Հին ալբոմ

06/06/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Արդեն երկու տասնամյակ է ընտրություններից հետո, լինեն խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ կամ Երեւանի ավագանու, փորձագետներն ու հասարակությունը միաբերան արձանագրում են` յուրաքանչյուր ընտրություն աննախադեպ էր կեղծիքների մասշտաբով եւ ընտրություններում ներգրավված, ընդ որում՝ սեփական ցանկությամբ, մարդկանց թվով։ Երեւանի ավագանու ընտրություններից հետո դիտորդներից ոմանք անգամ արձանագրեցին, թե Հայաստանում ընտրական համակարգը մահացավ: Ընտրական համակարգի մահվան մասին լուրերը կարելի էր չափազանցություն համարել, եթե ունենայինք գիտակից իշխանություն, ընտրակեղծիքը որպես անհեթեթ եւ նվաստացուցիչ երեւույթ համարող հասարակություն, հզոր եւ կազմակերպված քաղաքական ընդդիմություն, որը կկարողանար յուրաքանչյուր ընտրատեղամասում պայքարել իր ամեն ձայնի համար: Սակայն հայաստանյան կուսակցություններից հասարակության ակնկալիքները խիստ համեստ են: Համեստ են, քանի որ գրեթե բոլոր կուսակցությունները մեկ անձի շուրջ ձեւավորված կառույցներ են. չլինի կուսակցության կամ միավորման ղեկավարը, չի լինի եւ կուսակցությունը։

Այս օրերին քննարկվող հարցերից մեկը սա է` հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, եւ երբ այդ հարցն ուղղվեց Երեւանի ավագանու ընտրություններին վերոնշյալ կուսակցության ցուցակի առաջին համարին` Հարություն Քուշկյանին, նա կարճ կապեց` այդ հարցին իրենց կուսակցությունից կարող է պատասխանել միայն մեկ մարդ: Եվ այդ մարդը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Այն, որ ԲՀԿ-ն իրեն երբեւէ չի կարող թույլ տալ դուրս գալ կոալիցիայից, քանի որ այս կուսակցությունը նրա համար չի ստեղծվել, որ քաղաքական դաշտում կոնկուրենտ լինի ՀՀԿ-ին, ակնհայտ է: Հույսեր կապել, թե այս կուսակցությունը կկարողանա թարմացնել քաղաքական դաշտը՝ իր խոսքը գործ դարձնելով, իրատեսական չէ. ԲՀԿ-ի, ինչպես նաեւ Հայաստանի կյանքում դերակատարություն ունեցող մյուս կուսակցությունների դեպքում, կուսակիցներն իրենց առաջնորդի հանդեպ կենդանական վախ են տածում: ԲՀԿ ներկայացուցիչներն իրենց ելույթներում առնվազն երեք անգամ բարձրաձայնում են իրենց առաջնորդի անուն-ազգանունը եւ հղում անում նրա քիչ, բայց հնարավորինս իմաստուն մտքերին:

Նույն խնդիրը կա նաեւ Հայ Ազգային կոնգրեսում: Որպես առաջնորդ ընդունելով Լեւոն Տեր-Պետրոսյանին` Կոնգրեսի մյուս անդամներն իրենց խիստ պասիվ դիրք են վերապահել: Ընդդիմադիր հասարակությունը հանրահավաքներին սպասում է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, եթե ընդդիմության շարքերից լինում են այլ ելույթ ունեցողներ, ապա միայն հասարակությանն առաջարկելու, որ ականջալուր լինեն բացառապես Տեր-Պետրոսյանի ձայնին, որ նրա իմաստնությանն ու ժամանակի զգացողությանը թողնեն ընդդիմության քայլերի հաջորդականության որոշումը: Այսքանից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես պարտավոր է լինել առողջ եւ իմաստուն` կարողանալու համար ամուր պահել ընդդիմության համակիրների մարտական ոգին:

Ամենից լճացած վիճակում իշխող ՀՀԿ-ն է։ Այս կուսակցությունը ունի վերարտադրման մեկ եւ տարիներով փորձված միջոց` ընտրակեղծիքներ, քաղաքական անազնիվ խաղ, անհարմար չի զգում ընտրությունների ժամանակ հասարակության հատկապես ստորին խավերի ծառայություններից օգտվելուց: ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովը եւ շատ այլ ՀՀԿ-ականներ, որոնց համեմատաբար երիտասարդ տարիքը կարող էր թույլ տալ հուսալ, որ որոշակի թարմություն կբերեն կուսակցություն, արդեն անլուրջ է: Նրանց եւ հատկապես պարոն Շարմազանովի ելույթները լսող եւ նրանց վիզուալ չտեսնող մեկը վստահորեն կարող է պնդել, որ եթերում Գալուստ Սահակյանն է: Կուսակցական համեստ բառապաշարով ասված տրաֆարետային մի քանի մտքերը վաղուց արդեն թարմացման կարոտ են:

Թեեւ «Օրինաց երկիր» կուսակցությունն իրեն սպառել է եւ զուտ իներցիայով մնալով ԱԺ-ում, դեռեւս որոշ ժամանակ ստիպված կլինի հիշատակվել Հայաստանի քաղաքական ուժերի ցանկում, սակայն այս կուսակցությունը եւս անձի չհիմնավորված պաշտամունքի դասական օրինակ է. ՕԵԿ առաջնորդին են վերագրվում գրեթե բոլոր օրենսդրական նախաձեռնությունները։ Հնարավորության դեպքում Հեղինե Բիշարյանն, առանց աչքը թարթելու, Արթուր Բաղդասարյանին կվերագրեր նաեւ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» միտքը:

Այն, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն այնպիսին էին, ինչպես ցանկացան ՀՀԿ-ում, վկայում է, որ թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ այն կուսակցությունները, որոնք դժգոհ մնացին ընտրությունների արդյունքներից, սակայն որեւէ էական ազդեցություն չկարողացան ունենալ ընտրակեղծիքները կանխելու գործում, ունեն իրենց մարտավարությունը վերանայելու խնդիր: Եթե, իհարկե, ցանկանան: Հակառակ դեպքում հաջորդ ընտրություններին վերահաստատելու ենք Հայաստանում ընտրական համակարգի վաղաժամ մահվան հանգամանքը եւ, որ նույնքան վտանգավոր է, քվեաթերթիկներին տեսնելու ենք նույն կուսակցությունները, որոնք գլխավորելու են բոլորիս դարերի խորքից ծանոթ դեմքերը: