Կասեցրել է

06/06/2009

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի գործը: Դեռեւս այն ժամանակ, երբ գործը Երեւանի քրեական դատարանում էր, Վ. Ջհանգիրյանի պաշտպաները բազմիցս միջնորդություններ էին ներկայացրել գործը կասեցնելու համար, որպեսզի իրենց պաշտպանյալը կարողանա բուժման նպատակով մեկնել արտերկիր, սակայն նրանց ոչ մի միջնորդություն չէր ընդունվել, բոլորը մերժվել էին: Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանը Վ. Ջհանգիրյանին մեղավոր էր ճանաչել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտել երեք տարի պայմանական ազատազրկման: Նա տառապում է ողնաշարի տուբերկուլյոզով, իսկ 2008թ. փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկվելու ընթացքում հրազենային վնասվածք է ստացել եւ ծեծի ենթարկվել, որից հետո նրա առողջական վիճակը ավելի է վատացել: Երեկ պաշտպանական կողմը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահող դատավոր Մասիս Ռեհանյանին ներկայացրել է Վ. Ջհանգիրյանի Եվրոպա մեկնելու տոմսը եւ այլ փաստաթղթեր: Մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը դեմ չի արտահայտվել, եւ խորհրդակցական սենյակում քննարկելուց հետո դատարանը որոշել է կասեցնել գործը այնքան ժամանակ, մինչեւ Վ.Ջհանգիրյանը կառողջանա եւ կներկայանա նիստերին: