«Վերջը ուզո՞ւմ եք ինչ-որ բան ապացուցվի, թե՞ չէ, ուզո՞ւմ եք` երկիր սարքվի: Եթե չէ, եկեք ես էղածը թափենք մի կողմ ու ինչքան պետք է՝ ես նստեմ. ամոթ է, չէ՞, ի վերջո»,- երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարել է Մարտի 1-ի գործով մեղադրվող, քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ դատախազ Հովսեփ Սարգսյանը սկսել է առարկել պաշտպան Մելանյա Առուստամյանի ներկայացրած միջնորդությունների դեմ: Պաշտպանը միջնորդել էր գործին կցել այն երկու վկաների հարցաքննությունները, որոնք ինքն է արել: Վկաներից մեկը՝ Լավրենտ Գասպարյանն, օրինակ, հրաժարվել էր Հակոբյանի դեմ տված իր նախաքննական ցուցմունքներից, քանի որ դրանք գրել է ստիպողաբար: Ի դեպ, սա այն վկան է, որին ձերբակալել են մարտի 1-ին խանութների թալանի, ոստիկան ծեծելու մեղադրանքով: Մեղադրական կողմը հիմնականում հենվել էր հենց այս վկայի տված ցուցմունքների վրա: Ըստ այս վկայի նախաքննական ցուցմունքների՝ իբր Հ. Հակոբյանը մարտի 1-ին Մալաթիայի տոնավաճառում միտինգ է արել այն ժամին, երբ, մյուս վկաների ցուցմունքներով, Հակոբյանն այդ պահին Ազատության հրապարակում է եղել, իսկ իր՝ Հ. Հակոբյանի վստահեցմամբ՝ ինքն այդ օրը այդ ժամին եղել է ԱԱԾ-ում: Հենց այս հանգամանքն էլ, ըստ «Ա1+»-ի, բարկացրել է Հակոբյանին, երբ դատախազը առարկել է այդ միջնորդության դեմ: «Մեղադրող ջան, դու քո պետության շահերը պաշտպանի, ոչ թե անհատի շահերը: Հակառակ դեպքում ստացվում է՝ պատգամավորին մեղադրում է մի սովորական մարդ, որին բռնել են խանութների գողության եւ ոստիկան ծեծելու համար, ու հիմա նա ազատության մեջ ման է գալիս: Գոնե այս մանրամասներին տեղյակ եղեք, որ վաղը-մյուս օրը խայտառակ չլինեք: Դատում եք, դատեք, ես բան չունեմ ասելու, բայց Լավրենտն ո՞վ է»,- ասել է Հ. Հակոբյանը: Հաջորդ վկան անչափահաս՝ 18-ամյա Գեւորգ Մուրադյանն է եղել, որի մայրը, պաշտպան Առուստամյանի կողմից հարցաքննվելիս, նշել է, որ իր որդու կողմից Հ. Հակոբյանի դեմ ցուցմունքները գրվել են ստիպողաբար: Երեկ հարցաքննվել է պաշտպանական կողմից ներկայացված միակ վկան՝ Ավետիս Պետրոսյանը, որը Հակոբյանի պատերազմական ընկերն է եւ Հակոբյանի ղեկավարած «Ոգու փորձություն» կազմակերպության անդամ: Նշենք, որ դատարանը պաշտպանական կողմից ներկայացված 10 վկայից միայն Պետրոսյանի մասով էր բավարարել միջնորդությունը: Վկան դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Հակոբյանը իրենց ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է միայն իր ու Սասուն Միքայելյանի՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, իսկ կազմակերպության անդամներին կոչ է արել՝ 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններում ընտրել՝ ում ուզում են: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա այսօր` ժամը 13:00-ին: Դատախազը հանդես է գալու մեղադրական ճառով: