Հաջորդը` դատական կարգով

06/06/2009

Երեկ ՀԱԿ-ը դիմել է ԿԸՀ` Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատությանն» ասել է, որ եթե հանձնաժողովը չբավարարի պահանջը, կբողոքարկեն դատական կարգով: Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչների, ընտրության օրն իրագործվող ամենաթողությունը ներկայումս թեւակոխել է հետընտրական փուլ, որտեղ ընտրական մարմինները «կոպիտ ու բացահայտ օրինախախտումներով խոչընդոտում են բողոքարկման ընթացքը եւ զբաղված են օրինախախտումների մասին գրանցված հարյուրավոր արձանագրությունների կոծկումով»: «Կեղծիքները կրել են համատարած բնույթ եւ չեն արտահայտում մեր ժողովրդի կամքի արտահայտման իրական պատկերը, եւ այդ պատճառով մենք պահանջում ենք անվավեր հայտարարել այս ընտրությունների արդյունքները,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը` ավելացնելով,- Մենք այս ընտրություններում գործ ունենք ոչ միայն նախընտրական խախտումների, բուն քվեարկության օրվա խախտումների, այլ նաեւ հետընտրական՝ բողոքարկման փուլի խախտումների հետ»: Որպես օրինախախտումները կոծկելու օրինակներ, նա վկայակոչել է Մալաթիա-Սեբաստիայի թիվ 7/25 եւ 7/26 տարածքներում վերահաշվարկ կատարելու իրենց դիմումներին ընթացք չտալու փաստը: Ըստ նրա, բոլոր ԸԸՀ-ները, բացի 6-ից, թույլ չեն տալիս ՀԱԿ-ի վստահված անձանց քաղվածքներ կատարել տեղամասերի գրանցամատյաններից` պատճառաբանելով, որ դրանք փոխանցվել են արխիվ: «Հիմա ինչ է ստացվում. այն ամենաաղաղակող խախտումները, որոնք գրանցվել են գրանցամատյաններում, մեզ հասու չեն, որ մենք կցենք գործերին: Որովհետեւ բոլորը միաբերան հայտարարում են, որ անգամ ամսի 2-ին արդեն հանձնել են բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ եւ գրանցամատյանները, ինչը օրենքի խախտում է»,- ասել է նա: ՀԱԿ-ի ներկայացուցիչների համոզմամբ, խոչընդոտների նպատակն է վերահսկողության տակ պահել արձանագրվող անճշտությունները եւ թույլ չտալ, որպեսզի դրանք անցնեն թույլատրելի տոկոսի սահմանը, որպեսզի ընտրությունները անվավեր ճանաչելու անհրաժեշտություն չառաջանա: