Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ կրկին հետաձգել է ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի մասով քրեական գործի քննությունը: Նույն դատարանում երեկ սկսվել ու անմիջապել հետաձգվել է նաեւ Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ գործի քննությունը, քանի որ պաշտպանները դիմում են ներկայացրել դատարան, որ իրենցից 2-ը պետք է ներկա գտնվեն նախապես նշանակված մեկ այլ քրեական գործով նիստի, իսկ 1-ն էլ չի կարող ներկայանալ անձնական պատճառներով: Դատական նիստերը հետաձգվել են մինչեւ հունիսի 2-ը: Ի դեպ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Պաշտպանական կողմը միջնորդել է քրեական գործին կցել «Մելտեքս» ՍՊԸ կողմից նկարահանված 2 տեսաերիզները: Միջնորդությունը բավարարվել է: Իսկ պաշտպանական կողմի մեկ այլ միջնորդություն` որպես վկա Գոռ Առաքելյանին դատակոչելու վերաբերյալ, ով հարցաքննվել էր նախաքննության փուլում, մերժվել է: