Կրծքով պաշտպանում են սեփական բիզնեսը

09/06/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ազգային ժողովում երեկ շարունակվեց հարկային ոլորտին վերաբերող մի քանի օրենքների փոփոխություն նախատեսող աղմկոտ նախագծի քննարկումը:

Հիշեցնենք, որ այս օրինագծի վիճահարույց առաջարկությունն այն է, որ տարեկան 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող խոշոր տնտեսվարող սուբյեկտներում Պետեկամուտների կոմիտեն պետք է մշտական ներկայացուցիչ ունենա: Ու քանի որ ՀՀ ԱԺ պատգամավորներից շատերը նաեւ գործարարներ են, նրանց մի մասն էլ՝ խոշոր հարկատուներ, փոփոխությունների այս նախագծի քննարկումը շատ բուռն է անցնում: Օրինագծի առաջին ընթերցման քննարկումը սկսվել էր դեռեւս անցած քառօրյայի ժամանակ: Այն շարունակվեց ու ավարտվեց երեկ: Օրինագիծը քննադատության էր արժանանում ոչ միայն գործարար, այլ նաեւ բիզնես չունեցող պատգամավորների կողմից: Ու արդեն ամիսներ տեւող այս քննարկման ժամանակ օրինագծի մասին տարբեր կարծիքներ հնչեցին: Արտադրողները կարծում են, որ սա արտադրությանը խոչընդոտող ու ներմուծմանը խթանող օրինագիծ է: Կարծիքներ հնչեցին, որ այդպիսով իշխանությունները կունենան եւս մի լծակ` չհնազանդվող գործարարին պատժելու կամ ընդհանրապես նրա բիզնեսը խլելու համար: Երեկ արդեն ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «քաղաքական շատ լուրջ ենթատեքստ» տեսավ այս փոփոխությունների հիմքում: Նա գտնում է, որ այս օրինագիծը ներկայացրած կառավարությունը նախ պետք է իրենց ասեր, որ սխալվել է: «Պետք է ասի, թե այն բոլոր մեխանիզմները, որոնք ամրագրվել են կառավարության ծրագրի մեջ, այժմ չեն աշխատում: Այսինքն` կառավարությունը հարկային քաղաքականության մեջ ձախողել է,- հայտարարեց Վ.Հովհաննիսյանն` ավելացնելով,- Չհամոզեք ինձ միայն, որ այդ գործարաններում գտնվող ոստիկանական ֆունկցիայով հարկայինի ներկայացուցիչները բացարձակապես անկաշառ հրեշտակներ են լինելու: Ով ստվերում էր, նա ստվերում էլ կմնա: Բայց նա, ով փորձում է ազնիվ աշխատել, այս մեխանիզմի տակ դառնում է հարվածի թիրախ»: Նա հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս օրինագծին: ՀՀԴ ներկայացուցչի համոզմամբ՝ օրինագծի ընդունումից հետո խոշոր գործարարներն իշխանությունների ձեռքում դառնալու են քաղաքական պատանդ, ինչը ավելի ցայտուն կարտահայտվի հատկապես ընտրությունների ժամանակ: ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե քանի որ իրենց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւս խոշոր տնտեսվարող է, ապա որոշել են այդ հարցին անհատական մոտեցում ցուցաբերել: Այսինքն՝ խմբակցությունն այս օրինագծի նկատմամբ միասնական դիրքորոշում չի ունենալու: Ինքը` Ն.Զոհրաբյանը, դեմ է առաջարկվող փոփոխություններին եւ գտնում է, որ վտանգավոր է առաջնորդվել հանցագործի կանխավարկածով` մտածել, թե բոլոր գործարարները վտանգավոր են: «Այս դեպքում ես կարող եմ հակընդդեմ հարց առաջադրել` իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ Պետեկամուտների կոմիտեում աշխատում են հրեշտակներ, եւ այդ կանտորան հրեշտակների կանտորա է»,- հարցրեց պատգամավորը:

«Մապ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանն էլ առաջարկում է նախ վերլուծել, թե այս օրինագիծը ի՞նչ վնասներ եւ օգուտներ կարող է տալ մեր տնտեսությանը, քանի որ հարկային մուտքեր ապահովելուց բացի, այն ենթադրում է նաեւ ծախսեր: Պատգամավորը նաեւ առաջարկեց, որ կառավարությունից ԱԺ եկած օրինագծերի տակ գրվի դրա հեղինակի անուն-ազգանունը այնպես, ինչպես դա լինում է պատգամավորների դեպքում, որպեսզի հետո կարողանան դրա համար պատասխանատվության ենթարկել կամ էլ պարգեւատրել հեղինակին: «Եվ ամենակարեւորը` մենք ինչքա՞ն կարող ենք մեր հարկային մուտքերն ավելացնել հարկային վարչարարության սկզբունքի հիման վրա: Մենք ինչ օրենք ընդունում ենք, հարկայինը դա կատարում է: Եկեք մենք այս օրենքը չընդունենք, հարկայինն էլ չօգտագործի: Բայց եթե բյուջեն լցնելու համար հույսներս դրել ենք հարկային օրենքները խստացնելու վրա, մենք երկար չենք կարողանա այդպես շարունակել: Մենք դեռ չգիտենք, թե այս ճգնաժամն ինչքա՞ն է շարունակվելու, եւ հաջորդ տարի ի՞նչ օրենք ենք ընդունելու բյուջեի ճեղքվածքը լցնելու համար: Ամբողջ աշխարհում տնտեսության աճի հաշվին են բյուջեն կատարում, դրա համար մենք այսօր բոլորս միասին պետք է մտածենք, թե ինչ անենք, որ տնտեսությունը զարգանա»,- ասաց Ա.Պետրոսյանը:

Հերմինե Նաղդալյանը, թերեւս, այն եզակի պատգամավորներից էր, ով փորձեց պաշտպանել օրինագիծը: Պատգամավորի դիրքորոշումը թերեւս հասկանալի է. հայտնի է, որ նրա ամուսինը հարկային մարմիններում երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցնում: «100 մլն խախտում ունեցող գործարարի հետ ի՞նչ պետք է անենք, պիտի պատժե՞նք, թե՞ ոչ: Որոշեք, հարգելի կոլեգաներ: Այս օրինագիծը կապեցին ընտրությունների հետ, քաղաքականացրեցին: Լավ արեցին, քաղաքական գործիչ են, ընտրությունների են պատրաստվում»,- Վ.Հովհաննիսյանին հակադարձեց տիկին Նաղդալյանը:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյան էլ հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը մեկ նստաշրջանի ընթացքում երկու անգամ որեւէ օրինագծի մերժման դեպքում կարող է քվեարկության ներկայացնել իր վստահության հարցը: Եթե կառավարության համար այդ օրինագծի ընդունումը շատ կարեւոր է, ապա վերջինս կարող է նախապայման սահմանել. եթե ԱԺ-ն այն չընդունի, ապա կառավարությունը հրաժարական կներկայացնի: Հիշեցնենք, որ կառավարությունն այս նախագիծը քննարկման է ներկայացրել հրատապ կարգով: Մյուս կողմից, Դալլաքյանի խոսքերով, կառավարությունը ձեւավորել են կոալիցիոն ուժերը, որոնց կողմից առաջադրված նախարարներն են կողմ քվեարկել այդ օրինագծին եւ այն ուղարկել ԱԺ: Այնպես որ, պատգամավորները կարող են պարտադրել իրենց նախարարներին դեմ քվեարկել այդ օրինագծին, հակառակ դեպքում կարող են նրանց հետ կանչել: Մի խոսքով, խորհրդարանի մեծ մասը քննադատեց հարկային խստացումներ ենթադրող այս օրինագիծը եւ սպառնաց, որ դեմ է քվեարկելու: Առաջին ընթերցման քվեարկությունը հավանաբար տեղի կունենա այսօր: