ դժվար է եղել ֆինանսավորում ստանալ` չունենալով ամուր բիզնես եւ ընթացիկ շահույթ: Մինչդեռ Ամերիկայում միշտ կարելի էր ձեռնարկություն հիմնել, գրել բիզնես-պլան, դրանում նկարագրել 5 տարի հետո շահույթ ստանալու հեռանկարը եւ ֆինանսավորում ստանալ: Քանի որ Հայաստանում ֆինանսավորման եւ կապիտալի զարգացած շուկաներ չեն եղել, ապա կապիտալի շուկայի համաշխարհային փլուզումը երկրին շատ ուժեղ չի հարվածել: Հայաստանում միակ շուկան, որն ապահովվում էր ֆինանսավորմամբ, անշարժ գույքի շուկան էր, որը բուռն աճ վերապրեց, իսկ այսօր այնտեղ դիտվում է կտրուկ անկում:

– ՀՀ բանկերն ու կարգավորողը խոսում են բանկային համակարգի լիարժեք իրացվելիության մասին: Մյուս կողմից, իրական տնտեսությունում կան լուրջ խնդիրներ. տնտեսական անկում ավելի քան 9 տոկոսով, ներկրման քառակի կրճատում եւ արտահանման գրեթե կրկնակի կրճատում: Որքանո՞վ է բնականոն այն իրավիճակը, երբ բանկերը շարունակում են կուտակել իրացվելիություն, իսկ իրական տնտեսությունը շարունակում է անկում ապրել:

– Ես հայաստանյան բանկերի գործունեության բոլոր մանրամասները չգիտեմ, սակայն նախեւառաջ կցանկանայի մի հարց տալ. իրականում ինչպիսի՞ն է նրանց իրացվելիությունը: Դա իրակա՞ն, թե՞ թվացյալ իրացվելիություն է: Եթե նրանք վարկեր են տրամադրում, որոնք ճգնաժամի պայմաններում պարունակում են ետ չվերադարձվելու ռիսկ, ապա իրացվելիությունը կարող է խոցելի լինել: Մի շարք երկրներում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանկի կապիտալը, որը դեռեւս մեկ տարի առաջ շատ տպավորիչ էր թվում, մեծ թվով վարկային կորուստների հետեւանքով անբավարար է դառնում: Միաժամանակ, ես կարծում եմ, որ այլ երկրների համեմատությամբ հայաստանյան բանկերը գտնվում են զգալիորեն լավ վիճակում տնտեսության չափսերի եւ այն պատճառով, որ նրանք մշտապես պահանջել են չափազանց բարձր գրավներ եւ ռիսկային վարկեր չեն տրամադրել: Կարծում եմ` երկու չարիքներից փոքրագույնն այն իրավիճակն է, որն այսօր Հայաստանում է: Բանկային համակարգը տնտեսության արյունատար համակարգն է, եւ եթե դրանում թրոմբներ են գոյանում, իրական տնտեսությունը շատ արագ է քանդվում: Չկա այնպիսի տնտեսություն, որը կարողանա գոյատեւել առանց ֆինանսավորման: Եվ եթե բանկային համակարգը նորմալ վիճակում է, ապա իրական հատվածի արագ կազդուրման հավանականությունն ավելի մեծ է: Այդ պատճառով, վերադառնալով ձեր առաջին հարցին, կարծում եմ, որ կայուն բանկային համակարգի առկայության գործոնը կարող է լավ մրցակցային հնարավորություններ ստեղծել ՀՀ ողջ տնտեսության համար:

– Ի՞նչ կարծիք ունեք կառավարության հակաճգնաժամային այնպիսի միջոցառումների մասին, ինչպիսիք են պետական երաշխիքների տրամադրումը կառուցապատողներին` սկսած նախագծերն ավարտին հասցնելու նպատակով: Այդ որոշման քննադատները կարծում են, որ այդպիսի միջոցառումները միայն խորացնում են ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա:

– Հաշվի առնելով այն, որ շինարարությունը որոշ իմաստով ՀՀ տնտեսության ողնաշարն է, որը, որոշ գնահատականներով, կազմում է ՀՆԱ 40%-ը, հավանաբար, այդ միջոցառումներն արդարացված են: Կոպիտ ասած, եթե Ամերիկայում պետությունն օգնում է բանկերին, ապա Հայաստանում` կառուցապատողներին: Բայց ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ամերիկայում, Եվրոպայում կամ Ռուսաստանում, օգնելով տնտեսության այս կամ այն ոլորտին, պետությունը ստանձնում է որոշակի մասնաբաժին այն բիզնեսում, որում այս կամ այն կերպ ներարկում է կատարում: Դա արվում է այն նպատակով, որպեսզի հետագայում վերադարձվեն կառավարության ներդրած գումարները: Ճգնաժամը նաեւ տնտեսության կառուցվածքը վերափոխելու հնարավորություն է: Միգուցե ՀՀ կառավարությունը, որն իր առաջնահերթ խնդիրն է համարում IT կամ ֆինանսական ծառայությունների զարգացումը, պետք է տեղաբաշխի միջոցները` հաշվի առնելով այդ առաջնահերթությունները: Չի բացառվում, որ IT ընկերություններին տրամադրած ընդամենը $ 1 մլն-ի երաշխիքները կարող են մեծ արդյունք տալ: Հասկանալի է, որ եթե նայենք տնտեսական շղթային, ապա շինարարական ոլորտի հետ կապված են բազմաթիվ այլ ճյուղեր: Սակայն, երբեմն պետք է ռազմավարական որոշումներ կայացնել: Դա եւս ճգնաժամը խնդիրների աղբյուրից նոր հնարավորությունների նախադրյալի վերածելու մեթոդներից մեկն է:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու գաղափարը:

– Կարծում եմ, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալու այդպիսի կենտրոն, քանի որ նպատակը խելամիտ է: Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը անհաղթահարելի խոչընդոտ չի հանդիսանում: Կիպրոսը, որը եւս գտնվում է դժվարին պայմաններում եւ փաստացի անջատ երկիր է, այնուամենայնիվ, դարձել է տարածաշրջանային ֆինանսական կենտրոն: Ավելին, եթե Հայաստանին հաջողվի հասնել այդ նպատակին, ապա դա ինքնին կամրապնդի նրա ռազմավարական դիրքը եւ կայունությունը, քանի որ հարեւան երկրների ներդրողները եւս շահագրգռված կլինեն դրանում: Այդ ուղղությամբ հաջողության հասնելու համար պետք է նախեւառաջ ամրապնդել երկրում ֆինանսական ձեռնարկությունների գոյության օրենսդրական եւ հարկային պայմանները: Եթե Հայաստանը պատրաստվում է միջոցներ ներգրավել արտասահմանից, դրանք երկիր կմտնեն միայն 100 տոկոսանոց հուսալիության եւ կարգավորման կանխատեսելիության ապահովման պայմաններում: Որքան հիշում եմ, խոսակցություններ էին ծավալվում ֆինանսական կենտրոնը Դիլիջանում հիմնելու մասին: Ահա դա ես ռիսկային մոտեցում եմ համարում: Միջազգային օդանավակայանից ավելի քան մեկ ժամվա ճանապարհի վրա ֆինանսական կենտրոն հիմնելը լրացուցիչ խոչընդոտ կդառնա օտարերկրյա ներդրողների համար: Դիլիջանում կարելի է իրագործել բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք կապված չեն այնպիսի նուրբ հարցերի հետ, ինչպիսիք են միջազգային դրամական ռեսուրսները:

– Ի՞նչ կարծիքի եք Համահայկական բանկի մասին, որը կոչված է հավաքագրել հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջոցները եւ դառնալ միջազգային ֆինանսական ինստիտուտների յուրօրինակ փոխարինող:

– Կարծում եմ` դա հետաքրքիր գաղափար է, որը կարող է շահեկան լինել ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի համար: Այդ գաղափարի հաջողությունը հիմնականում կախված է նրանից, թե ի՞նչ ծառայություններ է առաջարկելու այդ բանկը սփյուռքի ներկայացուցիչներին: Օրինակ, բանկը կարող է իր հաճախորդներին հնարավորություն ընձեռել երկակի հաշիվներ ունենալ. այն երկրում, որտեղ նրանք ապրում են, եւ Հայաստանում: Կարող է նախատեսվել արտոնյալ պայմաններով արժույթների փոխանակման հնարավորություն, եւ այդպես շարունակ: Նման ծառայությունների առկայությունը դրական դեր կունենա: Բացի այդ, այդպիսի բանկի գոյությունը սփյուռքում հաշիվ ունեցողներին թույլ կտա Հայաստանում ցուցադրել այն վարկային պատմությունը, որն անհրաժեշտ է վարկեր ստանալու, անշարժ գույք ձեռք բերելու եւ այլնի համար: Օրինակ, բանկի գրասենյակը կարող է Մոսկվայում վարկ տրամադրել Երեւանում բնակարան գնելու համար: Այսպիսով, Հայաստանի համար լրացուցիչ ուղի կբացվի դեպի ֆինանսական միջոցներ` արտասահմանում մեր հայրենակիցների անձնական վարկունակության շնորհիվ:

– Դուք «Այբ» ակումբի եւ կրթական հիմնադրամի ստեղծման նախաձեռնողներից մեկն եք: Ո՞րն է «Այբի» առաքելությունը:

– «Այբի» մոտեցումը հետեւյալն է. դպրոցում ցածր դասարաններից սկսած պետք է ցուցադրել, որ ապագայի բանալին կրթությունն է ու ստացված գիտելիքը:

Հայաստանը միշտ եղել է եւ մնում է մի երկիր, որտեղ կրթությունը բարձր է գնահատվում: Հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ ցանկանում են դիպլոմ ստանալ եւ ոչ թե գիտելիք: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կան բազում մարդիկ, ովքեր պատրաստ են ոչ թե խոսքով, այլ գործով աջակցել եւ առաջ տանել իրական գիտելիք ունեցող մարդկանց:

Մեր երազանքն է եղել 5-10 տարի հետո տեսնել, թե ինչպես են այն աշակերտները, որոնց մենք այսօր օգնում ենք, ինքնուրույն կանգնում նրանց շարքում, ովքեր իրենց գիտելիքները եւ նվաճումներն անկեղծորեն կիսելու են հաջորդ սերունդների հետ: