Ինչ ցույց տվեցին վերջին ընտրությունները

06/06/2009

Որպես կանոն, յուրաքանչյուր կարեւոր իրադարձությունից հետո քննարկումները միայն խճճում են պատկերը, եւ միշտ գալիս է ժամանակը, երբ ցանկություն է առաջանում կուտակված եւ քննարկվող բազմաթիվ հարցերին ի վերջո գտնել կարճ եւ պարզ պատասխաններ։ Իհարկե, դա բերում է անխուսափելի պարզունակեցման, բայց երբեմն դա օգուտ է, օրինակ, հանրային ընտրություններում, երբ ժողովուրդը, ինչպես պարզվեց, հաճախ նման մոտեցումները գերադասում է մտքի բարդ թռիչքներից։

Հարց առաջին. Ո՞րն էր այս ընտրությունների տրամաբանությունը։

Ձայներ հավաքում են այն կերպ, ինչ կերպ որ հնարավոր է այսօրվա Հայաստանում։ Իշխանություն, փող եւ ատելություն՝ ահա այն երեք հիմնական ազդակները, որոնք իշխում են զանգվածային մտածողության վրա եւ ղեկավարում նրա գործունեությունը։ Ժողովրդի մի մասը հավատում է ադմինիստրատիվ իշխանությանը եւ արված գործին՝ դրա վրա հենվեց Հանրապետականը։ Մյուս մասը հավատում է փողեմարդու ֆենոմենին՝ դա ԲՀԿ բաժինն է։ Կա ատելությամբ լցված եւ ամեն ինչից դժգոհ հատված, խնդրեմ՝ ՀԱԿ։ Եվ ոչ ոք մեղավոր չէ, որ այս կամ այն մասը տվյալ պահին գերակշռում է։ Հմտությունը դա կանխագուշակել կարողանալն է։ Չի կարելի դատել միայն սեփական շրջապատով, դա քաղաքականություն չէ եւ հաղթանակի չի կարող բերել։ Թե չէ գնում են իրենց բարեկամների, շտաբների շրջապատում «սոցհարցումներ» անցկացնում եւ կոկորդ պատռում, որ ճիշտը իրենց տվյալներն են։ Եվ սկզբից եւեթ հայտարարում, որ եթե պարտվեն՝ չեն ընդունելու արդյունքները։ Մինչդեռ վերջին տարիների ընտրությունները ապացուցում են, որ ընդդիմությունը լավագույն դեպքում 20-30 տոկոսն է, աշխարհն էլ պայթի՝ սա է։ Այս դեպքում ընդդիմության վրա հենվողներին մնում է միայն մերժել ընտրությունների արդյունքները։

2. Ընտրախախտումները ի՞նչ մակարդակ ունեին։

Օրվա ընթացքում պաշտոնական բողոքներ այս անգամ ըստ էության չներկայացվեցին, ի տարբերություն նախկին բոլոր ընտրությունների։ Խախտումների օրինակներն էլ պարզունակ էին եւ անարտահայտիչ՝ հիմնականում միկրոավտոբուսների օգտագործման եւ անկազմակերպության դեմ ուղղված։ Հետո, ում որ չբավարարեցին արդյունքները, սկսեցին չստորագրել արձանագրությունները՝ սա ազնիվ չէ: Արմատական ընդդիմությունը ընտրեց ընդհանուր մերժման քաղաքականությունը եւ բողոքարկումների դեպքում էլ դրանք, միեւնույն է, իրենց ուզածին, այսինքն՝ բացարձակ հաղթանակի չեն կարող բերել։ Կեղծիքների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա հնարավոր է հաստատել միայն, եթե հաղթողների ստացած 70-80 % քվեները հնարավոր լինի դարձնել 20%։ Գործնականում կեղծիքները փաստարկներով ապացուցել հաջողվում է միայն 1-2 տոկոսի շրջանակներում՝ ընդհանուր քվեների համեմատ։

Հույս ունենանք, այս տարի 8 տեղամասերի դրվագներով հարուցված քրգործերը վերջապես խրատ կլինեն ընտրակեղծարարների համար։ Ինչպես ընտրապայքարի ընթացքում հայտարարել էր իշխանական թեկնածուն, ոմանք իսկապես արջի ծառայություն են մատուցել։ Եթե պատժվեն՝ մեծ քայլ կլինի մեր քաղաքական կուլտուրայի բարձրացման ուղղությամբ։

3. Ի՞նչ վերաբերմունք ունի իշխանությունը ընդդիմության նկատմամբ։

Իշխանության համար հիմնական մրցակիցը արմատական ընդդիմությունն է, որը եւ ստացել է առավելագույն ձայները բոլոր ընդդիմադիրների մեջ։ Իհարկե իշխանությունները հաստատ կուզեին, որ 7 տոկոս եւ ավելի հավաքեին եւ՛ Դաշնակցությունը, եւ՛ ՕԵԿ-ը, թեկուզ՝ ՀԱՍԿ-ը, դրանք բոլորը կթուլացնեին հիմնական ընդդիմության՝ ՀԱԿ-ի ազդեցությունը։ Բայց փաստը սա է՝ ունենք այն, ինչ ունենք:

4. Եվս մեկ անգամ հրաժարվելով գործունեության պաշտոնական ասպարեզից, ինչպե՞ս է շարունակվելու պայքարը։

Հնարավոր է՝ փորձեն Վրաստանի օրինակով համաժողովրդական շարժում նախաձեռնել, բայց 12 օրը մեկ հանրահավաք հրավիրելը բավարար պայման չէ դրա համար։ Այստեղ արմատական ընդդիմությունը խնդիրներ ունի։ Պետք է նկատի ունենալ, որ առջեւում նաեւ ամառվա շոգերն են եւ «արձակուրդային» շրջանը, երբ ժողովուրդը փորձում է գոնե 1-2 ամիս հանգստանալ բոլոր լարումներից, այդ թվում՝ եւ ընտրություններից, եւ հեղափոխական հայտարարություններից։

5. Ի՞նչ կորցրեց եւ ի՞նչ ձեռք բերեց ընդդիմությունը։

ՀԱԿ-ին ձայն տված ընտրողները կուզեին, որ ընդդիմադիրներ լինեին քաղաքի ավագանիում՝ իրենց կարծիքով` այստեղ առկա կամայականությունները արգելափակելու համար։ Այնինչ ամենամեծ լավությունը իշխանություններին այս հրաժարականով արվեց։ Ավագանու ֆունկցիաները զոհաբերվեցին ընդդիմության առաջնորդի ամբիցիաներին – պարզ է, որ նրան որպես ավագանու ներկայացուցիչ՝ ոչ ոք չի պատկերացնում։ Մասնակցությունը, փաստորեն, իշխանության համար պրոբլեմներ ստեղծելու համար էր։

Մարտավարության հարցերում արհամարհվեց «Ժառանգությունը»՝ քանի որ խորհրդարանական ընտրություններում նա ավելի հաջողակ էր, եւ խորհրդարանում իր գործունեությամբ ավելացրել էր իր ճանաչումը ժողովրդի շրջապատում, ընդամենը 6 պատգամավորով շատ տեսանելի գործունեություն ծավալելով։ Պարզ է, որ անհանդուրժողականությունը պիտի երկփեղկեր ընդդիմությունը։ Չկարողացան միավորվել, լավ չկազմակերպեցին, լավ չէին պատկերացնում ընդհանրապես՝ ինչ են ընտրությունները Հայաստանում, ցավոք, դեռ աշխատում են այնպես, ինչպես վաղ անցյալում։ Այսօր էլ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով են դարձյալ առաջնորդվում:

6. Հնարավո՞ր է կառուցողական եւ ոչ առճակատման զարգացում այս մրցակցության մեջ։

Դրա ընդգծված օրինակն է Դաշնակցության Գերագույն մարմնի վերջին հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ. «Փաստորեն, գաղափարական մոտեցումները, ծրագրային հարցադրումները, նպատակային անելիքները որոշիչ չեն դառնում մեր քաղաքացիների մեծամասնության ընտրության հարցում։ ՀՅԴ արձանագրած արդյունքի պատճառները մենք հակված ենք փնտրել միայն մեր աշխատանքի մեջ»: Կառուցողականությունը պետք է ապացուցեին նրանց նախարարները, որ չարեցին։ Դաշնակցությանը այսօր ավելի ճիշտ է անվանել հանդուրժողական ընդդիմություն։ Մեր քաղաքական դաշտում այսօր հայտնվել է նաեւ շինծու ընդդիմություն հասկացությունը, որի դաշտում հակում ունեն հայտնվելու անհաջողակ իշխանամետները եւ քաղաքականությունը կարիերա դիտարկողները։

7. Իսկ ԲՀԿ-ն իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն այս պարագայում։

Առայժմ ներվում են ԲՀԿ-ի չարաճճիությունները։ Ավելի մեծ խաղերի մասնակցելը ԲՀԿ-ի կողմից առայժմ խիստ թեական է։ Նա ուժ է, քանի որ, ինչպես նշեցինք, կարողացել է իր ճիշտ տեղը գտնել հասարակության նախասիրությունների մեջ եւ կարեւոր դեր կարող է կատարել քաղաքական զարգացումներում։ Սակայն ընդդիմություն դառնալ թե չէ՝ խորհուրդ կտայինք Ծառուկյանին զրուցել Խաչիկ Սուքիասյանի հետ…

8. Քաղաքակա՞ն պաշտոն է քաղաքապետը։

Ժողովուրդը ցույց տվեց, որ այնքան էլ չէ։ Ընդդիմությունը պնդում էր քաղաքականի վրա։ Այս չափով էլ բաշխվեցին արդյունքները։

9. Ի՞նչ նշանակություն կունենան այս ընտրությունները մայրաքաղաքի համար։

Հեշտ ճակատագիր չի սպասվում նոր քաղաքապետին, թեպետ զգալիորեն ավելացել են նրա լիազորությունները։ Երեւանը ղեկավարելը տնտեսական ճգնաժամի եւ շինարարության կտրուկ անկման ժամանակաշրջանում մի առանձնահատուկ ճկունություն եւ ստեղծագործ մոտեցում է պահանջելու։

10. Ընտրություններին ամենապարզ մոտեցո՞ւմը։

Դա լսեցինք մի քաղաքացուց՝ բոլոր թեկնածուների մեջ հաղթեց բնիկ երեւանցին։

11. Իսկ ՕԵԿ-ը՞:

Այս հարցադրումը հիշեցնում է Նապոլեոնի պատմության մեջ հայտնի տիկնոջ դերը՝ «Ա Պոլշագ»

12. Հումորով մոտեցեք։

Մյուս բոլոր ընտրությունների համեմատ այս ընտրությունները «թավշյա» էին։ Քաղաքը չի քանդվել հաստատ։ Տանկեր չմտան, հրազեն չօգտագործվեց։ Զոհեր այս անգամ չեղան, եթե չհաշվենք 11-04 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղազարյանի ստացած ապտակը պատգամավորուհու կողմից։ Լրագրողներին էլ խորհուրդ կտայինք լկտի հարցեր տալ պաշտոնյաներին, նախարարներին, վարչապետին, վերջապես՝ նախագահին, բայց ոչ երբեք՝ սափրագլուխներին։ Նրանց մոտ հումորի զգացումը, մի շարք այլ զգայարանների հետ միասին՝ թերզարգացած է, արձագանքներն էլ՝ կանխատեսելիորեն պրիմիտիվ։ Ինչպես, ասենք, լինում է ռնգեղջյուրի կամ այլ կոտոշավորների մոտ։

Որպես վերջաբան:

Մի ընտրություն էլ հորով-մորով արեցինք: Մինչ նոր ընտրություններ:

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ