Հրահանգված առաջարկությունների շքերթ

06/06/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կողմից համաներման առաջարկությունն արդեն ուղարկել է ՀՀ նախագահին: Իսկ հանձնաժողովին նման առաջարկությամբ դիմել են դրա անդամներ Արծվիկ Մինասյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Մինչ այդ դեռեւս անցած շաբաթ համաներում իրականացնելու հայտարարությամբ Սերժ Սարգսյանին էր դիմել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նման առաջարկություն է պատրաստում նաեւ Հանրային խորհուրդը: Մի խոսքով, համաներման առաջարկություններ ընդունելու մասին 28-ին Սարդարապատում Ս.Սարգսյանի արած հայտարարությունից հետո, բազմաթիվ գրավոր ու բանավոր առաջարկություններ են եղել: Ինչո՞ւ մինչեւ հիմա նույն մարդիկ նույն ջանասիրությամբ համաներման մասին Ս. Սարգսյանին առաջարկություններ չէին ներկայացնում: Պատասխանելով այս հարցին՝ ՄԻ պաշտպանն անցած շաբաթ ասաց, թե մինչեւ հիմա բանավոր է կոչ արել, նախագահի հայտարարությունից հետո արդեն փոխել է առաջարկության ձեւաչափը: Նույն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներն ու նախագահը գործի բերումով քաջ ծանոթ էին մարտի մեկի դեպքերի պատճառով կալանավորված քաղբանտարկյալների գործերին: Ա.Մինասյանը նույնպես հիշեցրեց, որ թե ինքը, թե ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը համաներման մասին շատ են խոսել: Պարոն Մինասյանը նաեւ հիշեցրեց, որ մոտ մեկ տարի առաջ ինքը եւ հանձնաժողովի մեկ այլ անդամ` ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, մարտիմեկյան դեպքերի առնչությամբ կալանավորվածների խափանման միջոցը փոխելու գրավոր առաջարկություն են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, բայց արձագանք չեն ստացել: «Դրան հաջորդեց Քրեական օրենսգրքի այդ երկու հոդվածների փոփոխությունները: Նպատակ ունեինք հոդվածներն այնպիսի փոփոխությունների ենթարկել, որ քաղաքական սահմանումներից զերծ պահենք այդ հոդվածները, ինչը նաեւ հիմք կհանդիսանար, որ որոշակի դատավարությունների ընթացքում կամ մինչ այդ կարճվեին վարույթները: Ու հիմա օգտագործում ենք, այսպես ասած, արսենալում եղած վերջին հնարավորությունը` հաշվի առնելով նաեւ նախագահի` այդպիսի առաջարկություններ ստանալու ցանկությունը,- ասում է Ա.Մինասյանն ու ավելացնում,- Համաներումը սահմանադրությամբ նախագահի իրավասությունների տիրույթում է, եւ նախագահն ինքն է որոշում, թե ինչ կարգով ստանա այդպիսի առաջարկությունները կամ ինչը հիմք ընդունի: Մեր գրավոր առաջարկությունը որեւէ իմաստ չէր ունենա, որովհետեւ այս դեպքում նախագահի հայտարարությունն է կարեւոր: Քանի որ նախագահը կարեւորեց առաջարկություն ստանալը, դրա համար թղթային տեսքի վերածեցինք»:

«Քայլ անում ես այն ժամանակ, երբ գիտես, որ այդ քայլը իրագործելի է: Իսկ որպեսզի իրագործելի դառնա, դրա համար ճանապարհ կա անցնելու, դրա համար պետք է անհրաժեշտ եւ բավարար պայմաններ: Ես կարծում եմ, որ մեր պետության, հասարակության մեջ կա անհրաժեշտ ու բավարար պայմաններ, որպեսզի նախագահն իրագործի իր սահմանադրական իրավունքը»,- իր հերթին ասաց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Իսկ ինչո՞ւ Ս.Սարգսյանն անմիջականորեն չօգտվեց համաներում հայտարարելու իր իրավասությունից եւ որոշեց դա անել միջնորդավորված կերպով: «Դժվարանում եմ պատասխանել: Համենայնդեպս, նա առաջարկություններ ստանալու ցանկություն հայտնել է, եւ շատ կուզեի, որ մտածեր, թե անհրաժեշտ է իրականացնել համաներում»,- պատասխանեց պարոն Մինասյանը: «Կարծում եմ, որ դա շատ ճիշտ վարմունք է, շատ կարեւոր է հասարակության տեսակետը իմանալ, որովհետեւ, եթե խնդիր դնում ենք, որ համաներման արդյունքում հասարակության մեջ պետք է լինի հանդուրժողականության մթնոլորտ, լիցքաթափում, երկրի նախագահի կողմից բարեհոգության դրսեւորում, ապա մենք պետք է իմանանք, թե այդ մասին ինչ կարծիք կա հասարակության մեջ»,- ասում է Ս.Նիկոյանը:

ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ.Հարությունյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե այն հոդվածները, որոնցով մեղադրվում են հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն եւ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, շատ խիստ են, եւ չի կարծում, որ համաներումը կտարածվի 7,10 տարի պատիժ սահմանող հոդվածներով դատապարտված անձանց վրա: Հիշեցնենք, որ Խ. Սուքիասյանը եւ Ն. Փաշինյանը, ինչպես մարտյան դեպքերից հետո շատ կալանավորվածներ, մեղադրվում են ՔՕ արդեն գոյություն չունեցող 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով: Հիշեցնենք նաեւ, որ թե՛ հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանն ու Փաշինյանը, թե՛ բանտարկված, բայց հետո ազատության մեջ հայտնված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու ազատության մեջ գտնվող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, եւ՛ թե կալանավորված շատ քաղբանտարկյալներ մեղադրվում են այդ նույն` այլեւս գոյություն չունեցող հոդվածներով: Եվ անհնար է հասկանալ այն տրամաբանությունը, թե նրանցից մի մասն ինչո՞ւ է բանտում, մյուսները՝ ազատության մեջ, եւ ինչո՞ւ պետք է Խ.Սուքիասյանի ու Ն.Փաշինյանի համար այդ հոդվածները 7-10 տարի ազատազրկում սահմանեն: Արդյոք Ս. Սարգսյանին առաջարկություն ներկայացնողները եւս Դ.Հարությունյանի նման կասկածում են, թե համաներումը չի՞ տարածվելու նրանց վրա: «Մեր առաջարկի առանցքն, ըստ էության, ինչպես մարտի 1-2-ի դեպքերն են, նաեւ դրան նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածներում կալանավորված, մեղադրվող կամ դատապարտված անձանց մասով է, այդպես էլ ընդհանուր համաներում իրականացնելն է»,- ասում է Ա.Մինասյանը: «Ես չեմ կարող առաջ ընկնել եւ ասել, թե նախագահն ինչպիսի առաջարկ կներկայացնի Ազգային ժողովին»,- պատասխանեց Ս.Նիկոյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը եւս դժվարանում է ասել` արդյոք համաներումը Խ.Սուքիասյանի ու Ն.Փաշինյանի վրա կտարածվի՞, թե՞ ոչ: «Տարբեր իրավիճակներ կարող են լինել: Օրինակ` հայտարարում է համաներում 225-րդ հոդվածով դատապարտվածների համար, բայց ասում է, թե դա պետք է կիրառվի նրանց վրա, ովքեր դատապարտված են մինչեւ 3 տարի ազատազրկման, կամ` մինչեւ 5 տարի ազատազրկման, եթե պատերազմի մասնակից է: Օրինակի համար եմ ասում թվերը եւ դա ասում եմ՝ ելնելով նախորդ 40 տարիներին եղած համաներման փորձից: Եթե այս պայմաններով հայտարարվի համաներում, ապա դա Խ.Սուքիասյանի վրա չի տարածվի: Եթե Հ.Հակոբյանին ու Ս.Միքայելյանին դատապարտեն մինչեւ 5 տարի ազատազրկման եւ համաներման մեջ նշված լինի, որ կարող է տարածվել մինչեւ 5 տարի դատապարտված, պատերազմին մասնակից դատապարտյալների վրա, ուրեմն նրանց վրա կտարածվի: Խ.Սուքիասյանի ու Ն.Փաշինյանի մասին այս պահին հնարավոր չէ ասել: Այնպես որ, պետք է սպասեք համաներմանը: Բայց մինչեւ օրս իմ պրակտիկայում չի եղել դեպք, որ համաներումը տարածվի փախուստի մեջ գտնված մեղադրյալի նկատմամբ: Հետեւաբար Խ.Սուքիասյանի եւ փախուստի մեջ գտնվող մյուսների նկատմամբ այն չի կարող կիրառվել, եթե այդ մասին հատկապես նշում արված չլինի համաներման ակտի մեջ»,- ասաց նա: