Երբեմն մարդիկ իրար սիգարետ կամ սիգար են հյուրասիրում: Թե առաջինի, թե երկրորդի դեպքում պետք է հյուրասիրել անպայման տուփից: Իսկ վերցնելիս պետք է ոչ թե ընտրել` ձեռք տալով բոլոր գլանակներին, այլ այնպես, որ մյուս գլանակներին ձեռքով չդիպչեք: Նա, ով հյուրասիրում է սիգարետ, եւ ինքն էլ պատրաստվում է ծխելու, իրավունք ունի ձեզանից սպասելու կրակվառիչ կամ լուցկի: Այն դեպքերում, երբ տղամարդը կնոջից է խնդրում սիգարետ, կինը պետք է նաեւ լուցկի կամ կրակվառիչ եւս առաջարկի:
Ծխելիքը պետք է պահել գործարանային տուփի կամ պորտսիգարի մեջ: Չի կարելի հենց այնպես գլանակները դնել ծոցագրպանում կամ մի այլ տեղ: Բացօթյա վայրերում պետք է ծխել առանձին մասերում, օրինակ` այգու նստարանին նստած: Թատրոններում կամ այլ մշակութային վայրերում կան հատուկ ծխելու համար նախատեսված տարածքներ: Չեն ծխում այն հաստատություններում, որտեղ չկան ծխողներ, հատկապես` երեխաներ, հիվանդասենյակում, այնտեղ, որտեղ քնում են, աշխատանքի վայրում, եթե աշխատակիցներից գոնե մեկը չի տանում սիգարետի ծխի հոտը: Գլանակը չի կարելի դեն նետել, եթե համոզված չեք, որ այն վերջնականապես հանգած է: Ընդունված չէ զուգընկերուհուն պարելու հրավիրել սիգարետը ձեռքին կամ ատամների արանքում: Եթե կնոջ մոտ ուզում եք ծխել, ապա անպայման հարցրեք նրա համաձայնությունը: Չի կարելի սիգարետը բերանին մտնել ուրիշի տուն: Հյուր գնալիս անշնորհքություն է հանել գրպանից սիգարետը, լուցկին կամ կրակվառիչը եւ դնել սեղանին` սպասքի կողքին: Հյուր գնալիս, եթե ցանկանում եք ծխել, պետք է հաշվի առնել տանտիրուհու համաձայնությունը, բացի այդ, պետք է ծխել այն ժամանակ, երբ բոլորը վերջացրել են ուտելը: