«Կրեմլում կարեւորում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական ֆորումի շրջանակներում սպասվող հանդիպումը»,- երեկ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: «Կարեւոր է հենց նախագահների հանդիպման փաստը, քանի որ դա նշանակում է մի գործընթացի շարունակություն, որը նախագահը սկսել էր, երբ կնքվել էր Մոսկովյան հռչակագիրը»,- ասել է Տիմակովան` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տեղաշարժերի մասին հարցին: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` ֆորումին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ կայանալիք այցն արդեն իսկ կարեւոր պահ է: Դա թույլ է տալիս եւս մեկ անգամ հանդիպել եւ քննարկել ընթացիկ իրավիճակը: Այստեղ կարեւոր է երկխոսության շարունակության փաստը եւ այն, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են ցուցաբերում դրա նկատմամբ եւ ընդունում են Ռուսաստանի միջնորդական դերն այդ հարցում»,- նշել է Տիմակովան: