Անցյալ տարի «Ոսկե ծիրանին» ներկայացված էր «Հեքիաթ թեւավոր ձիու
մասին» վավերագրական ֆիլմը՝ կինոդերասանուհի Սոֆիկ Սարգսյանի եւ
քանդակագործ Նելսոն Շիրվանյանի մասին: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է
ցուրտ ու մութ տարիներին գոյատեւել Սոֆիկ Սարգսյան տաղանդավոր
դերասանուհին՝ Մալաթիայի տոնավաճառում քաբաբ վաճառելով: Այս տարի «Ոսկե
ծիրան» կինոփառատոնին ներկայացված էր դերասանուհու մասնակցությամբ
«Յարխուշտա» գեղարվեստական ֆիլմը:
«Հայֆիլմ»
«Եկեք այս դեպքում պետությունից չխոսենք: «Յարխուշտա» ֆիլմի համար
պետությունը եռապատիկն էր հատկացրել, բայց մինչեւ աշխատավարձս ստացա,
այնքան արցունք թափեցի, որ «Հայֆիլմի» անունը լսել անգամ չեմ ուզում: Ես
բազմաթիվ անգամներ եմ ասել այս ամենը: Եթե այդպես չէ, թող որեւէ մեկը
հերքի ասածս: Ավելին, ես պատրաստ եմ նույնիսկ դատարան մտնել նման
մեղադրանքով ու տեսնել՝ ե՞ս եմ պաշտպանում իմ Մալյանի ու Փարաջանովի
ստեղծած «Հայֆիլմի» պատիվը, թե՞ թալանչիները, որ ուտում են «Հայֆիլմը»:
Իհարկե, ես հայտնի սեփական գերեզման փորողներից եմ, որովհետեւ լեզվիս
կապանքներ չկան: Ես ոչնչից ու ոչ ոքից չեմ վախենում, ինչպես Խորեն
Աբրահամյանն էր ասում. «Եթե արվեստագետն ինչ-որ բանից վախեցավ, էլ նա ոչ
մեկին պետք չէ»: Անամոթաբար էլ ֆիլմը նայելուց հետո գալիս, ձեռքդ են
համբուրում, թե «Էս ի՜նչ կերպար ես ստեղծել»: Բա կերպար ստեղծողը նույն
դերասանուհին չէ՞, որին այդքան ստորացնում եք»: Այսօր դերասանուհին
նկարահանվում է ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Կետեկյանի ֆիլմում: Եվ
«Հայֆիլմում» 30 տարիներ աշխատած, ավելի քան 20 գեղարվեստական ֆիլմերում
նկարահանված Սոֆիկ Սարգսյանը զարմացած է նրանց ծայրաստիճան
ճշտապահությունից: «Ես այսօր գիտեմ, որ սեպտեմբերի 4-ին ժամը 11-ին իմ
նկարահանման օրն է, զարմանալու բան: Բա նրանց վերաբերմունքը դերասանի
հանդեպ… Բայց դե «Հայֆիլմը» լավն է, վատն է, սա է մերը»:
«Ես չեմ կարող չգրել»
«Գրում եմ, որովհետեւ չեմ կարող չգրել, որովհետեւ ես նրանց մասին
հանդիպումներիս հուշերով եմ ապրում: «Հայֆիլմ»-ի երախտավորների մասին
հուշերս սկսվում է Հենրիկ Մալյանով՝ իմ ուսուցչով: Այն արդեն տպագրվել է:
Ինչպե՞ս կարելի է չգրել Փարաջանովի, Ֆրունզե Դովլաթյանի, Վիլյամ Սարոյանի,
Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի եւ նման մեծությունների մասին:
Վերջապես վերջերս բախտ վիճակվեց տեսնել Շառլ Ազնավուրին, բայց այդպես էլ
չկարողացա ասել, թե ինչքան եմ իրեն սիրում: Ամաչեցի ու զգացի, որ արդեն
մեծացել եմ: Ես զգում եմ, որ ավելի շատ սիրում եմ պատմել նրանց մասին, քան
թե լինել արվեստում, այսինքն՝ իմ գործը նրանցով է արվեստ: Նրանք բոլորն էլ
մեծ էին ու հանճարեղ, միեւնույն ժամանակ՝ պարզ ու համեստ»:
«Հուսահատվող մարդ չեմ եղել»
«Ինքս երբեք հուսահատվող մարդ չեմ եղել: Եղել են պահեր, որ ես
հուսահատվել, ցնցվել եմ, ինչպես բոլոր նորմալ մարդիկ (երկրաշարժ,
պատերազմ, Հոկտեմբերի 27): Բայց անմիջապես հաջորդ պահին իմ մեջ ուժ եմ
գտել նորից ապրելու, արարելու. չէ՞ որ սա է մեր Հայրենիքը: Պարզապես
Հայրենիքն այսօր փոխել է իր դեմքը: Ես չեմ ճանաչում իմ քաղաքը: Մի՞թե սա
իմ քաղաքն է, երբ ամեն մի ծառի տակ երկու եհովայի վկա է կանգնած: Ոչ
Հայրենիք են ճանաչում, ոչ ազգություն: Եհովան էլ նրանց պահապան: Ապա
Էջմիածինը, Հաղպատն ու Սանահինն ո՞ւմ համար են: Ուրեմն Հռոմի պապը
մեռնելուց առաջ Վատիկանում Գրիգոր Լուսավորչի արձանն է կանգնեցնում, իսկ
մենք դառնում ենք Եհովայի վկանե՞ր: Մի՞թե կարելի է այդքան նյութապաշտ
լինել, հոգին ծախել մի քանի փալաս-փուլուսի դիմաց: Մեր կաթողիկոսն ու ԱԺ
նախագահն ինչպե՞ս գրանցեցին դրանց, էդ մարդիկ բացակա դեմքեր ունեն, չես
հասկանում՝ ինչ ազգության են, հա՞յ են, ի՞նչ են…
Չես հասկանում՝ դեպի ո՞ր կողմ գնաս, ամեն տեղ վխտում են, նույնիսկ ունեն
իրենց հավաքատեղիները: Եհովականներից ավելի վատ ոչինչ այսօր մեր ազգի
համար չկա: Տեսան, որ մեր ժողովրդին ոչ մի կերպ ընկճել չի լինում. սա եղավ
ամենալավ միջոցը մեր ժողովրդին մասնատելու ու իրարից հեռացնելու համար:
Այսօր Սոֆիկ Սարգսյանի որդին, որը ենթակա չէ ծառայության, ծառայում է
բանակում, որպեսզի Եհովայի վկաների՞ն պաշտպանի, իսկ նրանց տղաները գնան
այլընտրանքային ծառայությա՞ն: Հայաստանում մնացել ենք 1 մլն մարդ, որի
կեսը Եհովայի վկաներ են: Եթե ես այսօր Հայաստանից հեռանամ, ապա միայն
նրանց պատճառով»: