«Հիմա առանձին դրոշներ բարձրացնելու ժամանակը չէ»

09/06/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության երբեմնի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե չի ցանկանում մեկնաբանել իր կուսակից Զարուհի Փոստանջյանի`

Հայ Ազգային կոնգրեսին հասցեագրած մեղադրանքները, սակայն նկատեց, թե` ՀԱԿ-ը «ռազմավարական լուրջ սխալներ» է թույլ տվել այս ընտրություններում:

Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանն էլ նախորդ շաբաթ` ՀԱԿ-ին մեղադրել էր նրանում, թե` «ընդդիմադիր միակ ուժը լինելու հավակնություններ ունեցող ՀԱԿ-ը, իբրեւ այդպիսին, չհանձնեց քննությունը», եւ որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ը «ժողովրդի վստահությունը չի վայելում»:

Ր. Հովհաննիսյանի ասելով` Երեւանի քաղաքապետի առաջին ընտրություններն ընդհանուր առմամբ` «տմարդի էին եւ հակահայկական», եւ չէին համապատասխանում ո՛չ օրենքին, ո՛չ էլ մեր ժողովրդի ակնկալիքներին: «Ցավով եմ ասում, որ մեր պետականության, մեր ազգային դիմադրողականության, քաղաքացիական արժանապատվության աստիճանն էապես նվազեց այս ընտրությունների դրդմամբ: Ոչ միայն քվեարկության օրը, այլ ընդհանրապես այս ընտրությունների կազմակերպումը, նախապատրաստումն ու անցկացումը եւ հատկապես արդյունքները նախապես որոշված էին եւ կապ չունեին մեր ժողովրդի սահմանադրական հիմք ունեցող ազատ ընտրության իրավունքի հետ»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը: Մեր հարցին, թե` կիսո՞ւմ եք ՀԱԿ-ի վերաբերյալ Զ. Փոստանջյանի տված գնահատականները, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ասեմ. ընդհանուր առմամբ, կարծում եմ` սա համազգային տապալում է: Մենք տապալել ենք եւ դե յուրե լուծում չենք տվել մեր խնդիրներին եւ մարտահրավերներին, եւ պետք չէ պատրանք տածել, թե Եվրոպան, ԵԽ-ն, դիտորդը, արտաշխարհը մեզ որեւէ փարոս, լույս կամ ուղեցույց պետք է լինի: Մենք հերթական հնարավորությունն ունեինք եւ չիրացրինք այդ հնարավորությունը: Մնում է հաջորդ ընտրություններին եւ այդ հավատամքին, որ մինչեւ հաջորդ ընտրություններ մենք կկարողանանք իսկապես ընտրությունների միջոցով իրական այլընտրանքներ եւ ժողովրդի մասնակցության հրամայականն ապահովել: Կարծում եմ` բոլորի համար, եւ հատկապես ընդդիմադիր դաշտի մեջ գտնվող ուժերի համար հերթական ներհայեցողության ժամն է հնչել, որ յուրաքանչյուր ուժ նախ իր համար որոշի, թե որտեղ է ինքը սխալվել: Այո, առարկայական, կեղծված ընտրություններ էին, բայց ինչ կարող էինք անել տարբեր, որ նաեւ արդյունքը լիներ տարբեր, որպեսզի ժողովուրդը զգար իր ուժը, իր պետականության, պատկանելիության ներուժը եւ իր մասնակցության այլ արդյունք ապահովեր»: Ավելի հստակ պատասխան ստանալու ակնկալիքով` Ր. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք ինքը նույնպես կարծում է, որ ՀԱԿ-ի թեկնածուն չհաղթեց ընտրություններում, քանի որ «ՀԱԿ-ը չի վայելում ժողովրդի վստահությունը»: Ի պատասխան, նա ասաց. «Ես հիմա տալիս եմ իմ անհատական կարծիքը, սա «Ժառանգության» պաշտոնական տեսակետը չէ, դրա ժամը երեւի կգա: Ես ասում եմ` հիմա փոքրիկ, առանձին դրոշներ բարձրացնելու պահը չէ: Մի դաշտից գալիս է շատ ճիշտ եւ շինիչ ազդակը, որ ազգային ընդդիմադիր դաշտում անելիքներ ունենք: Բայց «Ժառանգությունը»` լինելով փոքրակազմ, այո, լինելով սխալական, քիչ բան չի արել այս վերջին տարիների ընթացքում ազգային ընդդիմադիր դաշտում այդ ազգային դիրքերը պահելու եւ ամրապնդելու համար: Մյուս բեւեռում կա հերթական կոչ, որ ժողովրդավարական դրոշը բարձրացնենք, քաղաքացիական իրավունքների, ՍԴ-ի դրոշը բարձրացնենք: Ամեն մեկն իր փոքր դրոշն է բարձրացնում: Պետք է այս փոքր հատվածական դրոշները վայր դնենք, դրոշը վերադարձնենք ժողովրդին, փրկենք մեր քաղաքացիական եւ ազգային դրոշը, եւ ամեն մեկն իր սխալները պետք է վերլուծի: Ես, որպես քաղաքացի, կողմ կլինեի, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» խորհրդակցությունների շարք սկսեին` յուրաքանչյուրը սկսելով իր սխալներից, եւ փորձեր բանաձեւել եւ համագործակցության նոր դաշտ սկսել: Կարծում եմ` այս շփումը, հաղորդակցությունն անհրաժեշտ է, եւ յուրաքանչյուրը պետք է սկսի իր սեփական թուլություններից, թերացումներից եւ սխալներից»: Հարցին էլ` կիսո՞ւմ եք այն տեսակետը, թե` ՀԱԿ-ը «հնացած մարդկանցով եւ հնացած բանաձեւերով է աշխատում», Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես պաշտպանում եմ յուրաքանչյուր քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը: Այդ տեսակետները գոյության իրավունք ունեն, անպայման չէ, որ ես դրանց հետ համաձայն լինեմ: Ես, օրինակ, համարում եմ, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն կայացած ուժեր են, եւ արժե, որ իրենք հաղթահարեն սեփական փոքրիկ դրոշակների պահը եւ ստեղծեն ավելի լայն ընդդիմադիր խորհրդակցության ավանդույթ»: Մեր հարցին, թե` ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի ստացած ձայները համապատասխանո՞ւմ էին իրականությանը, թե՞ Դուք էլ եք կիսում Զ. Փոստանջյանի այն տեսակետը, որ ՀԱԿ-ն այդքան քիչ ձայն հավաքեց ընտրություններում, քանի որ «չի վայելում ժողովրդի վստահությունը», «Ժառանգության» նախկին ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել Զ. Փոստանջյանի խոսքերի ձեր մեկնաբանությունը: Պարզապես ուզում եմ ասել, որ համատարած անօրեն, անարդար, հակահայկական ընտրություններ էին, եւ պետք չէ, որ այդտեղ որեւէ մեկն իր փոքրիկ դափնիները փնտրի` ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր դաշտում: Այստեղ կա՛մ բոլորս կայացած ենք, կա՛մ ոչ մեկս կայացած չենք, եւ, կարծում եմ, որ ի հեճուկս մեզ մենք պետք է սկսենք ինքնաքննադատությամբ սեփական սխալներն ընդունելով առաջ գնալ: Կարծում եմ, ընդդիմությունը պետք է ավելի շատ ձայն հավաքած լիներ: Եթե ընդդիմությունն իրապես իր մարտավարությունն առավել ճշգրիտ կազմակերպած լիներ, արդյունքները մի փոքր այլ կարող էին լինել»: