Հանրապետությունում գործում է մասնավոր 74 հեռուստաընկերություն եւ 15 ռադիո: Մասնավոր հեռուստաընկերություններից 30-ը մալուխային են հեռարձակվում (7-ը` Երեւանում, 22-ը` մարզերում, 1-ը՝ եւ Երեւանում, եւ մարզերում), 42-ը` եթերային (13-ը` մայրաքաղաքում, 26-ը` միայն մեկ մարզի տարածքում, 3-ը՝ հանրապետական): Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի լիցենզավորման եւ մեթոդական վարչության պետ Իշխան Վարդանյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ լիցենզիա է տրված նաեւ երկու եթերամալուխային հեռուստաընկերությունների, որոնք հեռարձակվում են միայն Երեւանում` «Սուպեր սիստեմ» եւ «AA TV»: Մասնավոր հեռուստաընկերություններից հանրապետական ամենամեծ սփռումն ապահովում են «Հ2»-ը, «Արմենիան», «ԱԼՄ»-ն: Պետական ֆինանսավորմամբ գործում են Հանրային, մշակութային «Արարատ» հեռուստաընկերությունները եւ Շիրակի հանրային հեռուստառադիոընկերությունը: Միջպետական պայմանագրերով հեռարձակվում են OPT, PTP, «Կուլտուրա», «Միր» հեռուստաընկերությունների հաղորդումները: Ռադիոներից 11-ը հեռարձակվում են միայն Երեւանում, 1-ը` Շիրակում` «Շանթ», 1-ը` Լոռիում` «Միգ», մասնավոր երկու ռադիո ապահովում են հանրապետական սփռում` «ԱՐ» միջմայրցամաքային եւ «Ռադիո հայ»: Միջպետական ծրագրով հեռարձակվում են նաեւ ֆրանսիական ռադիոհաղորդումներ: Պետական ֆինանսավորմամբ գործում է Հանրային ռադիոն:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը լիցենզիայի տրամադրման մրցույթներ չի անցկացնելու մինչեւ 2010-ի հուլիսի 20-ը: