Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում (7-րդ եւ 8-րդ ընտրատարածք) ՀԱԿ-ի նախընտրական շտաբի պետ Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ համաձայն է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության գնահատականների հետ, որոնց համաձայն՝ Հայաստանում ընտրական համակարգը վախճանվել է:
Նրա բնորոշմամբ, տեղի ունեցածն «ավազակային հարձակում էր տեղամասերի վրա»: «Այն բանդան, որ հարձակվում էր տեղամասերի վրա, այսպիսի մեխանիզմով էր աշխատում. մի քանի րոպե առաջ հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչները դուրս էին գալիս տեղամասերից, եւ այնտեղ մնում էին միայն հանձնաժողովի «Ժառանգության» ներկայացուցիչը (խոսքս հիմնականում 7-րդ ընտրատարածքի մասին է, 8-րդ-ում, գիտեք, «Ժառանգության» ընտրատարածքայինի նախագահը իր կուսակցականներին չէր նշանակել), մեր վստահված անձինք եւ դիտորդներ: Թողնում էին միայն նրանց: Հետո ներս էին մտնում 10-15 հոգի, այդ մարդկանց ուժով ծածկում կամ դուրս հանում սենյակից, արկղը լցնում այնքան, ինչքան որ պետք էր: Այդ ամենը տեղի է ունեցել Ոստիկանության հսկողության տակ»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը: Ըստ նրա, լցրել են երբեմն ավելի շատ, քան ընտրող կար այդ տեղամասում: «Հասարակության հետ էլ վարվեցին ամենավերջին հանցագործի պես: Եթե իրենք գիտեին, որ որեւէ մեկը ընդդիմադիր հայացքներ ունի, գնալու է ընտրելու ՀԱԿ-ին, այդ մարդուն չէին թույլ տալիս ընտրատեղամաս գնալ: Եվ դա անում էին այնպիսի անձանց միջոցով, որոնք այդ թաղի կամ այդ շենքի ամենավերջին տականքներն էին, որոնք ընդունակ էին ամեն ինչի, ընդունակ էին ահաբեկելու քաղաքացուն` երեխային պահելով, ահաբեկելու երեխային` հորն ու մորը պատանդ պահելով»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը: Ըստ նրա, այս ընտրություններից հետո Հայաստանում պարզապես արժեզրկվեց եւ ոչ լեգիտիմ դարձավ եւս մեկ կառույց` Երեւանի քաղաքապետարանը: Վ. Խաչատրյանը նաեւ նշեց, որ ընտրությունների օրը Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ մինչեւ ցերեկը ժամը 12:00-ն լարվածություն է եղել, որը դադարել է վերեւից եղած կարգադրությունից հետո: «Ժամը 12-ից հետո աշխատում էր միայն մեկ ինստիտուտ` իշխանական կոալիցիան, որն աշխատում էր միայն Հայ Ազգային կոնգրեսի դեմ»,- ասաց նա` ավելացնելով, որ այս օրերին էլ հետապնդումներ են սկսվել իրենց համակիրների, վստահված անձանց, «Ժառանգություն» կուսակցության ընտրական հանձնաժողովների այն ներկայացուցիչների հանդեպ, որոնք բողոք են ներկայացրել ընտրությունների անօրինականությունների վերաբերյալ: «Առավել եւս գիտեք, որ 8-րդ ընտրատարածքի նկատմամբ Դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր: Այդ քրգործերի շրջանակներում կան բողոքներ, որոնք մեր համակիրների կողմից են գրված: Ամբողջ այդ բանդան հիմա ընկած է այդ մարդկանց հետեւից եւ ահաբեկելով, եւ ահազանգերով, եւ վախեցնելով»,- հայտարարեց նա` հավելելով, որ ընտրության օրն էլ արդեն գերխնդիրը միայն ու միայն իրենց վստահված անձանց ու համակիրների անվտանգությունը պահպանելն էր դարձել: «Ես տեսել եմ լացող տղամարդիկ, ընտրությունից հետո` 50 տարեկան, 60 տարեկան, 40 տարեկան, որոնց արժանապատվությունն այնպես է վիրավորվել, որ նրանք դա չէին կարողանում թաքցնել»,- պատմեց Վ. Խաչատրյանը: Իսկ ի՞նչ ելք է տեսնում այս ամենից հետո ՀԱԿ-ը, շարունակվելո՞ւ է արդյոք պայքարը բացառապես սահմանադրական ճանապարհով: «Մենք այլ ճանապարհ չունենք: Պետության մեջ եթե այլ գործընթացներ են գնում, ուրեմն պետությունը վտանգված է, առավել եւս` Հայաստանի նման պետությունը, որն ունի չավարտված պատերազմ: Մեր մոտ մի փոքր ցնցում հակասահմանադրական ճանապարհով` եւ մեր հակառակորդները կհասնեն նրան, ինչին ուզում են»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը` հավելելով, որ ելքը անհնազանդությունն է ու մինչեւ վերջ այս ամենի դեմ պայքարելը: Նա նշեց, որ իշխանությունների ռեսուրսները գնալով նվազում են եւ ի վերջո օրինական ճանապարհով իշխանափոխությունը դառնալու է հնարավոր: Իսկ ինչքա՞ն է երկարելու այդ պայքարը: Նա այս հարցի հստակ պատասխանը չուներ: «Եթե ես իմանայի, որ դա կլինի մի ամիս հետո, վեց ամիս հետո, Ձեզ ուրախությամբ կհաղորդեի, որ վեց ամիս հետո փոխվելու է ամեն ինչ: Ոչ ոք չի կարող կանխատեսել, որովհետեւ սա կախված է եւ՛ դրսի իրավիճակից, եւ՛ հասարակական տրամադրությունների փոփոխությունից: Ես չեմ կարող ասել, թե դա իրականում երբ կլինի: Ի վերջո, քաղաքացին այսօր մինչեւ վերջ չի գիտակցում, թե մենք ինչ ճահճի մեջ ենք թաղված: Քաղաքացին դժվարանում է գնահատել, հասկանալ, որ վաղը ավելի վատ է լինելու, մյուս օրը` էլ ավելի վատ: Սա այնպիսի պրոցես է, որ ինքն իրեն կարող է շատ արագ մեծ թափ հաղորդել, եւ կարող է նաեւ հակառակն էլ լինել»,- ասաց Վ. Խաչատրյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը դիմել է 7-րդ եւ 8-րդ ընտրատարածքների 54 տեղամասից 32-ում ընտրությունն անվավեր ճանաչելու դիմումով, թեեւ նրա ասելով՝ այդ անօրինականությունները հովանավորվել են Ոստիկանության, Դատախազության ու պետական այլ մարմինների կողմից: Անդրադառնալով համաներման մասին խոսակցություններին` Վ. Խաչատրյանը նշեց, թե այդտեղ քննարկումների կարիք չկա, պետք է ուղղակի համաներում հայտարարել: ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ Մարտի 1-ի գործով եւ մինչ այդ անազատության մեջ գտնվող բանտարկյալներից ոչ ոք չի պատրաստվում այնտեղից դուրս գալ: «Նրանք, ընդհակառակը, շատ վիրավորվում են, որ դրա մասին խոսում ենք: Նրանք մեզ ասում են` մեր մասին մի մտածեք, ձեր մասին մտածեք: Ի՞նչ կարեւոր է՝ համաներումը նրանց վրա կազդի՞, թե՞ ոչ: Արդեն բանը բանից անցել է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է եվրոպական դիտորդներին, ապա Վ. Խաչատրյանը նշեց, որ նրանք ընդամենը 2-3 րոպե են եղել տեղամասերում: «Ով էր հրավիրել այդ կառույցին: Ով որ հրավիրել էր, գիտեին, թե ոնց են աշխատում այդ դիտորդները: Հիմա, որ ես այդ դիտորդներին տանեմ նույնիսկ մեր ունեցած վիդեոձայնագրությունները ներկայացնեմ, իրենք կասեն՝ մենք էս երկրում չենք եղել, սա Զիմբաբվեում է եղել»,- ասաց նա: