Ինչի՞ համար է ստորագրել

04/06/2009

Երեկ Թեղուտի անտառների պաշտպանության նախաձեռնող խմբի կողմից հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Էկոդար» հիմնադրամի ներկայացուցիչ Հրայր Սավզյանը հայտարարել է, որ «Փրկենք Թեղուտը» շարժման կողմից վերջերս անցկացված շարժման ստորագրահավաքին մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի տիկնայք` Բելլա Քոչարյանը եւ Ռիտա Սարգսյանը:

Վերջիններս երեկ գտնվել են «Հաղթանակի» այգում կազմակերպած միջոցառմանը եւ այստեղ, ըստ Հ.Սավզյանի, համաձայնել են ստորագրել ներկայացված բաց նամակի տակ: Երեկ, սակայն, Ռիտա Սարգսյանի օգնական Վիկտորյա Ոսկանյանը հերքել է նրա ստորագրության մասին տեղեկությունը. «Իրականում, միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաեւ հանրապետության Առաջին տիկինը, Ռիտա Սարգսյանին են մոտեցել երիտասարդներ, ովքեր ներկայանալով որպես բնապահպանական ընկերակցության անդամներ, խնդրել են նրա ստորագրությունն ի աջակցություն մեր երկրում կանաչ տարածքների եւ անտառների պահպանման: Տիկին Ռիտա Սարգսյանը մշտապես աջակցել եւ հիմա էլ աջակցում է հանրապետության կանաչ տարածքների եւ անտառների պահպանմանը, ինչի օգտին եւ իր ստորագրությամբ հայտնել է իր աջակցությունը: Այն, որ ստորագրահավաքի կազմակերպիչները Առաջին տիկնոջ ստորագրությունը ներկայացրել են որպես աջակցություն ընդդեմ Թեղուտի հանքավայրի շահագործման, զարմանալի է եւ չի տեղավորվում հասարակական կազմակերպությունների գործունեության օրինակելի վարքագծի շրջանակներում»: