ՀՀ Գլխավոր դատախազությունում երեկ տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը:
Վերահաշվարկն իրականացնող փորձագետները հենց սկզբում արձանագրեցին, որ այդ տեղամասի քվեաթերթիկների պարկը «փակվելուց հետո բացվել է»: Իսկ դա այն տեղամասն էր, որտեղ կեսօրից հետո ներխուժել էին մոտ 20 երիտասարդներ, բռնություն էին գործադրել լրագրողների, «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հ/կ-ի դիտորդ Սոնա Այվազյանի վրա ու լցոնում կատարել: Եվ ահա, Գլխավոր դատախազությունն էլ ընթացք տալով մամուլի հրապարակումներին` որոշել է, որ այդ տեղամասում պետք է վերահաշվարկ կատարվի: Բացի այդ, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել այդ ընտրակեղծիքների համար ՔՕ 150-րդ հոդվածի` ընտրության կամ քվեարկության արդյունքները կեղծելու հատկանիշով: Հունիսի 1-ին արդեն այդ գործով ձերբակալվել են 8/05 տեղամասի հանձնաժողովի անդամ` ՀՀԿ-ն ներկայացնող Նորայր Եղիազարյանը եւ քաղաքացի Արմեն Օհանյանը: Վերահաշվարկի համար Գլխավոր դատախազություն էին հրավիրվել Փորձագիտական ազգային բյուրո ՊՈԱԿ-ի երկու փորձագետներ եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված երեք ներկայացուցիչներ: ՀՔԾ-ն փորձագիտական խմբին առաջադրել էր հետեւյալ հարցերը` քանի՞ քվեաթերթիկ կա քվեատուփում, որո՞նք են կեղծված, որո՞նք են բնօրինակները, ո՞ր քվեաթերթիկն ո՞ւմ օգտին է քվեարկված: «Բոլոր քվեաթերթիկների եւ ելունների քանակը համապատասխանո՞ւմ է արդյոք քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրության տվյալներին, ինչո՞ւմն է տարբերությունը: Փորձաքննության ներկայացված քվեաթերթիկներն ի՞նչ եղանակով են պատրաստվել` քսերոպատճենո՞վ, տպագրական սարքո՞վ, համակարգչային տպիչո՞վ եւ այլն: Բոլոր քվեաթերթիկներն արդյո՞ք պատրաստվել են միեւնույն եղանակով, թե՞ ոչ»,- հարցերի այս շարքը թվարկված էր ՀՔԾ որոշման մեջ:
Իսկ նախնական փորձաքննության ընթացքում պարզվեց, որ պարկում առկա 15 փաթեթների ոչ բոլոր պարունակություններն են իրենց համապատասխան տեղերում: Իր տեղում չէր քվեարկության արդյունքների արձանագրությունը: Այն գտնվում էր փաթեթներից մեկում` մինչդեռ նրա տեղը պարկում էր: Չքվեարկած քվեաթերթիկների փաթեթում կային նաեւ քվեարկածները: Գրեթե բոլոր փաթեթները կնքված չէին, եւ նրանց վրա երեք ստորագրության փոխարեն առկա էր մեկը կամ երկուսը: Իսկ հաշվարկի ժամանակ պարզվեց, որ ՀԱԿ-ի օգտին քվեարկված մեկ քվեաթերթիկ գտնվում էր «Ժողովրդական կուսակցության» փաթեթում: Արձանագրության մեջ նշված էր, որ ԲՀԿ-ն այդ տեղամասում ստացել է 210 քվե, սակայն փաթեթում կար 208 քվեաթերթիկ: Իսկ ամենահետաքրքիրը ՀՀԿ-ի փաթեթն էր, որը հայտնաբերվեց բաց վիճակում: Այնտեղ ՀՀԿ-ի օգտին էին հաշվարկված 7 անվավեր եւ 15 պատճենահանված քվեաթերթիկներ: ՀՀԿ-ի օգտին քվեաթերթիկների մի կապոց էլ մարված էր: Հավանաբար, այնքան շատ էին լցրել տուփը, որ հետո անհնար է եղել դրանք համապատասխանեցնել գրանցամատյանում եղած ստորագրությունների թվին: Մի խոսքով, այդ պարկում տիրում էր կատարյալ շիլաշփոթ, եւ պահպանված չէր քվեարկությունից հետո քվեաթերթիկները տեղաբաշխելու գրեթե ոչ մի կանոն: Այսինքն` կամ այդ տեղամասի հանձնաժողովի նախագահն ու անդամները ծանոթ չէին այդ կարգին, կամ էլ պարկը փակելուց հետո բացողներն էին այդ շիլաշփոթը ստեղծել: Ավելի հավանական է երկրորդ տարբերակը: Այստեղ էլ, իհարկե, ամեն ինչ միանշանակ չէ: Արդյո՞ք կեղծողներն են խառնել փաթեթները, թե՞ պարկը հատուկ մարմինների միջոցով այնպես է նախապատրաստվել վերահաշվարկին, որ նրա մեջ եղած տվյալները համապատասխանեն նախաքննող մարմնի առաջ քաշած վարկածին: Այստեղ նորից երկրորդ տարբերակն է ավելի հավանական, եւ այս ենթադրության պատճառը դարձան «Ազատություն» ռադիոկայանին ՀՔԾ քննիչ Գորիկ Հովակիմյանի մեկնաբանությունները: Քննիչն ասել է, թե ընտրության օրը ժամը 16-ի սահմաններում Ն.Եղիազարյանը կատարել է ծրարները կնքողի պարտականությունը եւ հսկել է քվեատուփը: «16 քաղաքացիներ, ուղղակի չպատկերացնելով կամ քաջատեղյակ չլինելով իրենց ֆունկցիաների մասին, որ անձամբ իրենք պետք է (ծրարները) գցեն քվեատուփը, ծրարները հանձնել են Ն.Եղիազարյանին, որն էլ օգտվելով այդ հանգամանքից, դրանք չի գցել քվեատուփը եւ պահել է իր մոտ: Այնուհետեւ Ն.Եղիազարյանը նշված 16 ծրարները դուրս է հանել ընտրական տեղամասից, հանդիպել իր ծանոթ Ա.Օհանյանին: Լավատեղյակ լինելով, որ նա նույնպես կողմնակից է ՀՀԿ-ին, նրան տեղեկացրել է, որ թվով 16 ծրարներ է դուրս հանել ընտրական տեղամասից»,- ասել է Գ.Հովակիմյանը: Նպատակը, ըստ Հովակիմյանի, եղել է ՀՀԿ-ի օգտին կեղծիք կատարելը: «Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Օհանյանն այդ 16 ծրարները տարել է տուն, բացել ու տեսել է, որ միայն մեկն է ՀՀԿ-ի օգտին քվեարկված: Մյուս 15 քվեաթերթիկները Ա.Օհանյանը ոչնչացրել է: Իսկ մեկ քվեաթերթիկը, որը քվեարկված է եղել հօգուտ նշված կուսակցության, պատճենահանել է 15 օրինակ, դրանք տեղադրել է նույն ծրարների մեջ, փակել ծրարները եւ իր հետ վերցնելով` արդեն 16 ծրարները, վերադարձել ընտրական տեղամաս եւ քվեատուփի մեջ է գցել»,- ավելացրել է Գ.Հովակիմյանը:
Իսկապես այդ ժամին Ն.Եղիազարյանը նստած էր քվեատուփի մոտ եւ կնքում էր քվեաթերթիկները: Սակայն ոչ միայն այդ ժամանակ, այլ ժամը 12:00-ից մինչեւ 20:00-ն թե՛ լրագրողները, թե՛ Ս.Այվազյանը ուշադիր հետեւում էին քվեատուփին եւ չեն նկատել, որ ընտրողները քվեաթերթիկները տված լինեն Ն.Եղիազարյանին: Ընդ որում, լրագրողներին բռնության ենթարկած հրոսակները տեղամաս էին ներխուժել ժամը հենց 16-ի սահմաններում: Իսկ Ն.Եղիազարյանը այդ դեպքերի ժամանակ Վարդան Հովհաննիսյանին օգնում էր, որ կեղծ քվեաթերթիկներն արագ լցնեն տուփի մեջ: Այնպես որ, կարելի է գրեթե վստահաբար ասել, որ ձերբակալվածներն են սխալ ցուցմունք տվել, եւ դա, ամենայն հավանականությամբ, արել են ինչ-որ մեկի կամ մարմնի ցուցումով: Ավելացնենք նաեւ, որ երեկ վերահաշվարկի ժամանակ ՀՀԿ-ի փաթեթից դուրս եկան Գ.Հովակիմյանի նշած 15 պատճենահանված քվեաթերթիկները: Այս դեպքում արդեն հասկանալի է դառնում, որ քվեատուփի պարունակությունը նախպես «մշակվել» է, ձերբակալվածների ցուցմունքներն էլ հարմարեցվել են դրան: Չի բացառվում, որ այս գործում իր «ներդրումն» ունի նաեւ նախաքննող մարմինը: Իսկ ավելի ուշ Սոնա Այվազյանը պատմեց, որ 8/05 տեղամասում քվեաթերթիկները հաշվելու ժամանակ մի պահ հանձնաժողովի անդամները գնացել էին հաց ուտելու: Մնացել էին հանձնաժողովի փոխնախագահ Խաչատուր Խաչատրյանը եւ մեկ այլ անդամ: «Նրանք փսփսում էին, քվեաթերթիկներն անընդհատ հաշվում էին, վերցնում-դնում էին այստեղ-այնտեղ: Ու շատ արագ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից դուրս մի-մի տրցակ քվեաթերթիկ գնացին ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի վրա: Եվ ՕԵԿ-ը 21-ից դարձավ 80, իսկ ՀՅԴ-ն 18-ից դարձավ 63: Փաստորեն այդ 4 կուսակցությունների քվեաթերթիկների քանակը փոխեցին: ԲՀԿ-ից 235-ը 25-ով պակասեցրին: ՀՀԿ-ի 559-ը դարձավ 478»,- պատմում էր Ս.Այվազյանը:
Արձանագրության համաձայն եւս՝ ՕԵԿ-ն ուներ 80 քվեաթերթիկ, ինչը կարող էր առնվազն զարմանալի լինել, քանի որ բազմաթիվ տեղամասերում այդ կուսակցությունն ընդամենը 10-25 ձայն էր ստացել: «Մի պահ տուփից բոլոր կուսակցությունների օգտին էլ քվեաթերթիկներ էին դուրս գալիս: Այդ ժամանակ ՀՀԿ-ի վստահված անձ Վարդան Հովհաննիսյանը նկատողություն արեց «Այրեքսի» դիտորդին, թե՝ խանգարում ես: դիտորդը հեռացավ, ու դրանից հետո մոտ 100 հատ իրար հետեւից ՀՀԿ-ի, 50 հատ ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկներ էին դուրս գալիս: Ոչ մի բացառություն չէր լինում: Ես մի պահ մոտեցա քվեաթերթիկների վրայի կնիքը նայելու, նրանք ահավոր նյարդայնացան: Ասացի` ի՞նչ եք անում, ասին՝ թվերը փոխվել են: Ու այդ ամենը կատարվում էր ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի աչքի առաջ: Այնքան բացահայտ ու լկտի ձեւով էին անում, որ չէին էլ ուզում արդեն իրենց կեղծիքները թաքցնել»,- ասում է Ս.Այվազյանն ու ավելացնում, թե այս ամենը հունիսի 2-ին պատմել է ՀՔԾ-ում տված իր ցուցմունքում: Բոլոր դեպքերում 8/05 տեղամասում կատարված բռնությունների ու կեղծիքների համար արդեն քրեական գործ է հարուցվել, նախնական վերահաշվարկի ժամանակ կեղծիքներ են հայտնաբերվել: Քվեատուփի պարունակությունը դեռ մանրամասն պետք է ուսումնասիրվի, եւ չի բացառվում, որ փորձագետները նոր կեղծիքներ հայտնաբերեն: Չի բացառվում նաեւ, որ այս տեղամասում ընտրությունները չեղյալ համարվեն եւ նոր ընտրություններ նշանակվեն: