«Բեսեդկա» տուն-թանգարանի տարածքում

03/08/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խ. Աբովյանի տուն-թանգարանի տարածքի մի մասը քաղաքապետի 2004 թ. 987-Ա
որոշմամբ՝ սեփականաշնորհվել է ապօրինաբար: Թանգարանի տնօրեն Հովհաննես
Զատիկյանի վկայությամբ՝ թանգարանի տարածքում «անօրինական ճանապարհով
տեղավորվել են 2 զրուցարան (հավանաբար թարգմանվել է ոպրպՊՍՈ բառը.-Հ.Հ.),
2 ցայտաղբյուր եւ տարածքի մի զգալի հատված սեփականաշնորհվել է երկու
հարեւանների կողմից»: Դա՝ հատկապես այն պայմաններում, երբ քաղաքապետարանը
իբրեւ թե պայքար է ծավալում անօրինական կառույցների դեմ: Հատկանշական է,
որ հուլիսի 14-ին Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի
վերահսկողության վարչության կողմից Հ. Զատիկյանին ուղղված գրության մեջ
հաստատվում է, որ «.. տարածքին կից իրոք գոյություն ունեն ինքնակամ
շինություններ, որոնք կառուցվել են տարիներ առաջ»: Թանգարանի տնօրենի
խոսքերով՝ տարածքի զավթման հարցում իր բաժին մեղքն ունի նաեւ
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի տեղակալ Գագիկ Ավետիսյանը. «Նա, իբրեւ
չիմանալով, որ դա բռնազավթված տարածք է, տվել է իր համաձայնությունը»,-
կարծում է թանգարանի տնօրենը: Գագիկ Ավետիսյանն իր հերթին հավաստում է.
«Ինքնակամ շինությունների օրինականացման հանձնաժողովին ես իմ
ստորագրությամբ միայն հաստատել եմ, թե որ թվականին է տարածքը վերցվել: Իսկ
եթե ուզում եք իմանալ, այդ մարդն արդեն 15 տարի է՝ օգտագործում է այդ
հողը, ուրեմն այն իրենն է: Եթե վեճ կա, թող դատարանով լուծեն»: Այժմ
թանգարանի ղեկավարությունը սպասում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել
Դանիելյանի «վճռին», քանի որ հենց նա պետք է «կարգադրի համապատասխան
ծառայություններին՝ տեղեկատվություն տրամադրել տուն-թանգարանի տարածքում
նշված կառույցների գտնվելու վերաբերյալ, եւ կատարել սահմանների ճշտում»: