Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմում օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ
ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ԼՂՀ ԱԺ ընտրություններում
կոմունիստական ուժերի պարտությունը համարեց «դավադրության, խաբեության,
ահաբեկության արդյունք»: Հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունների
ընթացքի մասին կոշտ գնահատականներ է տալիս՝ միաժամանակ խոստովանելով, որ
Կոմկուսն այդ ընտրություններում դիտորդներ չի ունեցել:
Երկքաղաքացիության առնչությամբ հարցիս էլ պատասխանեց. «Անհատական մոտեցում
է հարկավոր: Այն մարդը, որը ցանկանում է երկքաղաքացիություն ստանալ, պետք
է նախ եւ առաջ մի քանի տարի ապրած լինի Հայաստանում»: Եվ այլաբանորեն
ավելացրեց. «Ընդհանրապես, ոչ բոլոր սփյուռքահայերն են մեր բարեկամները»:
Ռուսամետ կուսակցության ղեկավարին խիստ անհարազատ է Եվրախորհուրդը, քանի
որ դատապարտեց սահմանադրական բարեփոխումների հարցում Վենետիկի
հանձնաժողովի դերն ու նշանակությունը. «Ո՞վ է Վենետիկը, որ թելադրի, թե
մեզ ինչպիսի սահմանադրություն է պետք: Վա՜յ հայ ժողովուրդ, որ քո
ճակատագիրը որոշելու է Եվրոպան»:
Ավանդույթի ուժով Կոմկուսի առաջնորդը քննադատեց երկրի սոցիալ-տնտեսական
վիճակը. «Երկիրը խորությամբ թալանված է, ռիթմիկ աշխատող գործարան չկա,
կեղծ ժապավեններ են կտրվում, ժողովուրդը չի մասնակցում սեփականաշնորհման
գործընթացին»: Երբ նկատեցի, որ այդ մասին մշտապես հնչում է նաեւ Գեղամյանի
ելույթներում, Ռ. Թովմասյանը պատճառաբանեց. «Մենք նույն կուսակցական
դպրոցն ենք անցել: Բա ի՞նչ էիք կարծում»: Սակայն նկատեց, որ «Ազգային
Միաբանության» հետ իրենք լուրջ անհամաձայնություններ ունեն, եւ դաշինք
կազմել հնարավոր չէ:
Կենտկոմի 1-ին քարտուղարի ելույթն աչքի էր ընկնում յուրօրինակ
համեմատություններով. «Գյուղացին պետք է կարողանա մի քանի կգ ծիրան
վաճառել, որպեսզի մի քանի զուգարանի թուղթ գնի», «Որ հիմնարկ մտնես՝ աչքը
ձեռքիդ է ու ունեցվածքիդ» եւ այլն: Կոմկուսից հեռացածներին էլ հետդարձի
կոչ հղելիս խոստացավ. «Մենք ոչ մի անգամ չենք ասի՝ դուք տարած-հետբերածներ
եք»: Իսկ «նորացված», «առաջադիմական», «մարքսիստական» կուսակցություններին
էլ անվանեց իրենց «կլոնը» եւ համեմատեց… «ղազերի» հետ. «Լիճն է կարապին
կարապ դարձնում, եթե լիճը չկա, կարապը դառնում է ղազ»: