1918թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Ազգային խորհրդի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական հեռագրական գործակալությունը: Անցյալ տարվա այդ նույն օրը՝ ՀՀԳ-ի 90-ամյակի առթիվ նրա իրավահաջորդ «Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված արարողությունների շարքում Երեւանում բացվեց նաեւ «Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետ» լուսանկարչական ցուցահանդեսը, որն այնուհետեւ պիտի ներկայացվեր հանրապետության մարզերում:
Հունիսի 4-ին ցուցահանդեսը բացվեց Հրազդան քաղաքում, այնուհետեւ ներկայացվելու է հանրապետության մյուս մարզերում եւս: Ցուցահանդեսը ներկայացրեց «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Հրայր Զորյանը` նշելով, որ ներկայացված 100 աշխատանքները չնչին մասն են հանրապետության կյանքը պատկերող այն հազարավոր նմուշների, որոնք կան գործակալության ֆոտոարխիվում:
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի ծավալուն մակագրություններով ուղեկցվող լուսանկարներն այցելուներին հնարավորություն կտան ծանոթանալու Հայաստանի Առաջին Հանրապետությունից մինչ այժմ պատմության կարեւորագույն դրվագներին, ականավոր գործիչներին ու մտավորականությանը, մշակույթի, գիտության, մարզաշխարհի երախտավորներին: