Ճգնաժամ

04/06/2009

Մերկելն՝ ընդդեմ կենտրոնական բանկերի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ թերահավատորեն է մոտենում Եվրոպական կենտրոնական բանկի, Անգլիայի բանկի եւ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի գործողություններին՝ շուկայի լիկվիդայնությունը վերականգնելու հարցում։ Ինչպես գրում է «The Wall Streer Journal»-ը, կենտրոնական բանկերի կողմից կատարվող լայնմասշտաբ ծախսերը կարող են հանգեցնել նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի՝ հաջորդ 10 տարիների ընթացքում։ Մերկելը քննադատել է մասնավորապես Եվրոպական կենտրոնական բանկին, որ այս կառույցը, «տեղի տալով միջազգային ճնշումներին», համաձայնել է գնել կորպորատիվ պարտատոմսերը՝ 60 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով։ Այդուհանդերձ, այդ գումարը շատ փոքր է, եթե համեմատենք ԱՄՆ ՖՌՀ-ի ծախսերի հետ։ Վերջինս իրականացնում է ֆինանսական համակարգի իրացվելիությանն ու ապահովմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 տրիլիոն դոլար։ Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի Կենտրոնական բանկի նախագահ Ակսել Վեբերը կարծիք էր հայտնել, թե կենտրոնական բանկերի կողմից տարվող չափից ավելի մեղմ ֆինանսական քաղաքականությունը կարող է հանգեցնել ֆինանսական պայթյունի։ Մյուս կողմից, Կիպրոսի ԿԲ նախագահ Անատասիոս Օրֆանիդիսը գտնում է, որ Եվրոպական կենտրոնական բանկը պետք է ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերի ֆինանսական հատվածին։ Համաշխարհային ճգնաժամի պատճառով Կենտրոնական բանկերը ստիպված էին մեղմացնել ֆինանսական քաղաքականությունը՝ իրացվելիության ապահովման եւ տնտեսության վնասները նվազագույնի հասցնելու համար։ Մասնավորապես, ԱՄՆ ՖՌՀ-ի տոկոսադրույքն իջեցվեց 0-0.25%-ի սահմաններում, իսկ ԵԿԲ տոկոսադրույքը՝ մինչեւ 1%-ի։

Ավստրալիան խուսափեց ճգնաժամից

«Բլումբերգի» համաձայն, Ավստրալիայի ՀՆԱ-ն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 0.4 տոկոսով։ Այսպիսով, Ավստրալիան դարձավ այն եզակի երկրներից մեկը, որոնց հաջողվեց խույս տալ ռեցեսիայից (տնտեսության կրճատումից՝ երկու եռամսյակ շարունակ)։ Երկրի տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է արտահանմամբ, որն աճել է 2.7 տոկոսով։ Ավստրալական հումքը դեռ մեծ պահանջարկ ունի հատկապես Հնդկաստանում եւ Չինաստանում, որոնք պահպանել են տնտեսական աճի բարձր տեմպերը անգամ ճգնաժամի պայմաններում։ Սպառողական ծախսերն աճել են 0.6%-ով՝ շնորհիվ կառավարության՝ սպառողական պահանջարկի խթանման փաթեթին (այն արժեցել է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար)։ 0.3 տոկոսով աճել են պետական գնումները, իսկ ահա ներդրումները նվազել են 6.1 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ Ճապոնիայի տնտեսությունը 2009թ. առաջին եռամսայակում նվազել է 9.7 տոկոսով, ԱՄՆ-ում՝ 5.7 տոկոսով, իսկ եվրոյի գոտում՝ 4.6 տոկոսով։

Հանցագործությունների աճ ԱՄՆ-ում

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական հետեւանքներ է թողել ոչ միայն տնտեսության, այլեւ հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա։ ԱՄՆ-ում ֆինանսական դժվարություններն ուղեկցվում են ֆինանսական հանցագործությունների աճով, որոնք այնպիսի մասշտաբներ են ընդունել, որ նախկինում դժվար կլիներ պատկերացնել։ Այս մասին հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար Ռոբերտ Մյուլլերը։ Ելույթ ունենալով Նյու Յորքի Տնտեսական ակումբում՝ Մյուլլերը նշել է, որ իր ղեկավարած կառույցը ներկայումս քննում է հիպոթեքային գործարքների հետ կապված 2500 խարդախության դեպք։ «Այդ տիպի հանցագործությունների քանակը կրկնապատկվել է, եւ մենք ստիպված էինք երկու անգամ ավելի շատ գործակալներ տրամադրել այդ գործերը քննելու համար»,- նշել է նա։

Բացի այդ, ՀԴԲ ղեկավարի խոսքերով, իրենք այժմ քննում են մասնավոր ընկերությունների աշխատակիցների կողմից կատարված խարդախությունների 600 դեպք, ինչպես նաեւ՝ արժեթղթերի հետ կապված մեքենայությունների 1500 դեպք։ Հիշեցնենք, որ նման կարգի ամենահայտնի հանցագործության հեղինակը «դարի խարդախ» համարվող Բեռնարդ Մեդոֆֆն է։ Nasdaq ֆոնդային բորսայի նախկին ղեկավարը ֆինանսական բուրգ էր ստեղծել, որի շնորհիվ ներդրողներից «քցել» էր ընդհանուր առմամբ 50 միլիարդ դոլար։ Իր հաճախորդներին Մեդոֆֆն առաջարկում էր տարեկան մինչեւ 46% շահութաբերություն՝ այդպիսով իր ծուղակը գցելով այնպիսի խոշորագույն բանկերի, ինչպիսիք են BNP Paribas, HSBC, Credit Agricole, Societe Generale, Natixis, Nomura, Royal Bank of Scotland, UniCredit բանկերը։ «Մեդոֆֆի մոտ բոլորն էին ցանկանում ներդրում կատարել. նրա վստահության վարկանիշը AA էր, այսինքն՝ ամենաբարձրը»,- ասել է Մեդոֆֆի ընկերներից մեկը՝ Տիերի դե յա Վիլյուշեն։ Ի դեպ, վերջինս նույնպես մեծ գումարներ էր ներդրել Մեդոֆֆի մոտ, եւ երբ համոզվեց, որ տեղի ունեցածը մեծ խարդախություն էր, եւ իր փողերը կորել են, վերջ տվեց կյանքին ինքնասպանության միջոցով։ ՀԴԲ-ի ղեկավարը նաեւ նշել է, որ «սպիտակօձիքավորներից» (մասնավոր ֆինանսական ընկերությունների աշխատակիցներից) բացի, ակտիվացել են նաեւ պետական ծառայողները. բարձրացել է կոռուպցիայի մակարդակը։ ՀԴԲ-ն ներկայումս քննում է պետական ծառայողների կոռուպցիայի 2500 գործ, իսկ վերջին 2 տարվա ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով ԱՄՆ-ում դատապարտվել են 1700 չինովնիկներ։ Մյուլլերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կառույցը օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ խոշոր հանցագործ խմբավորումները հայտնաբերելու եւ չեզոքացնելու համար։ Այդ նպատակով ՀԴԲ-ում ստեղծվել է հատուկ՝ «Կորպորատիվ բիզնեսի ոլորտի հանցագործությունների արագ արձագանքման խումբ»։

JP Morgan-ը վաճառում է ակտիվները

Ինչպես հաղորդում է «Բլումբերգը», դեպոզիտների ծավալով ԱՄՆ երկրորդ ամենամեծ բանկը՝ JP Morgan Chase-ը, վաճառել է 5 միլիարդ դոլարի բաժնետոմսեր (142 միլիոն հատ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 35.25 դոլար արժեքով)։ Ընկերությունն այդ քայլին գնացել է՝ ԱՄՆ կառավարության TARP ծրագրի շրջանակներում վերցված 25 միլիարդանոց վարկը մարելու նպատակով։ Նշենք, 19 խոշորագույն բանկերի շրջանում անցկացված սթրես-թեստի արդյունքներով, JP Morgan-ը թվով 9 բանկերից մեկն է, որոնք լրացուցիչ կապիտալի կարիք չեն ունենա։ JP Morgan-ը դեռ պաշտոնապես թույլտվություն չի ստացել TARP-ի միջոցները վերադարձնելու համար։ Նման իրավունք ստացած ընկերությունների ցանկը հրապարակվելու է հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից։ Հիշեցնենք, որ ամերիկյան բանկերին օգնություն տրամադրվել է 2008թ. նոյեմբերին՝ ԱՄՆ վարկային ճգնաժամի առավել սուր էտապի սկսվելուց հետո։ Օգնություն ստացած ֆինանսական ընկերությունների թվում էին Citigroup, Bank of America եւ ամերիկյան այլ առաջատար բանկեր։ Փոխարենը՝ ԱՄՆ կառավարությունը եւ Ֆեդերալ ռեզերվային համակարգը իրավունք ստացան ավելի ակտիվ մասնակցություն ունենալ բանկերի քաղաքականության մեջ։ Մասնավորապես, սահմանափակումներ մտցվեցին ընկերությունների թոփ-մենեջերների պարգեւավճարների հարցում։

Ճգնաժամը թեթեւացրեց «Mars»-ն ու «Snickers»-ը

«Մարս» ընկերությունը 7 տոկոսով փոքրացրել է Մեծ Բրիտանիայում վաճառվող «Mars» եւ «Snickers» շոկոլադե սալիկների քաշը։ Այս մասին երեկ գրել է անգլիական «The Daily Telegraph»-ը։ Ընկերության ներկայացուցիչները խոստովանել են, որ այդ քայլին գնացել են՝ արտադրության ծախսերը կրճատելու համար։ Մեծ Բրիտանիայում ընկերությունը չի փոխել կոնֆետների գները («Mars»-ը վաճառվում է 37 պենսով, «Snickers»-ը՝ 41 պենսով), սակայն սալիկների քաշը նախկին 62.5 գրամի փոխարեն այժմ կազմում է 58 գրամ։ Նշենք նաեւ, որ չնայած քաշի փոփոխությանը՝ կոնֆետների էներգետիկ արժեքը գրեթե չի փոխվել, կալորիականությունը մնացել է նույնը։ Ընդ որում, «Mars» ընկերությունը չի հայտարարել իր արտադրանքի քաշի փոփոխության մասին։ Երբ լրագրողները հայտնաբերել են, որ սալիկները թեթեւացել են, եւ մեկնաբանություն են խնդրել ընկերությունից, «Mars»-ի մամուլի ծառայությունը բավականին հետաքրքիր պատասխան է տվել. ընկերության ղեկավարները ցանկանում են բրիտանացիներին ստիպել առողջ ապրելակերպ վարել եւ ավելի քիչ քաղցր օգտագործել։ Դրանում, իհարկե, տրամաբանություն կա, քանի որ նախորդ երկու տարիներին անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բրիտանացիները ավելի շատ են տառապում ավելորդ ճարպերից, քան մյուս եվրոպացիները։ Սակայն այս բացատրությունը բրիտանացի լրագրողներին այնքան էլ համոզիչ չի թվացել, եւ նրանք շարունակել են «ահաբեկել» ընկերության ներկայացուցիչներին։ Արդյունքում, վերջիններս խոստովանել են, որ ցանկացել են որոշ չափով ծածկել վերջին տարիների ընթացքում աճած ծախսերը՝ առանց գինը բարձրացնելու։ Սակայն ավելացրել են, որ քաշի թեթեւացումն ամեն դեպքում օգտակար է բրիտանացիների առողջությանը։ Միգուցե եւ օգտակար է, սակայն բրիտանացի սպառողներն արդեն իսկ դժգոհություններ են հայտնել, որ «Mars»-ի ղեկավարությունը սեփական շահերը քողարկում է իրենց առողջության մասին «մտահոգությամբ»։

Russian Open-ը հետաձգվեց

Russian Open գոլֆի մրցաշարը, որը Ռուսաստանում ամենամեծն է եւ Եվրոտուրի շարքի մաս է կազմում, այս տարի չի անցկացվի։ Այս մասին «Ռիա-Նովոստիին» տեղեկացրել է մրցաշարի պրոմոութեր Հանս Քուլեմանը։ «Մրցաշարը չեղյալ է հայտարարվել, որովհետեւ շատ հովանավորներ կամ կրճատել են, կամ էլ ընդհանրապես իրենց մասով զրոյացրել են մրցաշարի համար նախատեսված բյուջեն։ Օրինակ, գլխավոր հովանավոր «Ինտեկո» ընկերությունը չի կատարել իր պայմանները՝ ամբողջությամբ կրճատելով իր կողմից հատկացվելիք գումարները։ Արդյունքում՝ ֆինանսական մեծ ռիսկ է առաջացել, որի պարագայում չի կարելի մրցաշար անցկացնել»,- ասել է Քուլեմանը։ Վերջինս նաեւ նշել է, որ մրցաշարը չեղյալ հայտարարելու որոշումը ընդունվել է հունիսի մեկին՝ երկար բանակցություններից հետո, եւ ավելացրել, որ Russian Open-ի կազմակերպիչները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են նոր գործընկերներ գտնելու համար, սակայն ժամանակը չի բավականացրել։ «Մեզ անհրաժեշտ էր շատ կարճ ժամանակամիջոցում գտնել 2.5 միլիոն եվրո։ Փորձեցինք նոր հովանավորներ գտնել, եւ արդյունքում պակասորդը հասցրինք մինչեւ 1 միլիոն, իսկ բյուջեն կրճատելուց հետ՝ 700 հազարի։ Սակայն այդքանից հետո անգամ ռիսկը մեծ էր, եւ մենք ոչ մի երաշխիք չունեինք, որ ֆինանսական խնդիրներ չեն լինի»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ Russian Open-ը հաջորդ տարի անպայման կանցկացվի։ «Հուսով եմ՝ ֆինանսական ճգնաժամն այդ ժամանակ արդեն անցած կլինի»,- եզրափակել է Քուլեմանը։

Christian Lacroix նորաձեւության տունն էլ տուժեց

Ֆրանսիական Christian Lacroix նորաձեւության տունը դարձավ համաշխարհային ճգնաժամի հերթական զոհը։ Հունիսի 2-ից ընկերությունում մտցվել է, այսպես ասած, արտաքին կառավարում։ Իսկ դրանից մի քանի օր առաջ 125 աշխատող ունեցող Christian Lacroix-ը հայտարարել էր սնանկացման մասին եւ դիմել կառավարությանը՝ խնդրելով իրեն պաշտպանել կրեդիտորներից։ Ընկերության հիմնադիր Կրիստիան Լակրուան անցյալ շաբաթ նամակ էր ուղարկել իր աշխատակիցներին, որտեղ նշել էր. «Վստահ չեմ՝ մեր ընկերության համար կգա՞ վաղվա օրը, թե՞ ոչ»։ Միաժամանակ, նա հավատացրել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի ընկերությունը շարունակի աշխատել բարձր նորաձեւության ոլորտում։ Լակրուան նամակում նաեւ նշել է, որ վերջին շրջանում ձրի է աշխատել, եւ ընկերությունն իրեն պարտք է 1.2 միլիոն եվրո։ Կուտյուրիեն ստեղծված իրավիճակի մեղավոր համարել է բաժնետերերին՝ ասելով, որ նրանց կառավարումը պարզապես «ողբերգական» է եղել։ Նշենք, որ Christian Lacroix նորաձեւության տունը հիմնադրվել է 1987 թվականին։ 2005թ. այս ապրանքային նշանը գնել է ամերիկյան Falic Group ընկերությունը։