Ամերիկյան արտադրության «Մետամորֆոզներ» նոր ֆիլմը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Ռուբեն Քոչարն է, հունիսի 12-ին ու 13-ին կցուցադրվի Երեւանում: Ռեժիսորն ասաց, որ ֆիլմի վրա շատ երկար է աշխատել` 2 տարի, եւ փորձել է հավատի ու տարբեր տարածությունների մասին «էքշն» ժանրի ֆիլմ ստեղծել, որը, սակայն, ունենալու է նաեւ ուսուցողական նշանակություն:
Ֆիլմում շատ կլինեն կասկադյորական հնարքներն ու հատուկ էֆեկտները: «Կինոյում ընդհանրապես շատ քիչ նորություններ են լինում, եւ նոր բան ասելը դժվար է: Ես կարողացա նոր բան ասել: Մեր ֆիլմը ամերիկյան մարտաֆիլմերին ուղղված մարտահրավեր է»,- ասաց նա: «Մետամորֆոզները» վիրտուալ ու իրական աշխարհների միահյուսման ու բախման վրա են կառուցված: Ամերիկացի հերոսները (որոնցից մի քանիսը, սակայն, հայկական անուններ ունեն), կերպարանափոխվում են, վիրտուալ աշխարհ են տեղափոխվում եւ այնտեղ կորչում են: Ռ.Քոչարը վստահ է, որ համակարգչային խաղերը 21-րդ դարի լրջագույն վտանգն են, քանի որ պատանիները սուզվում են խաղերի անիրական տարածքն ու այլեւս չեն կարող նորմալ կյանքին վերադառնալ: «Վիրտուալ խաղերը նոր տեսակի նարկոմանիա են, որոնք վիրտուալ կյանքով ապրելու սովորություն են ներարկում մարդկանց մեջ»,- ասաց նա ու օրինակ բերեց ձեռնամարտի խաղերը, որոնք սովորեցնում են երեխաներին, որ կարելի է ծեծվել ու միանգամից ոտքի կանգnել` ցույց տալով, որ նույնը լինելու է նաեւ կյանքում: «Այս ֆիլմը կոչ է, որ մարդիկ վիրտուալ աշխարհին կողքից նայեն, այլ ոչ թե` մտնեն մեջը»,- ասաց ռեժիսորը: Ֆիլմի հերոսներից մեկը, որին մարմնավորել է Հովհաննես Բաբախանյանը, բայքեր-ուղեկցորդ է, որը կարողանում է մոլորյալ անձանց վիրտուալ տարածքից ետ բերել:
Ֆիլմի հեղինակները հույս ունեն, որ «Մետամորֆոզները», որոնք ստեղծվել են ամերիկյան ֆինանսավորմամբ, հաջողություն կունենան ամերիկյան շուկայում: «Եթե դիվիդենտներ ստանալու հույս չունենայինք, ֆիլմ չէինք անի»,- կտրուկ կարծիք հայտնեց Ռ.Քոչարը: Ի դեպ, նա վստահ է, որ ոչ մի լուրջ մարդ իր արած գործի գումարային բաղադրիչի մասին չպիտի խոսի ու չպիտի ցույց տա իր ֆինանսական խոհանոցը: «Փողը աշխարհում շատ է: Եթե փողը զգում է, որ կարող է փող բերել, այն անպայման գտնվում է»,- վստահ է Ռ.Քոչարը: Նա փաստեց նաեւ, որ իր ֆիլմը նվիրել է Վիլյամ Սարոյանի տարեդարձ-տարելիցին: Եվ որպես Սարոյանի ու իր հերոսների նմանության փաստ, օրինակ բերեց հերոսների հայկական անուններն ու հայկական կենցաղի որոշ դետալներ: «Ֆիլմի գործողությունը Ամերիկայում է ծավալվում, բայց ետին պլանում հայեր են: Նույն կերպ էլ Սարոյանի մոտ է: Ամեն դեպքում իմ ֆիլմը հայ մարդու կեցվածքի մասին է, եւ նույն դեպքերը կարող էին կատարվել նաեւ Հայաստանում, քանի որ հիմա բոլորս նույն ներվով ենք ապրում ու նույն կոմպյուտերային խաղերն ենք խաղում»,- ասաց նա։
Ռ.Քոչարը, ում երկու նախորդ ֆիլմերը` «Հերոստրատն» ու «Արահետը», բավականին սառն են ընդունվել Հայաստանում, կարծիք հայտնեց, որ Հայաստանում շատ են մարդիկ, որոնք սովոր են միշտ քննադատել ուրիշների արածը, ինչին ինքը հանգիստ է վերաբերվում: Նա պատմեց, որ ինքն առաջինն է եղել Խորհրդային Միությունում, ով «Երեւան» ստուդիայում ֆիլմ-բալետներ է նկարահանել: «Ասեմ, որ առաջին վիդեոկլիպն էլ եմ ես արել, դա Սյուզան Մարգարյանի երգի կլիպն էր: Կարող եք գտնել ժապավեններն ու տարեթիվը համեմատելով` համոզվեք, որ մինչ ինձ Հայաստանում կլիպ չէին նկարել»,- ասաց նա: Իսկ «Արդյոք կարեւո՞ր է առաջինը լինել» հարցին նա պատասխանեց. «Բոլորն են ուզում առաջինը լինել»: