Էքսպերիմենտները հաճախ ռիսկ են ենթադրում

03/08/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մենք միշտ հպարտանում ենք, երբ լսում ենք, որ որեւէ հայ աշխարհում
հաջողության է հասնում, ընդունվում ու մեծարվում է: Ուրախանում ենք, երբ
տիտրերում հայի ազգանուն ենք տեսնում: Թվում է, որ մեզ ամենալավը հայը
կհասկանա: Փառատոնի ընթացքում մեծ թվով սփյուռքահայ կինոգործիչներ կային,
խոսվում էր այն մասին, որ փառատոնն «իրար հետ ծանոթանալու միջոց» ու
«հայության գումարման հավաքատեղի» է: Լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին ասաց.
«Շնորհակալություն այս քաղաքին, ես հրաշալի տպավորություններ ստացա»:
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանն ասաց. «Դրանք բանալ խոսքեր են: Երբ
հյուր ես գնում, ու քեզ հարցնում են՝ հավանեցի՞ր մեր ճաշը, անշուշտ պիտի
պատասխանես՝ այո: Պրագմատիկ պիտի ըլլանք, ամեն ինչ չէ, որ զգացմունքներով
պիտի չափենք: Զգացմունքները լավ բան են, բայց մասկարադ կանեն: Սխալը պիտի
ըսենք»: «Արարատ» ֆիլմից հայտնի Արշիլ Գորկու իր դերը դերասան Սիմոն
Աբգարյանն անցած փուլ էր համարում ու նյարդայնանում էր, երբ մարդիկ հարցեր
էին տալիս երկու տարի առաջ կերտած այդ դերի մասին: «Արդյոք մամուլը գիտի՞՝
ինչ եմ անում՝ բացի Գորկու դերից»,- բորբոքվում էր Ս. Աբգարյանը: Ակամայից
ուզում էիր նրան ասել՝ եթե անգամ մամուլը չգիտի, կարո՞ղ եք հետաքրքրել, որ
իմանալու ցանկություն ունենա: Ինչո՞ւ Միխալկովը, Քիարուսթամին կամ
Սթելինգը կարող են դա անել, իսկ դուք՝ ոչ: Կինոաստղերը չէին շտապում ամեն
քայլափոխի ապացուցել, որ աստղ են, եւ նույնիսկ լրագրողների կիսագրագետ
հարցերը փորձում էին խմբագրել, հետո միայն պատասխանել: Հոգնած, բայց միշտ
ժպտերես Ատոմ Էգոյանն աշխատում էր ամեն հարցին լուրջ ու ամբողջական
պատասխան տալ, իսկ Հայաստանի ու հայերի մասին միայն հպարտությամբ էր
խոսում: Գուցե սեթեւեթում էր, բայց ճիշտ ու տեղին: «Կյանքս այդպես
դասավորվեց՝ հայերեն չեմ խոսում»,- ասում էր նա: Եվ այդ բառերն ավելի մեծ
քաշ ունեին, քան Ս. Աբգարյանի՝ «Հայ ըլլալը հոգնեցուցիչ է» խոստովանանքը:

Հայերի ուշադրությունից գերհագեցած սփյուռքահայերը Հայաստանից ավելի հեռու
էին, քան օտարերկրացիները՝ իրենց վերապահելով «խրատ տալու» իրավունքը: Կամ
ասում էին, որ «Ոսկե ծիրանն» իրենց համար «Օսկարից» ավելի թանկ է, կամ
համարում, որ «սերը դեպի Հայրենիքն» իրենց «անելանելի վիճակի մեջ է դնում
եւ արգելքներ առաջ բերում»: «Իմ Հայրենիքը արվեստն է»,- վեհ արձանագրեց Ս.
Աբգարյանը: Գուցե իրենց հետքը կինոյում թողնել ցանկացող սփյուռքահայերն
իսկապես հետք կթողնեն, եւ այդ գործում Հայաստանի գովաբանումն իրենց չի
խանգարի: Իսկ հայ հանդիսատեսը կուրախանա նրանց հաջողություններով ու չի
ծանրաբեռնի նրանց՝ Հայաստանի, Երեւանի ու հայ կինոյի տպավորություններն
իմանալու ցանկությամբ:

«Փառատոնի հաջողությունը սփյուռքի ներկայությունը չէ, – ասաց Ատոմ Էգոյանը: -Այն ներսի աշխատանքի շնորհիվ է»: