«Հայաստանի վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը», որը հայտնի է որպես «Արեւորդի» փառատոնի ու «Կանաչ սերունդ» քարոզարշավի կազմակերպիչ, հունիսի 7-ին նախաձեռնել էր մեծ նկարչական միջոցառում, որին մասնակցում էին մոտ 3000 երեխաներ Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից։
Անգլիական զբոսայգում շարան-շարան տեղադրված էին մանկապարտեզներից ու մանկական ուսումնական կենտրոններից բերված սեղանները, որոնք նկարազարդվելուց ու մշակման փուլ անցնելուց հետո, կրկին վերադարձվելու են մանուկներին։ Իսկ Երեւան քաղաքը այսուհետ կունենա 43 համարի երթուղով աշխատող գունավոր ավտոբուս, որի դիզայնը անչափահաս հայաստանցիների ձեռքի գործը կլինի։ Հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նկատում է, որ նկարը ինֆորմացիայի տարածման լավ միջոց է, եւ իրենց ստեղծած մեսիջ-ավտոբուսը հիշեցնելու է բոլորին, որ բնությունն ու միջավայրը խնամքի կարիք ունեն: Նման ակցիա-ցուցադրությունները, ինչպես նաեւ բնապահպանության խնդիրներին նվիրված այլ նախագծեր հիմնադրամը հաճախ է կազմակերպում: Երեխաներն ու պատանիները պատմվածքներ են գրում, ֆիլմեր են նկարահանում, մասնակցում են աղբահավաքների ու ծառատունկերի: Եվ բոլոր այդ միջոցառումները շատ գեղեցիկ են ներկայացվում, հատուկ տարբերանշաններով շապիկներ ու թռուցիկներ են բաժանվում, մրցույթներ են տեղի ունենում: Որքանո՞վ են այդ բոլոր միջոցառումները նպաստում միջավայրի մաքրմանն ու էկոլոգիական խնդիրների բարձրաձայնմանը, դժվար է ասել: Սակայն մի բան հստակ է, այդ ամենը երեխաներին ոգեւորում է` ավելի ուշադիր լինել սեփական վարքագծին ու վիրտուալ կարգախոսները փորձել կիրառել ամենօրյա կյանքում:
Աղբի մեջ կորած Երեւանում ապրող, զբոսնող ու աղբին արդեն ոչ միայն ընտելացած, այլեւ՝ որոշ իմաստով աղբի հետ ընկերացած երեխաները, դատարկ պլաստիկ շշերից ու մետաղյա բանկաներից քանդակներ էին պատրաստել։ Ըստ Ռ.Խաչատրյանի՝ սա նույնպես աղբահանության տեսակ է, թեկուզեւ` սիմվոլիկ։ Պլաստմասսայե թափոնները վերածվում են մեծ քանդակների, որոնք Հայաստանում վտանգված կենդանիների են պատկերում՝ անգղին, մուֆլոնին, արջին… «Մենք մեր սեփական կենդանաբանական այգին ենք ստեղծում»,- ասում է Ռ.Խաչատրյանը։
Հայաստանում էկոլոգիական ակումբների ցանց ստեղծելով՝ հիմնադրամը նպատակ է դրել` արթնացնել երեխաների պատասխանատվության զգացումը այն հողի, ջրի ու օդի նկատմամբ, որը շրջապատում է նրանց։ Իսկական էկոլոգիական աղետ վերապրող մեր միջավայրը, հայ մանուկները հունիսի 7-ին պատկերում էին իրենց գունազարդումներում։ Այս ակցիայի նույնիսկ ամենակրտսեր մասնակիցների նկարներում բողոք կար։ Բողոքը սկսվում էր «Ինչո՞ւ են քաղաքից կորել զատիկներն ու թիթեռները» հարցից, ու գալիս-հասնում էր խոր քուն մտած անտառի պատկերին, որը գերադասել էր սառել ու անզգայանալ, որպեսզի փրկվի։ «Մեր նպատակն է, պարզ ու հասարակ բաների մասին հիշեցնել մեր երեխաներին. օրինակ, ասել, որ հարկավոր է ուշադիր լինել, պաղպաղակի թուղթը գետնին չգցել, տանը անիմաստ ջրի ծորակը բաց չթողնել։ Էկոլոգիական կրթությունը շատ կարեւոր է հանրապետության ապագայի համար։ Ցավոք, մենք հիմա լուրջ չենք ընկալում այդ կրթությունը»,- ասում է Ռ.Խաչատրյանը։ Ընդ որում՝ միջոցառման հովանավորները երեխաներին պաղպաղակ էին հյուրասիրում, եւ պաղպաղակի բազմաթիվ դատարկ փաթեթներ գետնին էին հայտնվում։ Երեխաները՝ հետեւելով իրենց ծնողների օրինակին, թղթերը պարզապես ծառերի տակ էին թափում։ Եվ երբ մի քանի երեխաներ դրանք հավաքեցին ու աղբամանը նետեցին, շատ ծնողներ կարծես իրենք էլ քնից արթնացան ու սկսեցին հորդորել երեխաներին՝ մաքուր պահել միջավայրը։
Երեխաներն ընդհանրապես շատ անմիջական ու արագ ոգեւորվող էակներ են։ Եվ եթե նրանց ոգեւորությունը ճիշտ հունի մեջ դրվի, նրանք անպարտելի բանակ կարող են կազմել:
Հիմնադրամի կազմակերպած միջոցառումը շատ աջակիցներ ուներ՝ «Վիվա Սելը», ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Երեւանի քաղաքապետարանը։ Հայաստանի Բնապահպանության նախարարությունը, որպես կանոն, ամեն տարի մերժում է հիմնադրամի հետ համագործակցելու առաջարկը։ Ռ.Խաչատրյանն ասում է, որ մերժումն իրենք ցավագին չեն ընդունում, քանի որ իրենց գլխավոր նպատակը երեխաներին որպես երկրի վաղվա տերը դաստիարակելն է։ Եվ երբ երեխան այդ գիտակցությամբ է կյանք մտնում, նա ավելի լիարժեք անձ է դառնում ու իր ուսերի վրա պատասխանատվություն կրելով՝ կարող է արդեն պահանջատիրական կեցվածքով խնդիրներ բարձրացնել։
Սակայն, նույնիսկ, եթե նման գլոբալ հարցեր երեխաների մոտ հունիսի 7-ին չէին ծագում, նրանք շատ հստակ զգում էին, որ ստեղծագործելն ու իրենց հետեւից վրձիններն ու պլաստիկ բաժակները հավաքելը շատ կարեւոր է, որ այս տիպի խաղի տեսակը մի քանի աստիճանով ավելի բարձր է, քան կարուսել նստելը կամ տանը հեռուստացույց դիտելը։ Ներկերի հետքերը դեմքերին ու շորերին, ջանասիրաբար վրձին բռնած երեխան արդեն իսկ քաղաքային միջավայր է ստեղծում։ Փոքրիկ «Բարբի» տիկնիկների զգեստ հագած աղջիկներն ու իրենց «ծանր ու տղամարդավարի» պահող տղաները մեծ հաճույքով կեղտոտվում էին ներկերով ու հիշում, որ իրենք կարող են Հայաստանում հաստատված վարվելաձեւի հետնորդները չլինել, քանի որ շատ ավելի հետաքրքիր ու իմաստալից զբաղմունքներ կան։ Օրինակ, նկարելը…
Անգլիական այգում հունիսի 7-ին անընդհատ հնչում էին էստրադային մշակմամբ մանկական երգերը։ Եվ եթե նկարչական տոնի կազմակերպիչները միջավայրը վերափոխելու խնդիր էին դրել, նրանք կարող էին մեկ այլ շատ լուրջ քայլ անել ու այգում, ասենք, Մոցարտ հնչեցնել։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Աղբը նկատվում է ոչ միայն քաղաքի փողոցներում ու բակերում, այլ՝ քաղաքի երաժշտական ֆոնի մեջ, որն աննկատելիորեն ցածր գեղագիտական ճաշակ է ձեւավորում։ Իսկ մանուկների գեղագիտական կրթությունը նույնպես էկոլոգիական աղետ է հիշեցնում։