Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում բացվել է «Տարանցիկ վարկածներ» ցուցահանդեսը, որը հայ ու ճապոնացի նկարիչների համատեղ զրույց-ցուցադրություն է։ Բոլոր ճապոնացի ստեղծագործողները առաջին անգամ էին Հայաստանում (բացի Թակուջի Շիմուրոյից, ով անցյալ տարի հայաստանցիներին ներկայացրել էր իր աշխատանքները) ու մեծ հաճույքով շփվում էին յուրաքանչյուր ցանկացողի հետ՝ պատմելով իրենց զգացմունքների ու մտքերի մասին։ Նրանք շատ պարզ ու «բաց» մարդիկ էին, որոնք, կարծես, եկել-հասել էին Հայաստան՝ լիցքեր հաղորդելու ու լիցքավորվելու համար։ Նրանք հայերին նույնքան հարցեր էին ուղղում, որքան եւ՝ հայերն՝ իրենց։ Մի քանի ճապոնուհի նույնիսկ հայկական տարազներ էին հագել ու ժպիտով հարցնում էին՝ լա՞վ է։ Իսկ մյուսները կիմոնոներով էին ու նույնպես հարցնում էին՝ գեղեցի՞կ է։ Երիտասարդ ճապոնացի նկարիչները մանրամասն պատմում էին, թե ինչպես են իրենց մոտ, ասենք, սեփական քաղաքը մետաղաձույլ ցցերով պատկերելու կամ բեկորներով դիմանկար ստեղծելու գաղափարները ծագել։ Եվ բոլոր ճապոնացիները ժպտում էին։ Մարդկային առումով սա, թերեւս, մեր միակ տարբերությունն էր, քանի որ անզեն աչքով երեւում էր, որ որպես ստեղծագործողներ՝ հայերն ու ճապոնացիները նույն հարթության վրա են գտնվում ու գծի, գույնի ու ֆորմաների հետ խաղում են ճիշտ այնպես, ինչպես մեր մոլորակի բոլոր բնակիչները։ Թեմատիկ ու ոճային առումով «Տարանցիկ վարկածներն» իրոք դիալոգ են կազմում: Եվ այդ երկխոսությանը հետեւելը շատ հետաքրքիր է: Ե՛վ հայ, եւ՛ ճապոնացի նկարիչների ձեռագրերը գրեթե նույնն են։ Եթե կտավների հեղինակների անունները չկարդաս, կդժվարանաս ասել, թե դրանք ովքեր են ստեղծել։
Ցուցահանդեսի նախաձեռնողներն ու համադրողները Արա Հայթայանն ու Մակի Միկիկոն են։ Նկարիչ Ա.Հայթայանն ասում է. «Այս նախագիծը առաջ գնալու բնականոն ու հանգիստ ճանապարհ է հուշում: Իսկ լուրջ արվեստի դաշտ ստեղծելու համար միշտ հանգստություն է պահանջվում: Մենք ցուցադրում ենք այսօրվա ճապոնական արվեստը` առանց խմբագրումների, ինչը շատ կարեւոր եմ համարում»։ Նա վստահ է, որ յուրաքանչյուր արվեստի ճյուղ, երբ ներկայանում է աշխարհում, միշտ որոշակի խմբագրումների միջով է անցնում, որպեսզի այլազգի դիտորրդները այն ընդունեն որպես տվյալ երկրի նկարագիր: «Ամեն երկիր ունի իր ներքին շերտերը: Մենք ցուցադրում ենք այն ճապոնացի նկարիչների գործերը, որոնք միգուցե ամենահանրահայտը չեն, սակայն հենց նրանք են ցուցադրում ճապոնական արվեստի բնական ընթացքը»,- ասում է նա:
Այս նախագծում նույն դերակատարությունը տրվել է նաեւ հայ նկարիչներին, որոնք շատ հստակ ցուցադրում են նկարիչների սերնդային կապն ու ոճերի միահյուսումը։ Մեծահասակ Րաֆֆի Ադալյանի գունեղ աբստրակցիաները կախված են երիտասարդ Լիլի Ալթունյանի սիմվոլիստական նուրբ պատկերների կողքին: Էքսպրեսիվ գունային լիցք փոխանցող Վահան Ռումելյանի կտավի հարեւանությամբ զուսպ ու լուսային խորություն հաղորդող Սամվել Չիբուխչյանի գործն է։ Հայ նկարիչների մտքերը շարունակում են ու հարստանում են Մասակա Տակաջիի ամպերով, Յոկո Միկամիի երազներից ծնված կանանցով ու Բովե Վակակոյի կոստրուկցիաներով։
Այս ցուցադրությունը անշտապ զննում է ենթադրում ու թույլ է տալիս, որ արվեստի հարցերից բացի, բոլորովին այլ բնույթի՝ հողեղեն ու կիրառելի հարցեր ծագեն։ Եվ դրանցից ամենակարեւորը «Ի՞նչ ենք սպասում մեր արվեստից» հարցն է։ Ա.Հայթայանը համոզված է, որ արվեստի միջավայրի ստեղծումը արվեստի դերի անբաժանելի մասն է, եւ Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ եղած ամենացայտուն տարբերությունը նրանում է, որ մեր արվեստը միջավայր մտած չի, իսկ Ճապոնիայում ճիշտ հակառակն է. «Ճապոնիայում արվեստը շատ խորն է մտել միջավայրի մեջ, նույնիսկ տրադիցիոն ճապոնական արվեստում է նկատվում ժամանակակից մաքուր արվեստի ազդեցությունը: Դա երեւում է ինտերիերների մշակման, գրքերի նկարազարդումների, իրերի ձեւավորման մեջ: Նույնիսկ համերգասրահներն են կառուցվում այնպես, կարծես դրանք մաքուր աբստրակցիա են»:
Արվեստի ձեռագրերն անընդհատ պտտվում են աշխարհով մեկ եւ սողոսկում են այնպիսի ոլորտներ, որոնք առաջին հայացքից արվեստ չեն, սակայն մեծ հաջողությամբ օգտվում են արվեստային նշաններից: Նկարի կոնստրուկցիաներն ու գծերն, օրինակ, կիրառվում են ճարտարապետության մեջ կամ տարբեր նյութական առարկաների ֆորմաներ են դառնում: Դրա վառ ապացույցը տեխնոլոգիական սկիզբ ունեցող առարկաներն են` հեռուստացույցները, հեռախոսները, համակարգիչները, որոնք հաճախ մաքուր արվեստային ֆորմաներ են ձեռք բերում ու առօրյա կյանք են մտնում արդեն՝ որպես նոր արվեստի տեսակ: Կտավի գծերը շարունակվում են կահույքի, կիրառական առարկաների` սպասքի կամ զգեստի մեջ:
Ա.Հայթայանը, ով համագործակցում է ճապոնական պատկերասրահների հետ, նշում է, որ Ճապոնիայի քաղաքներն արդեն իսկ իրենց մեջ ժամանակակից ճապոնական արվեստի հետքն են կրում: «Իսկ մեզ մոտ արվեստը, թերեւս, հակադրության մեջ է գտնվում: Եվ դա շատ ցավալի է: Այս փուլը մենք որքան կարելի է արագ պիտի անցնենք, որպեսզի կարողանանք բնականոն զարգանալ ու մեր արվեստը արտադրության փուլի հասցնել»,- ասում է նա:
«Տարանցիկ վարկածներ» ցուցահանդես-երկխոսությունը նպատակ ունի ցույց տալ մեզ, որ արվեստը ոչ միայն գործողություն է, այլեւ` արտադրանք ու խորհրդային նշան: Եվ մարդու լիարժեք գոյության համար կարեւոր են այդ երկու ճանապարհների խաչմերուկները: «Ճապոնացիների Աստվածները մեր մեջ կան, ամեն քայլափոխի նկատվում են, իսկ մեր Աստվածները չկան նրանց մեջ: «Աստված» ասելով, ես նկատի ունեմ արվեստի լեզվով ստեղծած արդյունքները, օրինակ՝ «Սուձուկին», «Տոյոտան» կամ կինեմատոգրաֆի լեզուն: Այդ ամենը մեր կենցաղի մեջ մտած է, իսկ հայկական ոչ մի գիծ կամ առարկա ճապոնական կենցաղում գոյություն չունի»,- նկատում է Ա.Հայթայանը։ Ընդ որում՝ մեր արվեստի հետքերը նույնիսկ մեր միջավայրում չկան, արվեստն ու կյանքը շատ հազվադեպ են խաչվում ու երկխոսում քաղաքի դիմագծերում, հայաստանցիների տների ձեւավորման կամ հագուկապի մեջ։ Մեր արվեստը մեզնից անջատ է, այն կարծես յուրացված չէ ո՛չ ներքուստ, ո՛չ էլ արտաքուստ։ Մինչդեռ, ասենք, սամուրայների լեգենդները, արարողություն հիշեցնող ճապոնացիների կենցաղը կամ ավանդույթները մեզ համար ճանաչելի են դառնում առաջին հերթին հենց արվեստի միջոցով՝ ֆիլմերով, նկարներով ու բանաստեղծություններով։ Իսկ մենք հաճախ անտեսում ենք արվեստի նշանակությունը՝ հիմնվելով կեղծիքի վրա, որը երբեք չի կարող յուրացվել, ու չենք ուզում տեսնել, որ հենց հիմա մեր կողքին նկարիչ կամ պոետ է ծնվում, որոնց ստեղծածը դատապարտված է լինելու չնկատվելու ու չշարունակվելու։ Իսկ դա նշանակում է, որ կրկին արգելակվելու է բնականոն զարգացումը։ Մեզ մոտ նկատվում ու վեհացվում են ընդամենը մեկ կամ երկու օրով։ Եվ շատ տեղին է ինքներս մեզ հարց ուղղել՝ իսկ ի՞նչ ենք ակնկալելու արվեստից 10 տարի հետո։ Թողնելո՞ւ ենք, որ մեր արվեստը կտրված լինի մեր կյանքից, թե՞, այսուամենայնիվ, փորձելու ենք արվեստի միջոցով անհատական, քաղաքային, հասարակական մշակույթ ձեւավորել։
Իհարկե, նման հարցեր առաջացնող «Տարանցիկ վարկածներ» ցուցահանդեսը շարունակություն է ենթադրում։ Եվ որքան շատ լինեն վարկածները, այնքան ավելի հարմոնիկ կլինի մեր ինքնազգացողությունը։
Որպես այս ցուցադրության համադրող՝ Ա.Հայթայանը շատ է կարեւորում նկարչի ֆիզիկական ներկայությունը, այլ ոչ թե սոսկ նկարների փոխանակումը, քանի որ ցուցահանդեսի ֆորմատը ներառում է նաեւ քննարկումները: Ընդ որում, քննարկումներն ու զրույցները ոչ միայն զուտ մշակութային խնդիրների շուրջ են ծավալվելու, այլ ավելի լայն սոցիալական հարցերի շրջանակ են ունենալու: Եվ միգուցե հայ նկարիչները կկարողանան ցուցադրվել նաեւ Ճապոնիայում: Ա.Հայթայանը նկատում է, որ փոխադարձ այցը մեծ ծախսերի հետ է կապված, քանի որ բոլոր ճապոնացի նկարիչները Հայաստան են եկել այն գալերեաների տրամադրած գումարով, որտեղ սովորաբար ցուցադրվում են: Եվ դժվար է պատկերացնել, որ նույնը կարող են անել նաեւ հայկական մասնավոր ցուցասրահները: «Նույնիսկ շատ փոքր ճապոնական գալերեաները անհրաժեշտություն են համարում նման այցեր կազմակերպելը: Իսկ թե որքան է մեզ համար դա կարեւոր եւ որքան կպատի մեր ուժը` հիմա դժվարանում եմ ասել»,- նկատում է նա: