«Եթե Հայաստանը հայտնվի ճգնաժամային իրավիճակում, կկարողանա դիմել ՆԱՏՕ-ի Եվրաատլանտյան աղետների արձագանքները համակարգող կենտրոն, որտեղ ՀՀ-ին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն»,- այդ մասին երեկ ՆԱՏՕ-ի երեւանյան տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած սեմինարի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի փորձագետ Յան Մալդերը` ներկայացնելով ճգնաժամային իրավիճակների կառավարման եւ արտակարգ իրավիճակներում ԶԼՄ-ների դերի մասին զեկույցը: «Կենտրոնում յուրաքանչյուր երկիր իր մատյանն ունի, որտեղ գրանցվում են այդ երկրի` ճգնաժամային վիճակում հայտնված այլ երկրներին աջակցելու կարողությունները»,- նշել է Յ. Մալդերը: Ըստ նրա, ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունի տեղեկատվության հավաքումն ու տարածումը: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի դերին նման իրավիճակներում` Մալդերն ասել է, որ սառը պատերազմից հետո դաշինքը փոխվել է եւ այսօր հանդես է գալիս ոչ թե ռազմական, այլ որպես քաղաքական կազմակերպություն: