77.000 դրամ ընտանեկան նպաստից զրկվելուց հետո Ռոմանը թերսնուցումից հիվանդացել է: 7 տարեկան Ռոմանն այնքան է քաղցած մնացել, որ ստամոքսը սնունդ ընդունելու հատկությունից զրկվել է, դրա համար էլ ստամոքսի լորձաթաղանթը բորբոքվել է եւ հյուծել է երեխային: Անուժ կծկվել է բազմոցի անկյունում ու կիսախուփ, ծանրացած աչքերով լուռ հետեւում է գնացող-եկող քույրերին ու եղբայրներին: Ասում է` «Ինչ ուտում, հետ էի տալիս: Ինձ վատ եմ զգում, բայց ախր ես չպիտի հիվանդանամ, ես զինվոր պիտի դառնամ, իսկ հիվանդ զինվորն ո՞ւմ ա պետք»: Ռոմանի այս խոսքերից քույրերն ու եղբայրները քաջալերվում են եւ հիանալով նրա համարձակությամբ՝ անկեղծանում են: «Ես էլ պիտի զինվոր դառնամ»,- ասում է Արսենը: «Ես էլ»,- ասում է Վահագնը, որի հաստատակամ խոսքերը մարտական ոգի են հաղորդում նաեւ փոքրիկ Դանիելին. «Բա ե՞սգ ես էլ»: Հետո հինգ փոքրիկ տղաները մի տեսակ մեծավարի` զինվորներին հատուկ ծանր քայլեր են կատարում, ինչի պատճառով նրանց տնակ-վագոնը դղրդալով շարժվում է: Վահագնի, Արսենի, Դավիթի ու Դանիելի «զորքը» երկաթե վագոնի ներսում վերածվում է իսկական «մարդուկների» կազմակերպած զորահանդեսի: Փոքրիկ տղաների «տղամարդավարի» կեցվածքների ֆոնին Ռոմանի խեղճությունից ու հյուծված դիմագծերից ազդված` աչքերը լցնում է տատը` Անժելան, ում 30 թոռներից 21-ը տղաներ են: Մղկտալով ասում է` «Ախր էդ նպաստով գոնե երեխեքիս հացն ապահովում էինք: Էս քանի ամիս ա, կտրեցին, ու Ռոմանս հիվանդացավ: Չենք հասցնում, ի՞նչ անենք. աշխատում, աշխատում ենք, բայց էս պայմաններում մարդիկ հազիվ երկու երեխա են պահում»: Երեխաների տարիքի հարցում ծնողներն արդեն չեն կողմնորոշվում, ասում են` «Դե՛, մի տարվա տարբերությամբ իրարից փոքր են»:
Մի քանի մետր երկարությամբ վագոն-տնակի փոքրությունից իրար գլխի խցկված երեխաները շշմելու վարքագիծ են դրսեւորում: Այստեղ բոլորը գիտեն իրենց տեղն ու բոլորն ունեն իրենց պարտականությունները, որոնք կատարում են խոնարհությամբ ու մեծ պատրաստակամությամբ: Ընտանիքի մեծ ու փոքր տղամարդիկ ունեն հստակ կանոնակարգ, ըստ որի` պարտավոր են կատարել հողամասի հետ կապված աշխատանքները, իսկ աղջիկները` տնային, կենցաղային գործերը: Վագոն-տնակի մերձակայքում անփույթ դրված հողաթափերը սուսիկ-փուսիկ հավաքող, ոտքերը դեռեւս ճոճվող 3 տարեկան Լիայի աշխատանք կատարելու տեսարանն իսկական ֆիլմի կտոր է, իսկ փոքրիկ, անվարժ մատներով ափսեները լվացող Թագուհին այնպես է կենտրոնացել իրեն հանձնարարված գործի մեջ, որ չի նկատում իրեն հետեւող բազմաթիվ աչքերը: Ավետիքի եւ Հեղինեի երեխաները չափազանց դաստիարակված եւ խելացի են: Այս ընտանիքն, ասես, մեղվի պարս լինի, բոլորն աշխատում են մեղվի ժրաջանությամբ ու բոլորն էլ իրենց հանձնարարված գործն` անկախ տարիքից ու ընդունակություններից, փայլուն են կատարում: Անժելա տատը պատմում է, որ կուտակված պարտքերի տոկոսները մարելու համար տարիներ առաջ վաճառել են բնակարանն, ու երեք տղաներն իրենց ընտանիքներով հանդերձ՝ հայտնվել են փողոցում: Արգավանդում դեռեւս 1991-ից հողատարածք են զբաղեցրել եւ սկսել են մշակել. «Առաջ էդպես էր, էս հողերն ազատ տարածություններ էին: Մաքրեցինք, փորեցինք ու սկսեցինք մշակել: Հետո, երբ բնակարանը վաճառեցինք` էստեղ վագոններ տեղադրեցինք ու սկսեցինք ապրել: 20 տարի ա, ինչ մենք էս հողերը մշակելով ենք ընտանիք պահում, բայց էստեղ տեղափոխվել ենք 7 տարի առաջ»: Յոթ տարի երկաթե վագոնում տեղակայված 9 երեխա ունեցող բազմանդամ այս ընտանիքը չի տրտնջում պայմաններից, բայց, երբ Թաիրովի գյուղապետ Սամվել Վարդանյանը պահանջում է տարածքն ազատել` Ավետիքի ու Հեղինեի գլխավերեւում աշխարհը փուլ է գալիս: «Ո՞ւր գնանք, ասե՛ք խնդրում եմ: 9 երեխաներիս վերցնեմ, փողոցո՞ւմ ապրեմ: Մեզ ասում են, որ էս հողերը վաճառում են, դրա համար էլ պիտի տարածքն ազատենք, բայց ախր էս փոքրիկ տարածքում 5 զինվոր ենք մեծացնում: Մի՞թե մեր պետության մեջ իմ երեխաների համար մի քանի մետր տարածք չկա»,- նեղսրտած ասում է Հեղինեն, ով հարուստների տները մաքրելով մի երկու կոպեկ է վաստակում, որ երեխաներին կերակրի: Անժելա տատն ասում է, որ այդ հողատարածքները նախկինում եղել են Արգավանդի վարչական տարածքում, այնուհետեւ` Փարաքարի, սակայն վերջին տարիներին փոխանցվել է Թաիրով գյուղին: «Մայրս էս հողերի մեջ աշխատել ա, մենք դպրոցական ենք եղել` աշխատել ենք, 20 տարի էս զառիթափ տարածքը վերածել ենք մշակված հողի, բայց էսօր մեզ վռնդում են»,- ասում է Ավետիքը` վստահեցնելով, որ 2007-ից հողատարածքը գտնվում է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի վարչական տարածքում: Թաիրովի գյուղապետն առաջարկում է մասնակցել աճուրդին եւ զբաղեցրած հողատարածքի 700 մետրի համար որպես բազմազավակ ընտանիք վճարել 4200 դոլար եւ գնել ամբողջ 1000 մետրը: Մինչդեռ, բազմանդամ այս ընտանիքն անգամ օրվա հացը դժվարությամբ է հայթայթում եւ նման գումար ունենալու համար առնվազն պետք է երեխաներին տարիներով զրկել տարրական կենսական անհրաժեշտություններից: Ավետիքի եւ Հեղինեի ընտանիքն ապրում է անհասցե եւ սեփականության իրավունքից զրկված կարգավիճակում, ինչի հետեւանքով զրկվել են ընտանեկան նպաստի փաստագրումից: Արարատի մարզի Արգավանդ գյուղի սոցիալական ծառայության պատասխանատուն ուղարկում է Արմավիրի մարզի Թաիրովի գյուղապետարան, իսկ այնտեղից էլ` Արգավանդի գյուղապետարան. «Նպաստի համար դիմեցինք Սոցապ նախարարին, ասեց` գնացեք Արմավիրի մարզպետարան, Արարատի մարզպետարան: Երկու տեղերն էլ գնացինք, չլեցին, տարան-բերեցին, բայց ոչ մի բան էլ չարեցին: 4 ամիս ա՝ երեխեքը սոված են քնում»: Հեղինեի համար ամենավիրավորականն այն է, որ ընտանեկան նպաստը վերականգնելու խնդրանքով դիմելիս ստանում է հետեւյալ պատասխանները. «Ձեզ ո՞վ էր ասում՝ էդքան երեխա ունենայիք: Շատ գոհ ենք, որ եկել էդ հողերում եք ապրում, դեռ մի հատ էլ պահանջո՞ւմ եք»: Հեղինեն լավ մայր է եւ զարմանալի համբերատարությամբ ու քնքշանքով է վերաբերվում երեխաներից յուրաքանչյուրին: «Ես ու ամուսինս շատ ենք սիրում մեր երեխաներին: Կարծում էինք՝ պիտի հպարտանան մեզնով, որ 9 երեխա ենք մեծացնում էս սուղ պայմաններում, բայց, երբ սկսում են մեղադրել, դատապարտել` դա մեծ ցավ ա ինձ համար, վիրավորական ա: Չէ՞ որ պաշտոնյաները հայտարարում, կոչ են անում, որ հայ ժողովուրդը շատ երեխա ունենա, բայց պարզվում ա՝ ունենալուց էլ կշտամբում են»,- վիրավորված ասում է Հեղինեն ու սկսում է շոյել երեխաներին` ցույց տալու համար, որ, այնուամենայնիվ, իր երեխաներից յուրաքանչյուրն էլ իր համար գանձ է:
Անժելա տատը կրկին անդրադառնում է Ռոմանին, ով նպաստից զրկվելուց հետո հիվանդացել, հյուծվել է. «Գենոցիդ են անում, ասում են` գնացե՛ք, մեռեք: Բայց չէ՞ որ պետությունը բազմազավակներին նպաստ ա հատկացնում: Մեռանք նախագահին գրելով, բայց երեւի չի հասնում իրան մեր նամակները: Աղջի՛կ ջան, խնդրում եմ` վերնագիրը գրի` նամակ Սերժ Սարգսյանին, թե չէ` երեխեքս կկոտորվեն առանց նպաստի ու առանց էս դոմիկի: Ամեն օր սպառնում ա` վտարման թուղթ կա, էս կա, էն կա: Հարգելի նախագա՛հ, ախր էս հինգ զինվորի համար նեուժե՞լի մի քանի մետր ապրելու տեղ Հայաստանում չկա»: 9 երեխաների հայր Ավետիքը լուռ հետեւում է մոր խնդրանքին ու անզորությունից վագոնից դուրս է գալիս:
Արմավիրի մարզի Թաիրով գյուղի նախկինում ազատ հողատարածքներում այսօր արդեն կառուցված շքեղ առանձնատների ֆոնին այս ընտանիքի տնակ-վագոնն առնվազն խորհրդանշում է Հայաստանի բնակչության հարուստների ու աղքատների շերտավորման ցայտուն պատկերը: Շքեղ առանձնատներում մեծացող երեխաներն, ամենայն հավանականությամբ, չեն էլ պատկերացնում՝ ինչ բան է զինվորական ծառայությունը, հայրենասիրությունը, աման լվանալն ու տան կենցաղը կարգավորելը: Ավետիքի եւ Հեղինեի 9 երեխաները շշմելու աստիճան դաստիարակված ու աշխատասեր են, բայց ափսոս, որ մեր երկրում նրանք մի քանի մետր հողատարածք ունենալու հնարավորություն չունեն: Չնայած դրան, Վահագնը, Դավիթը, Արսենն ու Դանիելը զինվորներ են: