Վերջին զարգացումները, մասնավորապես, Երեւանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ «Հայ Ազգային կոնգրեսը իբրեւ քաղաքական ուժ, կայացած չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ «Ընդդիմադիր միակ ուժը լինելու հավակնություններ ունեցող ՀԱԿ-ը, իբրեւ այդպիսին, չհանձնեց քննությունը»,- ասել է նա: Այս անսպասելի դիրքորոշումը մեղմելու համար Փոստանջյանը, բնականաբար, նշել է, թե, իհարկե, ընդունում է, որ եղել են կեղծիքներ, որոնք ազդել են արդյունքների վրա, սակայն համարժեք աշխատանք չի տարվել իրական ընդդիմադիր զանգվածի հետ: Արդյունքում, ըստ Զ. Փոստանջյանի, ի տարբերություն իշխանամետ քվեարկողների, որոնք անպայման գնում են ընտրության, մեծ թվով ընդդիմադիր տրամադրված մարդիկ պարզապես չեն մասնակցել քվեարկությանը: Իսկ չմասնակցելը, «Ժառանգության» ներկայացուցչի գնահատմամբ՝ արդեն «օբյեկտիվ` անվիճարկելի ցուցանիշ է»: Զ Փոստանջյանն անդրադարձել է նաեւ հունիսի 1-ի հանրահավաքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հնչեցրած այն գնահատականին, որ այս ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտն այլեւս մաքրվել է: «Եթե իրենք են այդպիսի գնահատական տալիս, որ կա Հանրապետական կուսակցություն դաշտում, կա «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն դաշտում եւ Կոնգրես, ապա Կոնգրեսի ստացած քվեն բավականին մտահոգող է: Եվ պետք է բոլորս մտահոգ լինենք, որ, որպես ընդդիմություն, որպես քաղաքական ուժ, այս ուժը դեռ չի կայացել եւ վստահություն չի վայելում մեր ընդդիմադիր ժողովրդի կողմից: Իսկ որպեսզի վստահություն վայելի՝ ոչ թե խոսքերով պետք է դա տեղի ունենա, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով»,- հայտարարել է Զ. Փոստանջյանը: Իսկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` զարգացնելով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրողների պասիվության թեման, ասել է, թե դա պայմանավորված էր ընդդիմության, ավելի ստույգ` Հայ Ազգային կոնգրեսի ոչ ճիշտ գործելակերպով: «Դա մեր բոլորիս, բայց, առաջին հերթին, կարծում եմ, ընդդիմության, Հայ Ազգային կոնգրեսի ոչ ճիշտ հաշվարկներ կատարելու արդյունք էր»,- ասել է նա: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ընդդիմադիր դաշտին ուղղված քննադատության մեջ կա՞ արդյոք նաեւ ինքնաքննադատության տարր, այսինքն, հասարակությանն ակտիվացնելու համար իրենք` «Ժառանգության» ներկայացուցիչները, զբաղվո՞ւմ են «ամենօրյա քրտնաջան աշխատանքով», Զարուհի Փոստանջյանը տվել է թերեւս ամենացնցող պատասխանը: «Ես կարծում եմ, մարտի 1-ի առավոտյան եւ դրանից հետո, անկախ նրանից, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին տանը կալանավորել էին, թե ոչ, պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանը լիներ ժողովրդի կողքին: Ամենօրյա աշխատանքը ես այդպես եմ գնահատում»: Նույն` ինքնաքննադատությանը վերաբերող հարցի առնչությամբ Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Մենք իսկապես ինքնաքննադատորեն նայում ենքգ Եթե մենք կարողանայինք քաղաքակիրթ ձեւով քարոզարշավ տանեինք, երկու ընդդիմադիր ուժերը` «Ժառանգությունը» եւ Հայ Ազգային կոնգրեսը, որեւէ առճակատում հընթացս չէր առաջանա»: Մինչդեռ, ըստ նրա՝ «գրեթե մեկ շաբաթ ընդդիմադիր մամուլը, կարելի է ասել` մինչեւ վերջին հայհոյանքը «Ժառանգության» հասցեին հնչեցրեց, եւ քաղաքական ընդդիմադիր գործիչներ կային, որ դա ներկայացնում էին իբրեւ հասարակության պահանջը»: Ինչ վերաբերում է Հայ Ազգային կոնգրեսի` ավագանու մանդատներից հրաժարվելու մասին հայտարարությանը, ապա Ա. Մարտիրոսյանն ասել է. «Եթե Կոնգրեսը այսօր չի վերցնում մանդատները, եւ ընդդիմադիր հատվածը մեր բնակչության որեւէ ձեւով լծակ չունի ավագանիում, դա բավականին մտահոգիչ է»: Իսկ ըստ Զարուհի Փոստանջյանի, Կոնգրեսի ցուցակում պետք է երիտասարդ, կարող ուժերի ընդգրկեին, ովքեր ի վիճակի կլինեին աշխուժություն մտցնել, ինչ-որ բան փոխել: «Հնացած ձեւաչափերով, հնացած ցուցակներով, թող չվիրավորվեն` նաեւ հնացած մարդկանցով չի կարելի հանդես գալ»,- ասել է նա: Նշենք, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել «Ժառանգության» այս հայտարարությունները: