Խե՜ղճ Նորիկ

04/06/2009

Մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրված խախտումներն ու ընտրակեղծիքները «բացահայտելու նպատակով» երեկ Գլխավոր դատախազությունում վերահաշվարկվել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/05 ընտրական տեղամասի քվեաթերթիկները: Հիշեցնենք, որ սա այն տեղամասն էր, որտեղ արձանագրվել էին այս ընտրություններում կիրառված «ոչ ընտրական» բոլոր մեթոդները` լցոնումներ անգամ ԱՄՆ դեսպանատան պաշտոնյայի ներկայությամբ, բռնություններ լրագրողների եւ դիտորդների նկատմամբ, եւ այլն, եւ այլն: Եվ ահա երեկ Գլխավոր դատախազությունում կատարված վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ այդ տեղամասի` ՀՀԿ-ն ներկայացնող հանձնաժողովի նախագահը քվերաթերթիկների հետ արել է այն, ինչ ուզել է` ՀՀԿ-ի օգտին լցնելով ինչպես, ասենք, պատճենահանված, այնպես էլ` այլ ուժերի օգտին քվեարկված քվեաթերթիկներ: Տվյալ դեպքում կարեւոր չէ սակայն, թե որ ուժից որքան քվեաթերթիկ է գողացվել կամ որքան կեղծ քվեաթերթիկ է լցոնվել: Իրականում խնդիրն այն է, որ այս տեղամասի արդյունքների ցուցադրական վերահաշվարկով (հանձնաժողովի ՀՀԿ-ն ներկայացնող նախագահ Նորայր Եղիազարյանի նկատմամբ նույնիսկ քրեական գործ է հարուցվել) իշխանություններն ուզում են ընտրությունների հետ կապված վեճը տեղափոխել առանձին վերցված մեկ տեղամասի կամ ընտրատարածքի հարթություն: Այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով` «երրորդ տեղը զբաղեցրած» Հայ Ազգային կոնգրեսը հայտարարել է, որ բողոքարկման բոլոր ճանապարհներով պահանջելու է անվավեր ճանաչել մայիսի 31-ի ընտրությունները: Երեւանի բոլոր տեղամասերում կայացած ընտրությունները: