2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործի` նախաքննություն եւ դատաքննություն իրականացնողների կողմից անտեսված կամ արժանահավատ չհամարված հանգամանքներն այնքան շատ են, որ դրանք հնարավոր չէ ներկայացնել մեկ հրապարակմամբ:
Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերի փաթեթը, գործով վկաների հարազատների` մեր թերթին տված իրական ցուցմունքների առկայությունը, կարծում ենք, քրեական այս գործի էությունը պետք է փոխեն, քանի որ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ստորագրությամբ հաստատված մեղադրական եզրակացությունը կազմվել եւ հաստատվել է բռնությամբ, խոշտանգումներով, առեւանգումներով կորզված կեղծ ցուցմունքներով, որոնցից հետագայում հրաժարվել են գործով «վկաները»: Բացի այդ, ուսումնասիրելով ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության ՀԿԳ քննիչ Վ. Մուրադյանի մեղադրական եզրակացությունը` ակհայտ է դառնում, որ քննիչները «գործը կարկատել են փնթի ձեւով», հետեւաբար՝ նրանց վկայակոչած փաստերը հակասական են: Մասնավորապես՝ սպանության կատարման ժամի, կատարողների ինքնության, շարժառիթի, իրեղեն ապացույցների, փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ: Հարկ է նաեւ նկատել կարեւորագույն մի փաստ, որի վրա, թերեւս, ուշադրություն չեն դարձրել ինչպես նախաքննություն, այնպես էլ` դատաքննություն իրականացնողները: Դանակի 7 հարվածից սպանված տուժող Մ. Մաքոյանի դիակի` կրծքավանդակի վրա ընկած բջջային հեռախոսը որպես իրեղեն ապացույց, որի վրա, ի դեպ, մատնահետքաբանական փորձաքննություն կատարելու արդյունքում կարող էին գտնել իրական սպանողի մատնահետքերը` գոյություն չունի: Շենգավիթի ոստիկանության ՔՀԲ-ի օպեր-լիազոր Կարեն Սարգսյանը, պարզվում է` սպանության դեպքի վայրում ինքնագործունեությամբ դիակի վրայից վերցրել է հեռախոսը, որը հետագայում կարող էր իրեղեն ապացույց հանդիսանալ, այնուհետեւ այն լվացել է, իսկ դատարանում պատճառաբանել է, թե այն արյունոտ էր: Հիշեցնենք, որ սպանության համար չընդունելով իրենց առաջադրված մեղադրանքը` Հրաչ Սահակյանը, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավճռով 12-15 տարվա ազատազրկման են դատապարտվել: Նախաքննությամբ սպանության կապը Հ. Սահակյանի եւ մյուս տղաների հետ հետեւյալ կերպ է հիմնավորվել. Հ. Սահակյանը անծանոթ Մ. Մաքոյանի բջջային հեռախոսն է պահանջել, մի քանի զանգ է կատարել, այնուհետեւ Հ. Սահակյանի հնչեցրած «արա» արտահայտության պատճառով վերջիններիս միջեւ վեճ է առաջացել, որից հետո երեք տղաները Մաքոյանին շրջափակել են, իսկ Զ. Մկրտչյանը դանակահարել է: Նախաքննությամբ քննիչները պարզել են, որ Հ. Սահակյանը սպանվածի հեռախոսից սպանությունից րոպեներ առաջ մի քանի զանգ է կատարել: Իսկ տղաները պնդում են, որ տուժողին չեն ճանաչում, երբեւէ չեն առնչվել նրա հետ եւ սպանությանն ականատես չեն եղել: Այսպիսով, ստացվում է` օպեր-լիազորը ոչնչացրել է կարեւորագույն ապացույց հանդիսացող այն իրը, որի վրա պետք է լիներ Հ. Սահակյանի մատնահետքերը, մինչդեռ արյունոտ հեռախոսը մատնահետքաբանական փորձաքննության ենթարկելու պարագայում հնարավոր էր գտնել իրական մարդասպանին: Ավելին` Շենգավիթի առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նախաքննության ընթացքում 2005թ. օգոստոսի 11-ին քննիչի կողմից կատարվել է քննչական գործողություններ` դիակի հագուստների առգրավում, հագուստների զննում, ընդ որում, զննության արձանագրություններից մեկում արձանագրվել է, որ Մ. Մաքոյանի հագուստների վրա հայտնաբերվել են՝ թվով 7, իսկ մյուսում` թվով 3 վնասվածքներ: «Տուժողի հագուստները զննելուց հետո, մյուս հագուստների հետ միասին փաթեթավորվել են նաեւ կոշիկները եւ կիսագուլպաները, իսկ երբ դրանք ուղարկվել են փորձաքննության, փորձագետի կողմից փաթեթը բացելուց այնտեղ գտնվել է միայն սեւ եւ շագանակագույն շապիկ, սեւ-սպիտակ գույնի երկայնակի զոլերով անդրավարտիք, իսկ կիսավարտիք, կոշիկներ եւ գուլպաներ չեն եղել, եւ քրգործում չկա որեւէ արձանագրություն, թե երբ եւ ինչ նպատակներով է բացվել Մաքոյանի հագուստների փաթեթը եւ ում կողմից»,- նշված է դատարանի արձանագրության մեջ, ինչից կարելի է հետեւություն անել, որ, այնուամենայնիվ, քննիչների այսօրինակ ինքնագործունեությունը եւս ապացուցում է իրական մարդասպանին թաքցնելու վարկածը, քանի որ կոշիկները հետքաբանական փորձաքննության ենթարկելով կարելի էր պարզել ինչպես սպանության, այնպես էլ սպանվածի գտնվելու իրական վայրը: Հիշեցնենք, որ չի բացառվում Մ. Մաքոյանին այլ վայրում սպանած լինելու եւ դիակը Չեխովի 29 հասցեում գցելու վարկածը: Տարածքի բարձրահարկ շենքի բնակիչներն այդ գիշեր լսել են մեքենայի թափքն արգելակող վայրենի «ճռռոց», ինչից ենթադրել են, թե վրաերթ է կատարվել: Հետեւաբար՝ շրջանառվում է Մ. Մաքոյանին այլ վայրում սպանելու եւ մեքենայով դիակն այդ վայրում գցելու վարկածը: Այսպիսով, քննիչները վերացնելով տուժողի կոշիկները` ոչնչացրել են նաեւ սպանության դեպքի վայրի եւ տուժողի գտնվելու վայրի հետքերը: Նախաքննության ընթացքում նաեւ պարզվել է, որ դեպքից վայրկյաններ անց դիակը հայտնաբերել են Արտյոմ Ազարումյանը եւ Արթուր Պետրոսյանը, որոնք թեեւ եղել են ավտոմեքենայով, այդուհանդերձ, մեքենան կայանել են հարակից տարածքում գտնվող տաքսի ծառայությունում, այնուհետեւ տաքսիով վերադառնալով՝ շտապօգնություն են կանչել: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «Նախաքննական մարմինը Ա. Ազարումյանի ավտոմեքենան չի զննել, դատակենսաբանական փորձաքննության չի ենթարկել», իսկ որ ամենակարեւորն է` մեքենան հետագայում վաճառվել է, իսկ առաջադրված մեղադրական եզրակացության նյութերում բացակայում են ինչպես այս երկու ականատեսների հարցաքննությունը, այնպես էլ ավտոմեքենան տաքսիով փոխարինելու հանգամանքը: Այսպիսով, հարց է ծագում` ինչո՞ւ է օպեր-լիազորը ինքնակամ լվացել տուժողի արյունոտ հեռախոսը, ինչո՞ւ են փորձաքննության փաթեթից բացակայել տուժողի կոշիկներն ու կիսագուլպաները, ինչո՞ւ դիակը հայտնաբերած երկու անձանց ավտոմեքենան չի ենթարկվել փորձաքննության, ինչո՞ւ է այդ ավտոմեքենան փոխարինվել տաքսիով, եւ ինչո՞ւ դիակի ականատեսները չեն հարցաքննվել, առերեսում չի կատարվել: Շենգավիթի առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը խախտելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված գործի արդարացի քննության սկզբունքը, չի ձեռնարկել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար, նախաքննությամբ չի պարզել մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող հանգամանքները: «Նախաքննական մարմնի կողմից չի կատարվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պահանջները, այն է` քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է մանրակրկիտ ստուգի գործով ամբաստանյալների, նրանց պաշտպանների հայտարարություններն իրենց անմեղության, մեղադրյալներին արդարացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաեւ քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ»,- նշված է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի` քրգործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին որոշման մեջ: Դատարանը գտել է, որ այս գործով թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության վրա, եւ դրանք չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում: Այնուհետեւ դատարանը մատնանշելով ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի 107-րդ հոդվածը, հաստատել է, որ միայն ապացույցների հիման վրա են հաստատվում դեպքը եւ հանգամանքները, կատարման ժամանակը, տեղը, եղանակը, մեղադրյալի առնչությունը դեպքին եւ այլն, սակայն սույն գործով հանցագործության կատարման ժամանակի, շարժառիթի եւ նախաքննական մարմնի կողմից հաստատված մեղադրական եզրակացության հիմքում դրված հանգամանքները չեն համապատասխանում նախաքննությամբ ձեռք բերված, քրգործում առկա եւ դատարանում հետազոտված ապացույցներին:
Ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը, պնդում են, որ տուժողին չեն ճանաչում եւ սպանության օրը դեպքի վայրում չեն եղել: Մեղադրական եզրակացության մեջ այս տղաների հետ տուժողի կապը հիմնավորվում է մասնավորապես չորս վկաների կեղծ ցուցմունքներով, որոնք քննիչները ստացել են բռնություններով, խոշտանգումներով, բարոյահոգեբանական ճնշումներով: Վկաներից բոլորն էլ թե՛ նախաքննությամբ, թե՛ դատաքննության ընթացքում հայտարարել են, որ կեղծ ցուցմունքները տվել են քննիչների սպառնալիքների, հետապնդումների, օրերով «քաղմասում» պահվելու, վախի ազդեցության տակ, հետեւաբար՝ բազմիցս կրկնել են, որ դեպքի վայրում չեն եղել, տուժողին չեն ճանաչել, նրա հետ չեն առնչվել եւ ամբաստանյալներին այդ օրը չեն տեսել: Իսկ հիմա անդրադառնանք նախաքննությունն իրականացնող քննիչների կիրառած վայրագ մեթոդների փաստերին, որոնց վրա նույնպես պատշաճ ուշադրություն չի հրավիրվել ինչպես Շենգավիթի առաջին ատյանի, այնպես էլ` Քրեական վերաքննիչ դատարանի դատավորների կողմից: Դեպքից հետո խմբերով Շենգավիթի ոստիկանություն բերման են ենթարկվել այդ թաղամասերում բնակվող տղամարդիկ, երիտասարդ տղաներ, ինչպես նաեւ աղջիկներ (ի վերջո, կեղծ վկայության թիրախ են ընտրվել այն ժամանակ 20-ամյա Մարինե Հակոբյանը եւ անչափահաս Աննա Մուրադյանը): Շենգավիթի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նշում են ամբաստանյալների ծնողներ` Ռիմա Սահակյանն ու Անահիտ Հովսեփյանը, ծեծողները խմբերով մարդկանց դիմավորել, մշակել, այնուհետեւ ուղարկել են տուն: Ա. Հովսեփյանն ասում է` «Թաղում էլ տղամարդ չմնաց, որ չծեծեն ու վախացնեն: Սարքած վկա Մարինե Հակոբյանի հորեղբոր գլխին էնքան էին խփել, որ հիմա հոգեկան ա դարձել: Տղայիս էնքան էին ծեծել, որ իրա մաշկի իրական գույնը չէր երեւում, լրիվ կապտած, սեւացած էր: Իրանց մեթոդն էդ ա, ծեծելով ստիպել են իրանց վրա վերցնել, բայց երեխեքն էլի դիմացել են: Կեղծ ցուցմունք տվող Մարինեն ու Աննան քաղմասի կաբինետից լսել են Զավենիս ոռնոցը ու նաեւ տեսել, թե ոնց ա քննիչ Ռուբեն Կիրակոսյանը կանդալով խփում` Հրաչի գլուխը արյունլվա անում: «Նուբարաշեն» տեղափոխվելուց հետո Զավենս 6 ամիս չի կարողացել կոշիկ հագնել ոտքերի կապտուկների, վերքերի, ուռածության պատճառով: Վլադիմիրիս երբ տարան ԿԳԲ, դիմակներով մեծ թվով մարդիկ մտել էին մեկուսարան ու քացիներով էնքան էին ծեծել, էնպես էին խոշտանգել, որ տղայիս չէի ճանաչում: Հետո տեսել էին, որ գործը չեն կարողանում ապացուցել, մեկուսարանում էդ դիմակավորները վիզը շղթայակապ էին արել, որ պրիցել անեն, սպանեն ու լրիվ մեղքը գցեն իրա վրա: Մինչեւ հիմա վզի վրա էդ հետքը կա: Էլ չեմ ասում, որ Սերոբ Տեր-Մելիքսեթյանի հորը Ոստիկանությունում էնքան էին վախացրել, ծեծել, որ, երբ մի օր ոստիկանական մեքենայով եկան իրա հետեւից` էդ մարդը վախից միզեց տակը, ուշաթափվեց, ու շտապօգնություն կանչեցինք: Էդ տղայի մայրն էլ հիմա շատ վատ ա, հոգեկան պրոբլեմներ ունի»: Հ. Սահակյանի մայրը` Ռիմա Սահակյանը վստահեցնում է, որ իր տղային քննիչները ոտքերից կախել են եւ ծեծելով ստիպել են սպանությունն իր «վրա վերցնել»: «Եթե իմանայիք, թե երեխեքին ինչ վայրագությամբ են ծեծել: Հրաչիս սպառնացել են պատուհանից գցել, սալջարդի մասին էլ փաստեր կան: Քննիչն էլ ասում էր` «Էս երեխեքը Կամո են, ինչքան ջարդում ենք` վիզ չեն վերցնում»: «Ջարդված» տղաներին փորձաքննության ենթարկելու պաշտպանի միջնորդությունը, բնականաբար, նախաքննական մարմինը մերժել է:
Հ.Գ. Հաջորդ համարում կներկայացնենք կեղծ ցուցմունք տված, Ոստիկանության քննիչների հետապնդումներից խուսափելու նպատակով Հայաստանից հեռացած Մարինե Հակոբյանի մոր` Լաուրա Հակոբյանի «168 Ժամին» հայտնած վկայությունները: