Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ կուսակցության վերնախավը անստորագիր դիմումներ է բաժանել ԱԺ դեռեւս անկախ մի քանի պատգամավորների: Դիմումներում նշված է, թե պատգամավորները ցանկանում են անդամագրվել կուսակցությանը եւ խորհրդարանում մասնակցել ՀՀԿ նիստերին: Դիմումներում գրված է նաեւ, որ նրանց դիրքորոշումը խորհրդարանում ու խորհրդարանից դուրս լինելու է ՀՀԿ-ի դիրքորոշմանը համահունչ: Այդ դիմումները ստացած պատգամավորների թվում են Սամվել Բալասանյանը, Հակոբ Հակոբյանը, Լեւոն Խաչատրյանը, Կարեն Վարդանյանը: Ըստ որոշ տեղեկությունների, վերջինս արդեն ստորագրել է դիմումը: Հիշեցնենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն անձամբ էր հովանավորում գործարար Հրանտ Վարդանյանի որդուն եւ քարոզարշավի ժամանակ նրա հետ շրջում էր Տավուշի մարզում: Երեկ Կ.Վարդանյանը չցանկացավ պատասխանել հարցին` ստացե՞լ է նման անստորագիր դիմում եւ ստորագրե՞լ է արդյոք այն: Նա միայն ասաց, թե ինքը ՀՀԿ-ի համակիր է: Մեր տեղեկություններով, մյուս պատգամավորները դեռ դիմադրում են եւ չեն ուզում ստորագրել այդ պարտադրված դիմումների տակ: Հ.Հակոբյանն ու Ս.Բալասանյանը նախկինում ՕԵԿ անդամներ են եղել: 2006թ. գարնանը, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ իր կուսակցությանը հայտարարեց ընդդիմադիր, այս երկու պատգամավորներն իրենց մի քանի այլ կուսակիցների հետ իշխանությունների ճնշման տակ ու իրենց բիզնեսը կորցնելու վտանգի պատճառով դուրս եկան ՕԵԿ-ից: Հիմա արդեն նրանք կանգնած են մեկ այլ` ՀՀԿ-ին անդամակցելու վտանգի առաջ: Այս դեպքում նույնպես, եթե դիմադրեն եւ դիմումները չստորագրեն, նորից կառաջանա իրենց բիզնեսը կորցնելու վտանգը: Մեր տեղեկություններով, ներկայումս իշխանությունները փորձում են համոզել այդ պատգամավորներին: Երեկ մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը չհերքեց նման դիմումների գոյությունը: «Երբ այդ տեղեկությունը վերջնական լինի, մենք պաշտոնական հայտարարություն կանենք»,- ասաց Է. Շարմազանովը: Մյուս անկախ պատգամավորների հետ մեզ չհաջողվեց զրուցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ-ն փորձում է անկախ պատգամավորներին «իրենով անել»` մտավախություն ունենալով Ռոբերտ Քոչարյանի վերադարձից կամ Լեռնային Ղարաբաղի հարցի հնարավոր լուծման դեպքում հնարավոր խնդիրներից: Հիշեցնենք, որ փետրվարին երկու անկախ պատգամավորներ` Ռուստամ Գասպարյանը եւ Մարտուն Գրիգորյանն էլ միացել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: