Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություն է ընդունել ՀՅԴ ԳՄ-ն, որն, ինչպես հայտնի է` չի հաղթահարել 7 տոկոսի արգելապատնեշն ու չի հայտնվել ավագանու կազմում: Ըստ ՀՅԴ-ի` «հերթական անգամ կատարվեց այն, ինչ տեղի էր ունեցել նախկինում: Դարձյալ ընտրություններում դերակատար եղան թաղային եւ օլիգարխիկ հեղինակությունները, ընտրակաշառքը, վարչական լծակների օգտագործումը»: Չնայած սրան, ՀՅԴ-ն գտնում է, որ իրավական առումով Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված խնդիրներ հարուցելն «անօգուտ եւ աննպատակահարմար է»: «Բայց մեր քաղաքական եզրակացությունը հստակ է. նմանատիպ ընտրությունները հանցավոր անպատասխանատվություն են մեր պետության, ժողովրդի եւ մեր երեխաների հանդեպ, եւ ՀՅԴ-ն երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ»,- ասված է հայտարարության մեջ: Նաեւ ընդգծել են, թե` առանց մատնանշելու կոնկրետ ընտրախախտումները` ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչը, «որպես շարունակական արատավոր այս երեւույթների նկատմամբ քաղաքական անհամաձայնության արտահայտություն», չի ստորագրելու այս ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը: