Ուղիղ տասնհինգ տարի առաջ Երրորդ Հանրապետության մասին մի հոդվածում ես գրել էի, որ ազգային պետության ծնունդով Սփյուռքում նոր իրավիճակ է ստեղծվում, ինչը պետք է հանգեցնի ցանկացած գաղութի հիմնական դոկտրինայի վերանայմանը: Ինչո՞ւ: Որովհետեւ առաջ են եկել ազգային կյանքի երկու սուբյեկտ` Սփյուռքը` իբրեւ կազմավորված մաս, եւ ազգային անկախ պետությունը: Սփյուռքի այսօրվա դոկտրինայի ակունքները գալիս են 18-րդ դարից, երբ յուրաքանչյուր փոքրաթիվ եւ առավել եւս մեծ գաղութ ձուլման վտանգից խուսափելու եւ ազգային մշակույթը պահպանելու համար իր կյանքը կառուցում էր` հենվելով «երեք կետերի» վրա` եկեղեցի, դպրոց եւ թերթեր: 20-րդ դարասկզբին, հատկապես Մեծ եղեռնից հետո, Սփյուռքում ստեղծվեցին նաեւ այլ ենթակառույցներ` կուլտուր-լուսավորչական, մասնագիտական, երիտասարդական, սպորտային, հումանիտար, գիտական, բարեգործական, քաղաքական եւ այլ կազմակերպություններ:
Այս Սփյուռքն այսօր շատ տարբեր է Հայաստանի, հայության, ընդհանրապես ողջ աշխարհի նկատմամբ ունեցած վերաբերմունքով. խոսքը մանավանդ ինտելեկտուալ երիտասարդության մասին է: Եվ սա հատկապես վերաբերում է հիմնարար հարցերին` աշխարհընկալմանն ու աշխարհայացքին: Ես սա հենց այնպես չեմ ասում: Վերջերս Մոսկվայի եւ Պետերբուրգի հայ երիտասարդները, որոնք միավորված են «Հայ երիտասարդների ինտելեկտուալ փոխգործակցության միություն» կազմակերպության մեջ, իմ մասնակցությամբ ինտերնետ-ֆորում էին կազմակերպել այդ հարցերի շուրջ: Պետք է ասեմ, որ նրանք չափազանց զարգացած ու փայլուն կրթություն ստացած երիտասարդներ են: Ցանկանալով իմանալ հայ ժողովրդի ինքնագիտակցության մասին` նրանք ինձ բացարձակ ճիշտ եւ սուր հարցեր էին տալիս հենց այդ թեմայով:
Հայ ժողովրդի ավանդական աշխարհընկալումն ու աշխարհազգացողությունը վերջին 50 տարիների համեմատությամբ ընկել է եւ հասել ամենացածր մակարդակին, որովհետեւ Հայաստանն այդպես էլ չկարողացավ ազատվել այն ողջ բացասականից, ինչն իր հետ բերել էր տոտալիտար ռեժիմը եւ ինչին գումարեցին նաեւ Սփյուռքում եղած վատը:
Սփյուռքի եւ Հայաստանի ղեկավարության գավառամտությունն ու հետամնաց մտածելակերպը ձեռնտու չեն նախ եւ առաջ ազգի առավել գործունյա մասին` մրցունակներին, այդ թվում՝ եւ հայկական սփյուռքի ղեկավարներին կամ առաջնորդներին: Այս մասին զգուշավորությամբ եւ ցավով էին խոսում «Արմենիա» հեռուստաալիքով եթեր հեռարձակված Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես հեռուստակամուրջի ժամանակ: Ինչքա՞ն կարելի է խոսել սիրո եւ համախմբման մասին` նախապես իմանալով, որ դա տեղի չի ունենալու, որ այս հարցը շատ ավելի լուրջ է, քան «Ես շատ եմ սիրում Հայաստանը» արտահայտությունը: Ծիծաղելի է արդեն լսելն անգամ: Գործողություններ են հարկավոր, եւ այն էլ, ոչ թե առանձին-առանձին, այլ համալիր: Դրա համար հարկ է փոխել Սփյուռք-Հայաստան եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգը:
Պետք է ելնել այն բանից, որ մենք փոքր ազգ չենք, եւ մեզ չի սպառնում միաձուլման վտանգը խոշոր մասշտաբներով: Այդ գործընթացը գոյություն ունի, սակայն նորմայի սահմաններում է: Նույն բանը տեղի է ունենում ցանկացած նորմալ ազգի հետ: Ասել է թե՝ սփյուռքում պետք է դրվի ոչ թե գոյատեւելու, այլ զարգացման խնդիրը: Մենք պետք է սովորենք մյուս ազգերի սփյուռքից, պետք է ելնենք այն բանից, որ հայերի ինֆորմացիոն դաշտը քննարկման նյութ է դառնում ամենացածր մակարդակի հայ քաղքենու համար: Այդ ինֆորմացիոն դաշտը սպանում է ամեն միտք ազգային կյանքի ներսում. ուզում ես քեզ լիարժեք դրսեւորել իբրեւ անհատականություն` դո՛ւրս արի միջազգային ասպարեզ, լքի՛ր ազգային կյանքը, մեկնի՛ր այլ երկրներ եւ այնտեղ հայտնի դարձիր: Հայրենիքը քեզ չի՛ մոռանա: Սակայն հայրենիքը չի տեսնում եւ չի հասկանում, որ տաղանդի համար պետք է տեղ հատկացնել հենց ազգային կյանքի ներսում, որպեսզի այդ ազգային կյանքի որակը բարձրանա: Ընդ որում` որակը բարձրանա ոչ միայն ինտելեկտուալ ասպարեզում, այլեւ նյութական առումով: Սակայն ո՞վ պիտի դա անի: ՄԱՐԴ ՉԿԱ՛: Եվ երիտասարդը (հաճախ ընտանիքով հանդերձ) մեկնում է արտերկիր: Այսինքն` մենք դարձյալ կախված ենք այլ ազգերի կարծիքից եւ այլ մշակույթներից, օտար երկրների գիտական մտքից: Սա անթույլատրելի է: Սակայն հնարավո՞ր է արդյոք որեւէ բան անել արժեքային ներկայիս համակարգի եւ փոխհարաբերությունների այս համակարգի պայմաններում: Իհարկե ո՛չ: Ես չեմ ուզում անուններ տալ եւ մեղադրել որեւէ մեկին: Ես ընդամենն ասում եմ այն մասին, որ համակարգված մոտեցում չկա: Այն, ինչ արվում է, անարդյունավետ է, պարզունակ, եւ մենք զուր ժամանակ ու նյութական ռեսուրսներ ենք վատնում: Մենք պետք է տեսնենք 21-րդ դարի նոր իրականությունը:
Այո, սա համակարգային ճգնաժամ է: Այո, հարկավոր են լուրջ մարդիկ, ովքեր կկարողանան ռեալ գնահատել իրավիճակն ու հեռանկարները: Այս ամենը ոչ միայն լուրջ ուսումնասիրության կարիք ունի, այլեւ հավասարակշռված իմաստավորման: Իրերի ներկայիս դրության պայմաններում իշխանությունների նախաձեռնած միջոցները դժվար թե արդյունավետ լինեն:
Ինչո՞ւ չեն այս գործում ընդգրկվում գործից հասկացող մարդիկ: Իմ մասին ասեմ. ես իշխանություններին (կամ էլ, ավելի ընդհանուր ասած` ընտրության համակարգին) թվում եմ բացարձակապես անհամապատասխան, ինչպես եւ այլ արժանի ու բանիմաց մարդիկ: Եվ այսպես դեռ երկար է շարունակվելու: Ազգային կյանքի անարդյունավետությունն ակնհայտ է: Ամեն ինչի վրա թքած ունենալը, իրական գիտելիքի եւ իսկական տաղանդի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքն ու այս կամ այն հայտնի մարդու առջեւ անթաքույց հիացմունքը դեռ երկար ժամանակ լինելու են ազգային մեծամտության եւ կուրության գերխնդիրը: