Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեկնաբանել է Հայ Ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության` անցած շաբաթվա վերջին ընդունած համատեղ հայտարարությունը` կապված Փաստահավաք խմբում ՄԻ պաշտպանի գործելաոճի եւ փաստահավաք խմբի աշխատանքները կազմալուծելու հետ:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կտրականապես մերժում է Հայ Ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարության մեջ հնչած մեղադրանքները եւ թույլ չի տա քաղաքական ուժերին իրենց մեղքը բարդել ՄԻՊ-ի վրա: Ըստ Պաշտպանի՝ եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը, Փաստահավաք խումբը օգտագործեցին քաղաքական շահարկումների նպատակով եւ թույլ չտվեցին, որ այն գործի որպես փորձագետների խումբ: Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության եւ կոալիցիայի ներկայացուցիչները խմբում գործում էին համագործակցված: Դրա մասին են վկայում հետեւյալ հանգամանքները. Նախ՝ իշխանությունը ցանկության դեպքում կարող էր ավելի շուտ ստեղծել այդ խումբը՝ չսպասելով ԵԽ համապատասխան կառույցների ճնշմանը: Բացի դրանից, կոալիցիայի ներկայացուցիչները Փաստահավաք խմբում որդեգրել էին ոչ կառուցողական, պասիվ դիրքորոշում: Ավելին, օգտվելով հարմար առիթից՝ Ռոբերտ Ավագյանը հայտարարեց խմբից դուրս գալու մասին: Ընդդիմությունը մեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանին այն գործում, որ նա կազմալուծում է Փաստահավաք խմբի գործունեությունը: Դա իրականությանը կհամապատասխաներ այն դեպքում, եթե ՄԻՊ-ը հրաժարվեր նոր թեկնածու առաջադրելուց: Աշխատելու ցանկության դեպքում ընդդիմությունը կարող էր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին զուսպ կեցվածք ընդունելու կոչ անել եւ ի գիտություն ընդունել
ՄԻՊ-ի՝ նոր ներկայացուցիչ առաջադրելու պատրաստակամությունը: Բացի այդ, եթե ընդդիմությունը շահագրգռված էր Փաստահավաք խմբի արդյունավետ աշխատանքով, այդ դեպքում ինչո՞ւ հիմնական լարվածություն ստեղծողը, անձնական վիրավորանքներ հասցնողը հենց Անդրանիկ Քոչարյանն էր: Վերոնշվածը ապացուցում է, որ Վահե Ստեփանյանի՝ խմբից դուրս գալու որոշումն արդարացված էր: Սակայն Պաշտպանը չի հրաժարվում նոր թեկնածու առաջադրելուց, միայն թե այս դեպքում նա լինելու է ոչ թե փորձագետ, այլ՝ խմբում ձեւավորված մթնոլորտին ավելի համապատասխանող անձ: Մի հոգին չի կարող շախմատ խաղալ, եթե մյուս չորսը հրահանգված են ռեգբի խաղալ: Խմբում փորձագիտական մթնոլորտի բացակայության պատճառը ոչ թե ՄԻՊ-ի ներկայացուցիչն է, այլ’ քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- նշված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: