Էլեկտրաշոկով են բուժում

04/06/2009

Չինաստանում ինտերնետ-կախվածությունից տառապող դեռահասներին բուժում են էլեկտրաշոկով: Ըստ «Չայնա դեյլի» թերթի` բժշկման մեթոդների մասին հայտնի է դարձել այն հիվանդների պատմություններից, որոնք Շանդունի նահանգում բժիշկ Յան Յունսինի կլինիկայում անցել են «ապաինտերնետացման» բուժընթաց: Դեռահասները պնդում են, որ ստացիոնար բուժման ժամանակ իրենց էլեկտրաշոկի էին ուղարկում հիվանդանոցի 68 կանոններից ցանկացածի խախտման համար: Այսպես, հիվանդները 200 միլիամպեր ուժով «պարպում էին ստանում» այն բանի համար, որ փակվել են զուգարանում, շոկոլադ են կերել, ժամանակին դեղեր չեն ընդունել կամ առանց թույլտվության ճոճվել են գլխավոր բժշկի բազկաթոռում:

Բժիշկ Յանի կլինիկայում թերապիայի մյուս տեսակը հրապարակային ինքնաքննադատությունն է, ինչպես նաեւ ծնկաչոք զղջումը ծնողների առջեւ: Հասկանալի է, որ հիվանդանոցում «համաշխարհային սարդոստայնից» օգտվելու մասին խոսք անգամ չկա: Այս հիվանդանոցում բուժընթացն արժե 6000 յուան (878 դոլար), իսկ պատանի հիվանդներին ծնողներն այնտեղ սովորաբար տանում են խորամանկ հնարքների միջոցով: Սակայն, դեռահասների արձագանքները չեն հետաքրքրել ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ծնողներին: Բժիշկ Յան Յունսինն ինքն իր մեթոդն անվանում է «խաչակրաց արշավանք ինտերնետ-կախվածության դեմ», իսկ էլեկտրաշոկով բուժումը՝ «թուլացնող թերապիա», որը երիտասարդներին օգնում է հանգստանալու եւ ամբողջ օրը չնստելու համակարգչի առաջ:

2008թ. նոյեմբերի 8-ին ՉԺՀ-ում ինտերնետ-կախվածությունը պաշտոնապես ճանաչվել է որպես հոգեկան խանգարում: Բժիշկներն այն կարծիքին են, որ վիրտուալ աշխարհով չափից դուրս տարվելը հաճախ խնդիրներ է հարուցում իրական կյանքում: Այսպես, ըստ Պեկինի Հասարակական անվտանգության վարչության նոյեմբերի սկզբին հրապարակած տվյալների՝ դեռահասների շրջանում հանցագործությունների 76 տոկոսն այս կամ այն չափով պատճառաբանված են օնլայն-խաղերի նկատմամբ ունեցած մոլությամբ: 2008թ. սկզբին Չինաստանում գրանցվել է օնլայն-խաղերից ավելի քան 40 միլիոն օգտվող: Խաղային ինդուստրիայից եկամուտները գերազանցել են 1,5 միլիարդ դոլարը, իսկ մինչեւ 2012թ., ըստ կանխատեսումների, դրանք կհասնեն 4 միլիարդի: