Վերնիսաժում եւ բուկինիստական գրախանութներում դասական գրողների հատորները բավական էժան են: Օրինակ, Դոստոեւսկու եւ Չեխովի ստեղծագործություններն ամփոփող հատորներն արժեն այնքան, որքան, ասենք, Երեւանի ավագանու ընտրություններին մեկ ձայնի համար նախատեսված գումարը` 3000-5000 դրամ: Հասկանալի է, որ ընտրակաշառք վերցնողներն այդ գումարով նախատեսել էին գնել ոչ թե, ասենք, «Կարամազով եղբայրների» երկու հատորը, այլ, հավանաբար, սեւ օճառ, ձեթ եւ լուցկի:
Արժե՞ր դարձյալ անդրադառնալ Երեւանի ավագանու ընտրությունների թեմային, երբ արդեն ամեն ինչ պարզ է. ԿԸՀ-ն վավերացրեց մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները` առանց նկատելու, որ մայրաքաղաքի հասարակության զգալի մի մասը լուրջ անհամաձայնություն ունի` որպես լեգիտիմ քաղաքապետ ճանաչել Գագիկ Բեգլարյանին:
Հիմար վիճակում հայտնվել չցանկացող եւ ընտրություններին չմասնակցած քաղաքացիների համար, սակայն, ամենամեծ շոկը ոչ այնքան ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանին այս ձեւով քաղաքապետ դարձնելն էր, որքան Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի ներկայությամբ կատարվածը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ 8/22 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից հատկապես Մարգուշ անունով մի տիկնոջ մասնակցությամբ: Վերջինս, ինչպես պարզ դարձավ մամուլում եղած հրապարակումներից, պատահական տիկին չէր, այլ ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Հեղինե Բիշարյանի քույրը: Հանուն կեղծիք կատարելու՝ նա անչափ ծիծաղելի, սակայն ոչ այնքան վայել պահվածք էր դրսեւորել (այդ մասին մանրամասն նկարագրված է մամուլում): Տիկին Մարգուշի օրինակը հետաքրքիր էր եւ աննախադեպ. համաձայն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի թարգմանչի եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության դիտորդի` ընտրակեղծիք կատարելու իր իրավունքը Մարգուշ Բիշարյանը պատրաստ էր պաշտպանել կրծքով: Ընդ որում` բառացիորեն:
Այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների օրը եւ դրանից հետո, վկայում է, որ գոնե հանուն հասարակության վերջնական դեգրադացիան կանխելու` կա անհրաժեշտություն՝ վերանայել քաղաքական դաշտը, ինչի կոչ արեց երեկ նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա առաջարկեց միավորվել Հայ Ազգային կոնգրեսին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը»:
Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում ստեղծել կոալիցիա: Թեեւ ուժեղ ընդդիմություն ունենալու գաղափարը խիստ գայթակղիչ է, սակայն հայաստանյան իրականությունը ցույց է տալիս, որ իշխանությամբ, ազդեցության գոտիներով եւ փողով չամրագրված միավորումները, որպես կանոն, երկար չեն աշխատում: ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հնարավոր միավորման դեպքում էլ դաշինքը երկար կյանք չի ունենա: Նախ՝ Դաշնակցությունը բազմիցս ցույց է տվել, որ վստահելի գործընկեր չէ եւ ընտրություններից առաջ կա՛մ ազգային շահերը, կա՛մ ժողովրդի շահերը, պարզվում է, իր համար դառնում են անհամեմատ էական, քան կոալիցիոն մյուս ընկերների համար:
Պատրա՞ստ է ՀԱԿ-ը ստորադասել իր հավակնությունները` հանուն ամուր ընդդիմության: Մեզ թույլ ենք տալիս նկատել, որ ոչ: Եվ դա պարզ երեւաց Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, երբ հոգեբանական ճնշումներ սկսեց ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդեպ, մինչեւ վերջիններս ստիպված չեղան հրաժարվել ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու գաղափարից:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդամենը օրեր առաջ հայտարարեցին, որ ՀԱԿ-ը, որպես ընդդիմություն, իրեն չարդարացրեց, եւ հիշեցրին Կոնգրեսի` իրենց նկատմամբ գործադրված ոչ այնքան մաքուր տեխնոլոգիաները Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: Ընդ որում, «Ժառանգությունն» էլ իր հերթին անորոշության մեջ թողեց իր համակիրներին` հրաժարվելով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին` սեփական թեկնածուով: Հետեւաբար, անգամ հոգեբանորեն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» համատեղ եւ նույն ուղղությամբ քայլելու որոշակի բարդություն արդե՛ն ունեն: Բացի դա՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն ընտրություններից առաջ հայտարարեցին, թե այսուհետ կուսակցությունը մասնակցելու է բոլոր ընտրություններին, ընդ որում` սեփական թեկնածուով: Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է մասնակցել եւ հաղթել ՀՀ նախագահական ընտրություններում, ինքն էլ չի թաքցնում: Նմանատիպ հավակնություններ ունեն թե՛ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՛ ՀՅԴ Գերագույն մարմնի առնվազն երկու անդամ` Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն հատկապես Երեւանի ավագանու ընտրություններից հետո հայտնվեց բարդ վիճակում՝ արձանագրելով, որ չունի անհրաժեշտ ընտրազանգված՝ ի տարբերություն ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»: Այս փաստը որոշակի անհավասարության եւ բարդույթավորվածության մթնոլորտ է ենթադրում, ինչը եւս դժվարացնում է երեք այս ուժերի միավորումը: Այս առումով, իշխանություններն ավելի շահեկան դիրքում են: Այնտեղ, իշխանական կոալիցիայի ներսում, մրցակցություն չկա: Այստեղ պակաս ինտելեկտուալ են, քան ընդդիմության դաշտում, ինչը ավելի է հեշտացնում ՀՀԿ-ի` կոալիցիոն ուժերին մեկ կենտրոնից ղեկավարելու գործը, ինչին ՀՀԿ ներքնախավը, ԲՀԿ-ն եւ, առավել եւս, ՕԵԿ-ը պատրաստ են անտրտունջ:
Ստացվում է փակ շղթա: Իշխանությունները սպառված են եւ արդեն վտանգավոր, ընդդիմությունն ի զորու չէ պայքարել այս կարծրացած համակարգի դեմ: Պայքարի օրինական բոլոր ձեւերը Հայաստանում դատապարտված են: Մեր պատմությունը վկայում է, սակայն, որ նման դեպքերում սկսում է աշխատել մեկ այլ` ծայրահեղ միջոց, որը սկիզբ է առնում հուսահատությունից եւ, ցավոք, ավարտվում արյունով՝ ինքնադատաստանը: Ամեն ինչ կարծես միտված է հենց դրան: