Երկուշաբթի օրը մեկնարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը ԱՄՆ, որտեղ նա բանակցություններ է անցկացնում Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց հետ քննարկելով տարածաշրջանին վերաբերող արտաքին քաղաքականության որոշ առանցքային հարցեր: Երկուշաբթի օրը Դավութօղլուն հանդիպել է Ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ: Դրան հաջորդել է Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ռիչարդ Հոլբրուքի հետ: Իսկ նախօրեին նա հանդիպել է Իրանի հարցերով հատուկ բանագնաց Դենիս Ռոսսի հետ: Նախատեսված են նաեւ Դավութօղլուի հանդիպումները սենատորների, կոնգրեսականների հետ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Դավութօղլուն մասնակցելու եւ ելույթ է ունենալու ԱՄՆ-Թուրքիա խորհրդի տարեկան համաժողովի բացմանը: Նշենք, որ հունիսի 1-ից Թուրքիան ռոտացիոն կարգով ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը, ինչի շրջանակներում էլ կայացել են Դավութօղլուի ամերիկյան հանդիպումները: Իսկ վաղը տեղի է ունենալու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նշենք նաեւ, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գովասանքով է խոսել Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջին քայլերի մասին: Նա ասել է, թե ապրիլին, այցելելով Անկարա եւ ելույթ ունենալով խորհրդարանում, Օբաման բարելավել է հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությանը, ապա այդ երկրի նախագահությունը կտեւի մեկ ամիս, որի ընթացքում վերջինս կնախագահի Անվտանգության խորհրդի նիստերում, իսկ ավելի բարձր կարգի հանդիպումների ժամանակ նախագահող կողմը հանդես կգա երկրի վարչապետի մակարդակով` Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ: Թուրքիայի նախագահությամբ հունիս ամսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում քննարկվելու են Վրաստանում եւ Աբխազիայում ՄԱԿ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը, Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակը Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, բացի այդ, սպասվում է Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունումը: Հստակ ժամանակացույց այդ հարցի քննարկման վերաբերյալ դեռեւս չի հրապարակվել: Հիշեցնենք, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բաղկացած է հինգ մշտական (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) եւ տասը ժամանակավոր ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով: Այժմ Թուրքիան Անվտանգության խորհրդում ներկայացված է ժամանակավոր ներկայացուցչի կարգավիճակով եւ իր լիազորությունները պահպանելու է մինչեւ 2010 թվականը: