Հունիսի 4-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը։ «Շնորհակալություն հայտնելով Պետերբուրգյան տնտեսական ֆորումին մասնակցության հրավերի համար` նախագահ Սարգսյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ֆորումը լրացուցիչ նշանակություն է ձեռք բերում: Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` մեր երկրին 500 միլիոն ԱՄՆ դոլար կայունացնող վարկ տրամադրելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին,- ասված է հաղորդագրության մեջ, ըստ որի՝ Ս. Սարգսյանը Դ. Մեդվեդեւին նաեւ ասել է,- Մեր վերջին հանդիպումից հետո մենք ռուս գործընկերների հետ աշխատել ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ: Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ջանասիրաբար աշխատել է ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ` համառորեն փնտրելով ճանապարհներ, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել իրենց բնօրրանում, ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը»: Նույն օրը Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների ընթրիքը, որի ընթացքում քննարկվել են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր: