Ընդդեմ «ժողովրդավարական ֆասադի»

04/06/2009

«Կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն, որին մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները, սովորական դարձած մեթոդներով, այլ նաեւ տոտալիտար մեթոդներով ծառայեցվել է ողջ պետական համակարգը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ համակարգմամբ»,- երեկ լրագրողներին ներկայացնելով ՀԱԿ-ի հայտարարությունը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ` ասաց Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ հայտարարության մեջ խոսվում է մարզերից Երեւան բերված ընտրողների, 100%-անոց ցուցակների, ընտրակաշառքների բաժանման մեխանիզմների, ընդդիմության համակիրների ահաբեկման եւ նրանց անձնագրերի հավաքման (որպեսզի չմասնակցեն քվեարկությանը), կեղծ ցուցակների` այդ թվում մեռած հոգիներով համալրված, մարդկանց տաքսիներով եւ երթուղայիններով ընտրությունների բերելու, զինվորների կողմից քվեարկության վերաբերյալ եւ կոչ է արվում բոլոր առողջ, ժողովրդավարական ուժերին՝ միավորվել այդ համակարգի դեմ պայքարի համար: «Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները ապացուցում են, որ Հայաստանում ստեղծվել է դեմոկրատական ֆասադով քրեապետական, ամբողջատիրական, այսինքն` տոտալիտար պետական համակարգ: Երկրի վարչախումբը, ըստ էության, վերածվել է խունտայի, որը համախմբելով պետական իշխանության լծակները եւ քրեական կառույցները, ստեղծել է համատարած ահաբեկման մի ապարատ, որ այսօր թափանցում է ցանկացած ընտանիք եւ ունակ է ահաբեկման նպատակով հասցեագրված աշխատել բոլոր անհատ քաղաքացիների հետ: ՀԱԿ-ը բարձրացրել է կործանարար այս համակարգի դեմ պայքարելու դրոշը: Երկրի բոլոր դեմոկրատական քաղաքական ուժերին կոչ ենք անում համախմբվել ժողովրդավարության հաստատման համար մղվող այս պայքարում»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Հարցին, թե այդ ուժերի մեջ մտնո՞ւմ են արդյոք ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրն» ու ԲՀԿ-ն, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Բոլոր այն ուժերը, որոնք իրենք իրենց համարում են գաղափարախոսական քաղաքական կուսակցություններ, շարժումներ, մտնում են այդ սահմանման մեջ: Կարծում եմ՝ դաշնակները, միանշանակ, կարող եմ պատասխանել, որ այո՛, մտնում են, մնացած ուժերը պետք է որոշակի տրանսֆորմացիա անցնեն, որ դառնան գաղափարական ուժ»,- ասաց նա: Իսկ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն հրաժարվի Երեւանի ավագանու կազմում ունեցած իր մանդատներից: Պատասխանելով այս հարցին` Լ. Զուրաբյանը նշեց. «Ես չեմ տեսնում, որ ԲՀԿ-ին կբավականացնի քաղաքական համարձակությունը նման քայլ անելու համար»: Ինչ վերաբերում է զինծառայողների քվեարկությանը, ապա Լ. Զուրաբյանը նշեց, թե միայն այդ ճանապարհով իշխանությունը ապահովել է տասնյակ-հազարավոր ձայներ: Ըստ Զուրաբյանի, իրենց հետ աշխատող իրավաբանները աշխատում են կոնկրետ փաստերի ու իրավական հիմնավորումների վերաբերյալ: «Ավելի ընդհանրացված պատկերը մենք կներկայացնենք»,- ասաց Լ. Զուրաբյանը: Պատասխանելով այն հարցին, թե Երեւանի ավագանու կազմում ժողովրդի կողմից տրված մանդատներից հրաժարվելը չի՞ նշանակում արդյոք դեն նետել ընդդիմության համակիրների ձայները, Լ. Զուրաբյանը ասաց, որ այդ մանդատները իրենց ժողովուրդը չի տվել: «Ես համաձայնվում եմ այդ մտքի հետ, ժողովրդից ստացած մանդատը, իսկապես, չի կարելի գցել, բայց մենք այդ մանդատը չենք ստացել ժողովրդից: Եթե մենք այդ մանդատը ստացած լինեինք ժողովրդից, մենք այսօր կունենայինք 35-ից ավելի մանդատ ավագանիում: Ժողովրդից ստացած մանդատները նրանք գողացել են եւ որպես փոխհատուցում՝ փորձում են մեզ տալ 12 թե 13 մանդատ,- հայտարարեց Լ. Զուրաբյանը` հավելելով,- Կեղծարար իշխանության ձեռքից, այո՛, մենք մանդատներ երբեք չենք ընդունի»: Բացի այդ, ըստ Լ. Զուրաբյանի` ավագանու կազմում իրենց ներկայացվածությունը որեւէ նշանակություն չէր ունենալու: «Ես դեռ ինչ-որ տրամաբանություն տեսնում եմ, որ եթե ընտրությունները կեղծված լինեին պառլամենտի դեպքում, գոնե կարելի էր վերցնել այդ մանդատները` օգտագործելու պառլամենտական տրիբունան ընդդիմության քաղաքական օրակարգը առաջ տանելու նպատակով (ինչպես որ արեց «Ժառանգությունը»): Բայց Երեւանի ավագանին նույնիսկ այդ նպատակին չի կարող ծառայել»,- վստահ է Լ. Զուրաբյանը: Անդրադառնալով ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի երեկվա այն հայտարարությանը, թե այս վիճակից ելքը կարող է անհնազանդությունը լինել, Լ. Զուրաբյանը ասաց, որ այդ մարտավարությունն ընդունելու որոշում Կոնգրեսում դեռեւս չկա: «Բայց ես ասում եմ, որ նման մեթոդոլոգիայի կիրառումը չի բացառվում»,- ասաց ՀԱԿ համակարգողը: Անդրադառնալով նախագահ Ս. Սարգսյանի մոտ` նախօրեին կայացած համաներման վերաբերյալ խորհրդակցությանը, Լ. Զուրաբյանը նշեց, որ եթե նույնիսկ համաներում լինի, դա չի ազդի իրենց` արդեն որդեգրած դիրքորոշման վրա, այսինքն` նույնիսկ նախագահի կողմից համաներում հայտարարելու դեպքում ոչ մի երկխոսություն չի կարող լինել: «Մեր գնահատականները այս ռեժիմի նկատմամբ վերջնական են»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը: