Չեղյալ է ճանաչել

09/06/2009

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Երեւանի 8/01, 8/03, 8/05 ընտրական տեղամասերում տեղի ունեցած ընտրությունները: Հիշեցնենք, որ այս ընտրական տեղամասերում արձանագրված պատկերը Դատախազության ուշադրության կենտրոնում էր հայտնվել ԶԼՄ-ների հրապարակումների արդյունքում: Եվ երկու օր ՀՔԾ-ն ուսումնասիրում էր այս տեղամասերից բերված քվեապարկերը: Դրա արդյունքում արձանագրվեցին որոշակի խախտումներ, որոնցից ամենաէականն այն էր, որ քվեաթերթիկների պարկը բոլոր երեք տեղամասերում բացված էր եղել՝ փակել, կնքվելուց հետո: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 4-ին ՀՀ Դատախազություն է ներկայացրել թիվ 7/7, 7/9, 8/15 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին թիվ 7 եւ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները՝ համապատասխան հիմքերով, թիվ 7/7, 7/9 եւ 8/15 տեղամասերի ընտրական փաստաթղթերի պարկերը եւ այդ հանձնաժողովների գործավարության մատյանները: Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի՝ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում առկա նյութերը ներկայացվում են Դատախազություն՝ քրեական գործ հարուցելու նպատակով: