Պետք է փորձել նոր կինոլեզու գտնել

03/08/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ոսկե ծիրանի» մրցութային ֆիլմերը քչերը տեսան, ծրագիրը խիտ էր: Իսկ
արտամրցութային ծրագիրն ավելի հետաքրքիր էր թվում, այդ պատճառով էլ հայտնի
վարպետների ֆիլմերի ցուցադրումների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն էին,
իսկ մրցութային դիտումներն անցան կիսադատարկ դահլիճներում: Ժյուրիի
անդամները, որոնք պարտավոր էին օրական հինգ-վեց ֆիլմ դիտել, ժամանակ
չունեին այլ անվանակարգերում ներկայացված ֆիլմերը դիտելու: «Ցավոք, ես
չհասցրեցի ոչ մի հայկական ֆիլմ նայել»,- ասաց Ատոմ Էգոյանը:

Լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց Ալեքսանդր Սակուրովի «Արեւը»
(Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյի կյանքի մասին), դիպլոմի արժանացան
ռուսաստանցի Իլյա Խրժանովսկու «4» եւ արգենտինացի Լիսանդրո Ալեսանդրոյի
«Մեռյալները» ֆիլմերը: Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց ֆինն ռեժիսոր
Պիերո Հոնկասալոյի «Մելամաղձության երեք սենյակը» ֆիլմը, հատուկ
մրցանակներ ստացան իտալահայ ռեժիսոր Երվանդ Ջանիկյանի «Օ՜, մարդ»,
լատվիացի Անեթ Շյութցեի «Մոսկաչկա» եւ հոլանդացի Ֆոու Պին Հուի «Դրախտի
աղջիկները» ֆիլմերը:

«Հայկական համայնապատկերում» լավագույնը հայաստանցի ռեժիսոր Արման
Երիցյանի «Բաց երկնքի տակ» ֆիլմն է, որը հեղինակին 2000 դոլար պարգեւ
բերեց: Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց բրիտանահայ ռեժիսոր Վոն
Փիլիկյանի «Մուրճ եւ բոցը» ֆիլմը: Հատուկ դիպլոմներ հանձնվեցին ֆրանսահայ
ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Մի գեղեցիկ առավոտ», հայաստանցի Սուրեն
Տեր-Գրիգորյանի «Կրակից ծնվածը», ամերիկացի ռեժիսորներ Առնո Երեցյանի
«Զորթյան մոլորակը» եւ Արամ Հեքինյանի «Մի փուչիկ» ֆիլմերին: Լավագույն
անիմացիոն ֆիլմ ճանաչվեց Նաիրա Մուրադյանի «Ճանապարհը», որի սցենարի համար
նա ստացավ նաեւ Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակը:

Կինոգետների ու կինոքննադատների ասոցիացիան երկու հատուկ մրցանակ շնորհեց
ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Իմ հայրը ինժեներ է» եւ թրքուհի
ռեժիսոր Եշիմ Ուստաօղլու «Ամպերին սպասելիս» ֆիլմերին: Իսկ Հայաստանի
Կինեմատոգրաֆիստների միությունը լավագույն ռեժիսոր համարեց Ջեք Քահիլին:

Նիկիտա Միխալկովը, Քշիշտոֆ Զանուսսին, Յոս Սթելինգը ու Աբբաս Քիարուսթամին
մրցանակներ ստացան՝ համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար:

«Ոսկե ծիրանը» շքեղություն չէր

«Կինո չունենք, բայց կինոփառատոն ունենք» ասողները հինգ օրվա ընթացքում
կինո տեսնելու ու կինոաշխարհի մարդկանց հետ շփվելու առիթ ունեին: «Կարող է
թվալ, որ լուրջ միջազգային փառատոն ունենալու մեր ամբիցիաները մեծ են,
սակայն փոքր երկրների համար միշտ էլ հարկավոր են ամբիցիոզ ծրագրեր:
Կինոյում պետք է «ոտքերը վերմակի չափից ավելի մեկնել»,- ասաց կինոգետ
Դավիթ Մուրադյանը: Փառատոնը հուշեց, որ մենք համաշխարհային կինոյի
համատեքստից այնքան էլ հեռու չենք: Հյուրեր ընդունելուց ու ասուլիսներից
տեղեկություն ստանալուց բացի՝ կարող ենք նաեւ ֆիլմ դիտել, կինովարպետների
դասերն օգտագործել, սովորել: «Եվ մեկ-մեկ էլ՝ լուրջ զրույցներ վարել
արվեստի մասին»,- ասաց կինոգետ Միքայել Ստամբոլցյանը:
Կարո՞ղ ենք կինո ունենալ

Փառատոնն ավարտվեց, մնացին տպավորությունները, եւ առաջ եկավ հարց՝ ի՞նչ
ենք անելու հիմա: Ծանոթացանք, տեսանք, այժմ փորձն օգտագործելու ժամանակն է:

«Դրսից տված խորհուրդներով կինո չես ստեղծի,- ասաց Ատոմ Էգոյանը,- կինոն
ներսից պիտի փոխվի: Վարպետության դասեր անցկացնելով երիտասարդների հետ, ես
տեսա, որ նրանք շատ խելացի, զգայուն, կրքոտ են, բայց միաժամանակ՝
սահմանափակ: Հետաքրքրասեր են, սակայն չեն կարող օգտագործել սեփական
հնարավորությունները: Կինոարտադրության խորհրդային սիստեմի ազդեցության
տակ են, բայց այդ սիստեմն արդեն աշխարհում չի օգտագործվում: Հայաստանում
չեն տեսնում նոր տեխնոլոգիաների եւ նոր մոտեցումների առավելությունը»:
Կինոյի մարդիկ ֆիլմերի արտադրության եւ դիստրիբյուցիոն խնդիր ունեն:
Երեւակայություն ունեցող պրոֆեսիոնալն առանց մեծ ֆինանսական ծախսերի կարող
է ֆիլմ նկարահանել, թվային տեխնիկան տալիս է այդ հնարավորությունը: Իսկ
փառատոնը կինոաշխարհի նորություններին ու իրադարձություններին ծանոթանալու
միջոց է, որի բնականոն շարունակությունը պիտի դառնա կինոակումբների
ստեղծումը: «Ֆիլմ-կենտրոն է պետք ստեղծել, որտեղ երիտասարդները կկարողանան
ֆորումներ անցկացնել, խոսել, բանավիճել: Որպեսզի նոր սերնդի համար
ստեղծագործելու նոր հող հայտնվի»,- ասաց Ա. Էգոյանը: Իսկ պետությունն էլ
իր հերթին պետք է կարողանա ֆինանսավորել ոչ թե մեկ կամ երկու մեծ նախագիծ,
այլ աջակցի բազում մանր նախագծերի: Փառատոնը ցույց տվեց, որ հեղինակային
ֆիլմերը չեն հակադրվում մասսայական կինոյին, այլ համերաշխ իրար ձուլված
կարող են լինել: Իրանցի վարպետ Աբբաս Քիարուսթամիի ֆիլմերն օրիգինալ են,
պարզագույն սյուժե ունեն, նկարահանված են սակավ բյուջեով, սակայն
գլուխգործոցներ են, քանի որ նա չի նմանակում ուրիշներին եւ իր կինոն է
կերտում՝ միայն իրեն հատուկ կինոլեզվով ու կինոշարով: Լավ ֆիլմն անպայման
կհասնի հանդիսատեսին, աշխարհի որ անկյունում էլ որ նա ապրի:

Ներկայիս կինոտարածքը սահմաններ ու սահմանափակումներ չունի: «Ֆիլմը հիմա
չի կարելի արգելել, այն անպայման կհասնի հանդիսատեսին: Երբ «Արարատը»
արգելեցին Թուրքիայում ցուցադրել, այն սկսեց տարածվել DVD-ներով: Վախենալ
պետք չէ, որ կկորես կինոաշխարհում: Եթե, իհարկե, լավ ֆիլմ ես
նկարահանել»,- ասաց Ա. Էգոյանը:

Լրագրողները միշտ չէ, որ թշնամի են

Մարդիկ տոմս էին գնում ֆիլմ դիտելու համար. դա հաճելի, զարմանալի ու
մոռացված մթնոլորտ էր ստեղծում: Տոնի հուշ էր արթնացնում: Տոմսերի գները
նույնն էին, փառատոնի համար զիջումներ եւ ավելացումներ չէին արվել:
«Նաիրի» կինոթատրոնի դահլիճ մուտք գործելու համար երեք ուղի կար՝
տոմսարկղից գնված տոմսերով, «Ոսկե ծիրանի» կողմից տրված հրավիրատոմսերով
եւ մամուլի հավատարմագրերով: Հետաքրքիրն ու անհասկանալի այն էր, որ
«Նաիրին» նախապատվությունը տալիս էր միայն գնված տոմսերին: «Դու մեզ մոտից
ես տոմս առել: Եթե քո տեղը հրավիրատոմսով որեւէ մեկը նստած լինի, տեղից
հանիր ու դու նստիր»,- ասացին ինձ: Հավատարմագրված լրագրողները հանդիպում
էին փոքր եւ միաժամանակ անսահման իշխանություններով լիազորված
դահլիճապահ-հսկիչների արգելքներին: Կորեացի լրագրողը շփոթված կանգնած էր,
չհասկանալով՝ ի՞նչ է նշանակում՝ «հելի ստեղից» ասածը: Արժանապատվություն
ունեցող լրագրողները կամ ստիպված տոմս էին գնում, կամ հեռանում
կինոթատրոնից: Նման իրավիճակում փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի՝
«Լրագրողները միայն վատն են տեսնում» կշտամբանքն անհիմն էր: Ուզում էին
նաեւ լավը տեսնել, եթե, իհարկե, կարողանում էին դահլիճ մտնել:

Յուրաքանչյուր փառատոնում հետաքրքիրն ու դիտարժանը բացման ու փակման
արարողությունն է: Փակումն ու մրցանակների հանձնումն անցան փակ դռների
սկզբունքով, տարբեր միջոցառումներում շահարկվող հայկական «փոփ»
երաժշտության ուղեկցությամբ: Դժվար թե երգիչները կարողացան զարմացնել
օտարերկրացիներին, իսկ հայաստանցիներին՝ հաճույք պարգեւել: Ամենազոր
«Հ1»-ն իր նպատակներն ուներ: Մրցանակակիրների ու հյուրերի խոսքը կարճ էր
ու կցկտուր՝ երգերն ավելի կարեւոր էին: «Փակումը կարող էր ավելի լավը
լինել,- ասաց Ատոմ Էգոյանը: -Սովորաբար անմիջապես փակումից հետո
անցկացվում է ասուլիս, որպեսզի լրագրողները կարողանան շփվել
մրցանակակիրների հետ»: Փառատոնի կազմկոմիտեն նման հնարավորություն չտվեց:
Բայց, հուրախություն բոլորի, որոշեց կարգին թարգմանիչ հրավիրել եւ փրկեց
Նունե Եսայանի ու Արթուր Իսպիրյանի «հայկական» անգլերենից: Ընդ որում,
վատն էին նաեւ օտարերկրացի հյուրերի թարգմանությունները, որոնք պարզեցված
էին ու ոչ ճշգրիտ: «Արմենիա» հեռուստաընկերությունը «Ոսկե ծիրանն»
օգտագործեց իր նպատակների համար, հյուրերին հրավիրեց իր նոր թվային
տեխնիկայով հագեցած ստուդիան եւ տարբեր մարդկանց համագործակցության
առաջարկներ արեց: Փառատոնի կազմկոմիտեն ուրախ էր յուրաքանչյուր
աջակցության համար, ու եթե «Նաիրին» կամ «Հ1»-ն իր պայմաններն էր
թելադրում, «Ոսկե ծիրանը» չէր համարձակվում դիմադրել կամ նման ցանկություն
չուներ էլ:

«Պետք է աշխարհի համատեքստը մեր փոքրիկ երկիր բերել»,- ասաց Դավիթ
Մուրադյանը: Միջազգային կիոփառատոնին պետք է միջազգային մամուլ: Ավելի
լայն լուսաբանում ու արձագանք: «Միջազգային մամուլն անվճար գովազդ է
նշանակում, որը մեզ միշտ հարկավոր է»,- ասաց լեհ կինոբեմադրիչ Քշիշտոֆ
Զանուսսին: Փառատոն կազմակերպելը դժվար է, վրիպումներից խուսափել չի լինի:
Մինչդեռ փառատոնի վարկանիշը բարձրանում է նաեւ մամուլի արձագանքների
շնորհիվ: «Կուլտուրա» հեռուստաալիքը մի քանի օր շարունակ հետեւում էր
փառատոնի անցուդարձին, հաջորդ անգամ, հնարավոր է, գա եւ BBC-ին: