ԱԺ երեկվա նիստում, վերջին շրջանի սովորության համաձայն, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վեր է կացել իր պատգամավորական տեղից եւ քայլերն ուղղել է դեպի «Ժառանգություն» խմբակցության համար հատկացված շարքերը: «Ժառանգության» պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը նրան թույլ չեն տվել եւ ձեռքերով փակել են ազատ նստարանը: «Մի նստեք, այստեղ մի նստեք»,- ասել են նրանք: Ս.Ալեքսանյանը հանկարծակիի գալով՝ դուրս է եկել Նիստերի դահլիճից: «Մեզ հաճելի չէ, որ նա նստի մեր կողքը: Հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Մալաթիա-Սեբաստիա համայնքում կատարված դեպքերից հետո չենք ուզում, որ Ս.Ալեքսանյանը նստի մեր կողքը: Ինքն իր պատգամավորական տեղն ունի, թող այնտեղ նստի»,- ավելի ուշ ասել է Զ.Փոստանջյանը: