Վերջին շրջանում բոլորի ուշադրության կենտրոնում ռուսական վարկն է՝ 500 միլիոն դոլարի չափով։ Բոլորն այդ մասին խոսում են, սակայն, ինչպես երեւում է, ոչ ոք չգիտի, թե ինչի համար է այն օգտագործվելու։
Ռուսական վարկը դեռ ամենասկզբից պատված էր «խորհրդավորության շղարշով»։ Նախ, Ռուսաստանի նախնական համաձայնությունից հետո տեւական ժամանակ «ձեն-ձուն» չկար՝ ոչ ժամկետների, ոչ պայմանների մասին։ Հետո, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններիՆ, եւ ռուսները բացեցին սնդուկը։ Արդեն սկսեցին խոսել պայմանների մասին՝ 15 տարով, LIBOR + 3% տոկոսադրույքով։ Հիշեցնենք, որ LIBOR-ը միջբանկային, լողացող փոխարժեք է, եւ ամեն տարի ճշգրտվում է։ Ներկայիս ճգնաժամի պայմաններում, երբ ամբողջ աշխարհում Կենտրոնական բանկերը վարում են մեղմ դրամավարկային քաղաքականություն եւ իջեցնում տոկոսադրույքները, LIBOR-ը 1%-ից քիչ ավելի է։ Ապագայում այն զգալիորեն կաճի։ Օրինակ, ըստ տնտեսագետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, ներկայումս ողջ աշխարհում առաջնային է ոչ թե գնաճի զսպումը, այլ հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, երբ նախապատվությունը տրվում է տնտեսական աճին ու զբաղվածության ապահովմանը։ Տնտեսական վիճակի կայունացման, տնտեսական որոշակի աճի ապահովման պարագայում, ըստ ԿԲ նախկին նախագահի` առաջնայնությունը կրկին տրվելու է գնաճի զսպման քաղաքականությանը, որի միջոցներից է լինելու տոկոսադրույքների բարձրացումը: Թերթերից մեկին տված հարցազրույցում Բ. Ասատրյանը նաեւ նշել էր, որ այն կարող է հասնել մինչեւ 9-10%-ի, եւ չի կարելի նման ծանր բեռ դնել սերունդների վրա (խոսքը վերաբերում է ռուսական վարկին)։ Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հաշվարկներով, այսօր վերցված 500 միլիոնի փոխարեն՝ մենք Ռուսաստանին վերադարձնելու ենք ավելի քան 1 միլիարդ դոլար։
Եթե տոկոսադրույքի զարգացումներն առաջիկա տարիներին ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, ապա մի հարցում բոլորը համաձայն են՝ այս վարկը ոչ մի դեպքում չի կարելի արտոնյալ վարկ համարել, ինչպես որ նշում են իշխանությունները։ Ավելին, տնտեսագետների կարծիքով` այն կոմերցիոն վարկ է, եւ թերեւս կարիք չկար, որ ծանր պայմաններով տրված վարկի համար Սերժ Սարգսյանը երախտագիտություն հայտներ իր ռուս գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդեւին։
Ինչեւէ, լավ է թե վատ՝ վարկն արդեն հաստատված է։ Մնում է ճիշտ ծախսել այդ գումարները, ծառայեցնել նպատակին՝ այն է՝ ճգնաժամի բացասական հետեւանքները մեղմելուն։ Սակայն հենց այստեղ ավելի մեծ խորհրդավորություն կա։ Ոչ ոք հստակ չգիտի, թե գումարն ինչպես է ծախսվելու, մինչդեռ դա բոլորին է հետաքրքրում, քանի որ դրա մարումը կատարվելու է ՀՀ շարքային քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ Սա ընդունում է նաեւ Կառավարությունը։ «Հիմնական հարցը, որ հետաքրքրում է մեր քաղաքացիներին, պատգամավորներին, այն է, թե ինչպես ենք ծախսելու այս 500 մլն դոլարը»,- մայիսի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այնուհետեւ նա փոքր-ինչ բացել է փակագծերը՝ նշելով որոշ թվեր եւ ուղղություններ։ Նաեւ հավելել է. «Մի մասը մենք ծախսելու ենք բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, մասնավորապես, աղետի գոտում շուրջ 24 մլրդ դրամի վերականգնողական աշխատանք ենք իրականացնելու, շուրջ 15 մլրդ դրամ ՓՄՁ ԶԱԿ-ին ենք տրամադրելու։ Այս միջոցներից վարկեր ենք տրամադրելու համակարգաստեղծ գործարաններին, եթե դրանք կունենան ժամանակավոր դժվարություններ` պայմանավորված համաշխարհային ճգնաժամով, ձեւավորելու ենք կայունացման հիմնադրամ ԿԲ-ում։ Այդ միջոցների մի մասը պլանավորում ենք օգտագործել 2010թ. բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, իսկ մյուս մասը ուղղելու ենք հակաճգնաժամային միջոցառումներին»: Գործնականում սա է ամբողջ տեղեկատվությունը, որ ունենք։ Փաստորեն, 65 միլիոն դոլար ուղղվելու է աղետի գոտու շինարարությանը, 40 միլիոն դոլարի չափ էլ՝ փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը։ Մնացած շուրջ 400 միլիոն դոլարի ճակատագիրն անորոշ է՝ կոնկրետ որքան գումար է հատկացվելու համակարգաստեղծ գործարաններին, որքան՝ կայունացման հիմնադրամին, որքան՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։
Հրանտ Բագրատյանը նման գործելաոճը, այսինքն` վարկի ծախսման կառուցվածքի անորոշությունը (կամ գաղտնիությունը), արդեն իսկ մեծ խնդիր է համարում։ Այսինքն՝ գործնականում անհնար է գնահատականներ տալ ռուսական վարկի օգտագործման արդյունավետությանը, երբ ծախսերի կառուցվածքը հասանելի է միայն նեղ շրջանակին։ Սակայն եղած տեղեկատվությամբ անգամ երեւում է, որ ամենաշատ գումարները հատկացվելու են շինարարությանը։ Հունիսի 5-ին Մոսկվայի տանը «Ֆինանսաբանկային Քոլեջ» հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ իր ելույթում եւս մի քանի տվյալներ է նշել. «Հայաստանի հակաճգնաժամային ծրագրով նախատեսված է բնական կենսագործունեություն ապահովող ենթակառուցվածքների պահպանմանն ու նոր ծրագրերի իրականացմանն ուղղված հետեւյալ միջոցառումները.
– Ճանապարհաշինարարական նախագծերի իրականացում` 800-1000 կմ ավտոճանապարհների կառուցում 2009-2012թթ.` շուրջ 110 մլրդ դրամի ֆինանսավորմամբ։
– Աղետի գոտու բնակարանային շինարարություն` շուրջ 75 մլրդ դրամի չափով, ներառյալ Վարպետաց քաղաքի կառուցումը։
– Ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի արդիականացում` շուրջ 100 մլրդ դրամ։
– Համահայկական բանկի եւ հիպոթեքային հիմնադրամի գործարկում` 9 մլրդ դրամ»։
Փաստորեն, կառավարությունը միայն ճանապարհաշինության եւ աղետի գոտու վրա պատրաստվում է 2-3 տարում ծախսել շուրջ 185 միլիարդ դրամ կամ 500 միլիոն դոլար։ Հասկանալի է, որ այդ գումարները վերցվելու են ռուսական վարկից, Համաշխարհային բանկի եւ այլ կառույցների տված միջոցներից։
Կոնկրետ աղետի գոտում շինարարության վրա կատարվելիք ծախսերը՝ 75 միլիարդ դրամ կամ ավելի քան 200 միլիոն դոլարը շատերին է տարակուսանքի մեջ գցել։ Օրինակ՝ Բագրատ Ասատրյանն ասում է. «Իշխանությունները վաղուց արդեն հայտարարել էին, որ աղետի գոտու վերականգնումն ավարտվել է: Հիմա ի՞նչ շինարարություն, ի՞նչ ծրագրեր են իրականացնելու: Հնարավոր է, որ իրենց տանիքի ներքո գործող եւ իրենց պատկանող ընկերություններին են այս գումարները գնալու, եւ այդ վտանգը շատ մեծ է եւ շատ լուրջ»: Եթե սրան էլ գումարենք կառուցապատողներին տրամադրվող պետական երաշխիքները, ստացվում է, որ ներգրավված միջոցների առյուծի բաժինը գնալու է շինարարությանը։
Ստացվում է՝ իշխանություններն իրենք էլ նշում են, որ ճգնաժամը նախկին սխալներն ուղղելու եւ տնտեսությունը ճիշտ ուղու վրա դնելու հարմար առիթ է, սակայն ավելի ինտենսիվ են շարունակում նախկին քաղաքականությունը՝ նախապատվությունը տալով շինարարությանը։ «Շինարարության պատճառով մենք ճգնաժամի մեջ ենք հայտնվել, հիմա ինչո՞ւ են օգնում այս ոլորտին։ Որովհետեւ իրենց ընկերներն են այդ բիզնեսում»,- մեզ հետ զրույցում նշեց Հրանտ Բագրատյանը։ Շենք սարքելուց բացի, կառավարությունը փորձում է հոգալ նաեւ պահանջարկի մասին. հիպոթեքային հիմնադրամի ստեղծման համար նախատեսվող մի քանի միլիարդ դրամը դրա վկայությունն է։ Սակայն տնտեսագետներից շատերը դա էլ են համարում պայթյունավտանգ՝ հիշեցնելով, որ համաշխարհային ճգնաժամը սկսվեց հենց «հիպոթեքային փուչիկի» պայթյունից։
Մի խոսքով, Հայաստանը ճգնաժամի դեմ պայքարում է հիմնականում արտաքին աշխարհից փող խնդրելով։ Այսինքն՝ պետական հակաճգնաժամային քաղաքականությունը պայմանականորեն կարելի է անվանել` «Փող տվեք, յոլա գնանք»։ Թե հետո ինչ կլինի՝ պարզ չի։ Առավել վատատեսները գտնում են, որ օլիգարխները գումարները մեջ-մեջ են անելու՝ տնտեսությունը գցելով է՛լ ավելի խորը փոսի մեջ։ Իսկ իրենց ավելի իրատես համարող մարդիկ դեռեւս անորոշության մեջ են, քանի որ չեն պատկերացնում՝ վերցված գումարները երկարաժամկետ հեռանկարում իրականում օգո՞ւտ են տալու մեզ, թե՞ վնասելու են։ Արաբական մի հին առակ կա. մեկը նեղության մեջ է լինում, եւ պարտքով փող է խնդրում իր վաճառական բարեկամից։ Վերջինս ծառային հրամայում է բերել մի քսակ ոսկի եւ մի հայելի։ Քսակը տալիս է պարտք խնդրողին, հետո խնդրում նայել հայելու մեջ՝ ասելով. «Հիմա, երբ դու ստացար քո ուզածը՝ դեմքդ ուրախությունից փայլում է։ Հիշիր այդ դեմքդ, եւ աշխատիր այնպես անել, որ գումարը նույն դեմքով ետ վերադարձնես»։ Հետաքրքիր է՝ մե՞նք ինչ դեմքով ենք վերադարձնելու մեր պարտքերը։