Հաջորդը` հուլիսին

06/06/2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են համատեղ հայտարարություն` Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպման արդյունքների վերաբերյալ: Ըստ հայտարարության` նախագահները քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորման ընդհանուր կոնցեպցիան, որը ներկայացվել է միջնորդների կողմից: Ըստ ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հայտարարության, համանախագահները հայտնում են, որ զրույցը Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում: Արդյունքում արձանագրվել են դրական քայլեր, ինչի հետեւանքով երկու երկրների միջեւ կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ տարաձայնությունները նվազել են: «Նրանց քննարկումներում այս դրական զարգացումների շնորհիվ, երկու նախագահները խնդրել են միջնորդներին շարունակել իրենց մաքոքային դիվանագիտությունը եւ բացել այն նոր ու գլխավոր առարկան, որը ուրվագծված է մադրիդյան փաստաթղթում: Այս փաստաթուղթը, ըստ նախագահների, դեռեւս շարունակում է մնալ իբրեւ բանակցությունների հիմք: Համանախագահները հայտնում են նաեւ, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնել են միջնորդների առաջարկին՝ անցկացնել նախագահների նոր հանդիպում մոտ ապագայում, եթե հնարավոր է՝ հուլիս ամսին»,- ասված է հայտարարության մեջ: