Երեկ «7-ի գործից» անջատված քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի քրեական գործով մեղադրող կողմը պահանջել է Արզումանյանին ազատազրկման դատապարտել` 6, իսկ Սիրունյանին՝ 5 տարի ժամկետով: Մինչ մեղադրական եզրակացության հրապարակումը` դատավոր Մնացական Մարտիրոսյանը հասցրել է, սովորության համաձայն, դատարանի դահլիճից հեռացնել Ալ. Արզումանյանին` «անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար»: Այն դեպքում, երբ Արզումանյանն ընդամենը փորձել է հանգստացնել իր հարազատներին եւ համակիրներին` կոչ անելով անուշադրության մատնել եւ չնյարդայնանալ Կորյուն Փիլոյանի մեղադրական ճառից, որը Փիլոյանը ընթերցել է այնքան ցածր, որ որեւէ մեկի համար լսելի չի եղել: «Ես ուզում եմ լսել, բայց չեմ կարողանում, հասկանո՞ւմ եք»,- տեղից վեր կենալով ասել է Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: Նրան հետեւել են դահլիճում գտնվողները: Իսկ Արզումանյանին դատարանի դահլիճից 5 օրով հեռացնելուց 15 րոպե հետո դատավոր Մարտիրոսյանը շարունակել է դատավարությունը` գրեթե դատարկ դահլիճում: Մեղադրողներ Կ. Փիլոյանն ու Արամ Ամիրզադյանը երեկ մոտ 2 ժամ ընթերցել են իրենց մեղադրականը, որտեղ բառացի մեջբերել են մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները, հեռախոսային զրույցների գաղտնալսումները: «Պարոն դատավոր, ես չեմ հասկանում, սա Նիկոլի՞ դատն է»,- ասել է Սուրեն Սիրունյանը: Մեղադրականի հրապարակումից հետո Արզումանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատարանից 20 աշխատանքային օր է պահանջել` իր պաշտպանական ճառը պատրաստելու համար: Սիմոնյանին միացել է նաեւ Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Դատավորը նրանց ընդամենը մեկ շաբաթ է տվել` հաջորդ դատական նիստը նշանակելով հունիսի 12-ին: «Ես հենց այս պահին հայտարարում եմ, որ հաջորդ նիստին ներկա չեմ լինելու: Ես չեմ հասցնի պատրաստվել»,- ասել է Լ. Սիմոնյանը: