«Շահում եք դուք, շահում է պետությունը»,- համոզում են գովազդային ցուցանակները, հեռուստառադիոգովազդները: Ամենուր են համոզում: Փողոցում, տանը, հասարակական տրանսպորտում: Միակ տեղը, ուր այս գովազդը հակառակն է համոզում, տնտեսական պաշտոնական հաշվետվություններն են: «Համբերեք ու կտեսնեք, թե ոնց են աճելու ներքին ապրանքաշրջանառությունից հարկվող գումարները: Դուք միայն գնումներ կատարելուց հետո պահանջեք կտրոնը: Մնացածը մեր գործն է: Տեսեք՝ ոնց ենք պայքարելու ստվերի դեմ»,- համոզում էին ՀԴՄ բարեփոխման հայրերը: Համբերեցինք: Պահանջեցինք: Բայց չտեսանք: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության` բյուջետային մուտքերը պակասում են: Պակասում են նախորդ տարվա հետ համեմատած: Մինչդեռ նախորդ տարի «շահող ՀԴՄ-ներ» չկային: Փոխարենը՝ կար կառավարության խոստումը, որ այս տարի բյուջեի մուտքերը 20-22 տոկոս ավելի են լինելու: Իսկ բյուջեի մասին կառավարության խոստումը, հայտնի բան է, Ազգային ժողովը բռնում ու հաստատում է ՀՀ օրենքի տեսքով: Բայց առայժմ նույն ԱԺ-ի լուռ թողտվությամբ, կառավարությանը հաջողվում է չկատարել այդ օրենքը: Պաշտոնապես թերակատարվում են բյուջեի եկամուտները համարյա բոլոր ուղղություններով: Նախորդ տարվա հետ համեմատությամբ եկամուտները նվազել են մոտ 21,5 մլրդ դրամով: Կամ մոտ 10 տոկոսով: Հայկական տնտեսական վագրն այլեւս տեղում չի ցատկում: Այլ` դեպի ետ: Հարկային տուրքերը նվազել են մոտ 16 տոկոսով` 28,6 մլրդ դրամի չափով: Բոլոր հիմնական հարկերի գծով նույն պատկերն է: Ավելացած արժեքի հարկի մուծումները պակասել են ավելի քան 19 մլրդ դրամով: Ակցիզային հարկը` 0,5 մլրդ, շահութահարկը` 1,7 մլրդ դրամով: Սա՝ այն դեպքում, երբ պարզ տրամաբանությամբ յուրաքանչյուր հարկատեսակի գծով պիտի մուծումներն ավելանային առնվազն 20 տոկոսի չափով: Որպեսզի կառավարությունը կարողանար կատարել 2009-ի պետբյուջեի մասին օրենքը: Պաշտոնական տեղեկատվության մեջ նաեւ նշվում է, թե ինչու են նվազում բյուջետային մուտքերը` «Նվազել են ներմուծումներից եւ ներքին շրջանառությունից ստացվող գումարները»: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչ հետեւանք ունեցավ ՀԴՄ լայնածավալ բարեփոխումը: Լայնածավալ ու նույնքան թանկարժեք: Հատկապես` ներքին շրջանառության պարագային: Հարկային մարմինները բնակչությանը համոզեցին իր վրա վերցնել ստվերային շրջանառության դեմ պայքարը: Վերցնել` կտրոններ պահանջելով: Բնակչությանը նույնիսկ հատուկ շահումներ խոստացան: Շահումներով հատուկ խաղ, որ ոչ թե փող է բերում բյուջե, այլ հենց բյուջեի հաշվին է: Ինչպես միշտ պարզվեց, որ բյուջեի համար մտածված ձեռնարկները հենց բյուջեի դեմ էլ գործում են:
Այն, որ մեր բյուջեն շահումով վիճակախաղերի վրա հույս չպիտի դնի, պարզ է մեկ այլ պաշտոնական տեղեկատվությունից: Այս տարվա առաջին 4 ամսվա ընթացքում «շահումով փողերը, խաղատները, վիճակախաղերը 175 մլն դրամ բյուջետային տուրք են մուծել»: Ընդ որում` 50 մլն մուծել են խաղատները, 125-ը` մնացածները: Մայրաքաղաքից ցանկացած ուղղությամբ դուրս եկող մեկին շատ դժվար է համոզել, որ Հայաստանում արտոնագրված է 11 խաղատուն: Ընդամենը 11, այն դեպքում, երբ Երեւանից դուրս եկող ցանկացած խճուղուց աջ ու ձախ խաղատներ են: Մայրաքաղաքի բոլոր խոշոր պողոտաներում խաղատների գովազդներ են` խաղարկվող մեքենաների, ռուսական ու եվրոպական շոու-բիզնեսի աստղերի խաղատնային համերգների պաստառներով: Տոտո Կուտունիոյից մինչեւ Սոսո Պավլիաշվիլի: Եվ այդքան գովազդվող խաղատները բյուջե չորս ամսվա ընթացքում մուծում են ընդամենը 50մլն դրամ: Ուստի` «բա որտեղի՞ց է բյուջեն այդքան փող ծախսում» հարցը դառնում է հռետորական: Գոնե անցած երեքշաբթիից: Որովհետեւ այդ օրը խորհրդարանը վավերացրեց Ռուսաստանից ակնկալվող 500 մլն դոլար վարկային պայմանագիրը: Հիմա կառավարությունը ծախսելու 500 մլն դոլար ունի: Անցած երեքշաբթի մեր կառավարության ու ԱԺ-ի թեթեւ ձեռքով շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ: Իրադարձություն, որ հասարակական անհրաժեշտ արձագանք չգտավ: 1999-ից մեր իշխանությունները հստակ քաղաքականություն էին վարում: Հաշվի առնելով երկրի արտաքին պարտքի մեծությունը, որոշվել էր այլեւս սովորական արտաքին վարկեր չվերցնել: 10 տարի շարունակ, վարչապետ Վազգեն Սարգսյանից սկսած, մեր կառավարությունը խուսափում էր վարկեր ներգրավելուց: Խուսափում էր, եթե այն արտոնյալ չէր: Հիմա քաղաքականությունը փոխվեց: Սուսուփուս փոխվեց: Անգամ ֆինանսների նախարարը մեր անհետաքրքրասեր ու ալարկոտ խորհրդարանում ընդունեց, որ ռուսական վարկը արտոնյալ չէ: Օգտագործել է մեղմ կամ փափուկ պոետական բնութագիրը: Պարզ է` ծախսելու փող կառավարությանը միշտ պետք է: Հիմա երեւի ավելի շատ է պետք: Որովհետեւ նա բյուջեն թերակատարում է: Կամ` չի կատարում: Չկատարել կամ թերակատարել տերմինի ընտրությունը՝ լավատեսության կամ հոռետեսության խնդիր չէ, այլ` ճաշակի հարց: