Հայաստանում սկսվել են «Մանկական Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի պատրաստությունները, ինչի կապակցությամբ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթի հայտերի ընդունում, որոնցից նախընտրական 2 փուլերի արդյունքում կընտրվի լավագույնը, նոյեմբերին Կիեւում կայանալիք մրցույթին մասնակցելու համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հայտարարված է հունիսի 22-ը, ինչից հետո Հանրային հեռուստաընկերության ժյուրին փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի 7 լավագույններին, որոնք էլ հնարավորություն կստանան հուլիսի 12-ին մասնակցել նախընտրական երկրորդ փուլին: Այդ օրը հեռուստահամերգից հետո ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած կատարումը Կիեւում Հայաստանը ներկայացնելու իրավունք կստանա: Մրցույթի կանոնների համաձայն` ստեղծագործության հեղինակը պարտադիր պետք է լինի կատարողը կամ խմբի անդամներից մեկը, ներկայացված ստեղծագործությունները չպետք է հրատարակված լինեն կամ երբեւէ ներկայացված լինեն հանրությանը մինչեւ 2009թ. հունիսի 1-ը, երգի տեւողությունը չպետք է գերազանցի 2,45 րոպեն: Մրցույթի նախընտրական փուլերին կարող են մասնակցել երաժշտական ունակություններ ունեցող եւ ազգությամբ հայ 10-15 տարեկան երեխաներ` հեղինակ-կատարողներ, դուետ կամ խումբ` վեցից ոչ ավելի մասնակիցներով, ընդ որում, մասնակիցները պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենան առնվազն 2,5 տարի: Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2009-ը» անցկացվելու է նոյեմբերի 21-ին, Կիեւում: Մրցույթին այս տարի մասնակցում է 13 երկիր` Հայաստան, Բելառուս, Բելգիա, Կիպրոս, Մակեդոնիա, Վրաստան, Մալթա, Հոլանդիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Ուկրաինա: